
«Պետության բախտը չի որոշվում այս ընտրություններով. Ոչ մի ռադիկալ բան չի լինելու». Վիգեն Խաչատրյան

ԱԺ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Դեբատ» բանավեճի ակումբը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցեցին «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից վարկանշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարիաննա Ֆրունջյանը, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը:
«Պատգամավորի դերակատարումը պետք է մի կողմ դրվի, եթե մի կողմ դնենք սա ու պետականամետ տեսակետից մոտենանք այս հարցին, կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն ճիշտ մարդիկ կկարողանան ճիշտ տեղում լինել: Հիմա պայքարը բավականին զարգացում է ապրում, ես տեսնում եմ` կան նաև քաշքշոցներ, խնդիրներ ռեյտինգայինների միջև, բայց պետք է չթողնել` սա զարգանա: Յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա համախմբել թեկնածուների հույզերը, որ ճիշտ լինի այս գործընթացը: Պետք է ճիշտ ռազմավարություն իրականացնել: Պառլամենտում պետք է ձևավորվի քաղաքակիրթ էլիտա, և բոլորս մեր գործունեությամբ պետք է նպաստենք, որ համախմբումը լինի պրոֆեսիոնալ»,- ասաց Մարիաննա Ֆրունջյանը:
Թե ինչպե՞ս է նա պատրաստվում 5000 ձայն հավաքել՝ Մարիաննա Ֆրունջյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ 5000 ձայն հավաքելը բավականին հեշտ գործընթաց է, բայց պետք է բարձրացնել հասարակության ինքնագիտակցականը: Պետք է սա անել քննարկումների, զրույցների միջոցով: Պետք է հասկանան` ի՞նչ են անում և ինչի՞ համար են անում: Կարծում եմ` այսպես կկարողանանք ապահովել ձայների քանակը»:
Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացրեց իր թիմի ծրագիրը` բաղկացած 13 բաժնից, 130 կետից, որոնք, Ստեփան Սաֆարյանի խոսքով, վերաբերում են հասարակության անվտանգության զարգացմանը, առաջընթացին, օրինականությանը, երկրում աղքատության և արտագաղթի վերացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հրատապ խնդիրների:
«Նախընտրական ծրագրում երկու հարց ուղղակիորեն կապված է ապրիլյան պատերազմի հետ. Մեկը՝ արտաքին ուղղվածության, մյուսը` ներքին. «Առաջինը՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերում տեղի ունեցած չարաշահումների, յուրացումների, բացթողումների խնդիրները պետք է բացահայտել և դրանց կապակցությամբ արդար, թափանցիկ, անաչառ հետաքննություն անցկացնել: Իսկ երկրորդը՝ ապրիլյան պատերազմի հետ կապված՝ պետք է միջազգային հետաքննություն անցկացնել, մի բան, որի հանդեպ մեր կառավարությունն անհետևողական գտնվեց»,- նշեց նա:
Ստեփան Սաֆարյանը թիվ մեկ ընտրատարածքում արդեն երրորդ անգամ է առաջադրվում որպես պատգամավորության թեկնածու: Իսկ թե ի՞նչն է ստիպել նրան նորից վերաառաջադրվել, նա պատասխանեց.
«Նախ` տվյալ ընտրատարածքում ինձ հավատացող, իմ աշխատանքը գնահատող հազարավոր մարդիկ կան: Եվ երկրորդ` հիշելով անցած ընտրարշավը` իմ մոտ կա նոր հնարավորություն՝ տեսնելու հիմքեր»:
Ստեփան Սաֆարյանն իր հիմնական մրցակից համարում է Հանրապետական կուսակցության առանցքային թեկնածուներին.
«Անցած ընտրություններից բան չի փոխվել ընտրապայքարի մեթոդների և մնացած առումներով, որովհետև կրկին սուր, անհավասար պայքար է իշխանության թեկնածուների միջև, որոնց թույլատրված է անել ամեն ինչ: Խոսքը մի կողմից՝ ՀՀԿ-ի մասին է, մյուս կողմից էլ՝ ոչ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերի թեկնածուների»:
Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «Մեր պետության կայացման ընթացքն ունի խոր կայացման արատներ, որոնք այս ընտրարշավի ընթացքում անտեսված են մասնակիցների կողմից. պետությունը մի խումբ մարդկանց կողմից բռնազավթված է: Մենք ունենք գործ մի պետության հետ, որը չի ծառայում հասարակությանը, այլ սպասարկում է ինչ-որ մի խմբի շահերի: Մեր նորանկախ ՀՀ-ն մերը չի, ժողովուրդը պետք է ազատագրի Հայաստանը բռնազավթված վիճակից, որ պետությունն էլ ծառայի իրեն: Դե յուրե այս պետությունը մերն է, դե ֆակտո` ուրիշինը: Պետությունը պետություն կդառնա, եթե բիզնեսը և իշխանությունը տարանջատվեն»:
«Ակնհայտ է, որ 9 ուժերից 3-4-ը չեն մտնելու խորհրդարան: Ամեն ինչ պետք է անել, որ քարոզչությունը լավ անցնի, որ ամենավերջին հիասթափված մարդն էլ գնա ընտրության, ամենամեծ սխալը չգնալն է: Սա նշանակում է՝ ասել, որ ինչ որ զավթել եք, ձերն է, ես դրա հետ գործ չունեմ, տիրոջ զգացումը չպետք է մահանա ժողովրդի մոտ, այս պետությունը ժողովրդինն է, դրանցը չի, պետության բախտը չի որոշվում այս ընտրություններով: Ոչ մի ռադիկալ բան չի լինելու: Բոլոր նրանք, որ հավակնում են ռադիկալ բաների, խորքում տեսնում ես, որ պատրաստ չեն»,- հավելեց քաղաքագետը:
Անի Թորոսյան