«Ե՛վ ԶԼՄ ներկայացուցիչը, և՛ դիտորդը, և՛ վստահված անձը տեղամասից դուրս հանվելու ենթակա սուբյեկտներ են»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ այս ընտրություններին հանրային վերահսկողությունը բավականին սահմանափակվել է.

«Ի հավելումն նրա, որ ԸՕ-ն բավականին բարդ մեխանիզմներ է պարունակում ընտրողի համար, այն նաև բավականին սահմանափակել է հանրային վերահսկողությունն ընտրությունների նկատմամբ: Մասնավորապես, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվեցին այնպիսի սահմանափակումներ, որ մինչ այդ մեր ընտրական օրենսդրությունը երբևէ չի ունեցել:

Սկսենք նրանից, որ ընտրությունները լուսաբանելու համար նախ՝ լրատվամիջոցը պետք է հավատարմագրվի: Հավատարմագրման ինստիտուտ միշտ գործել է դիտորդների համար, բայց ոչ երբեք՝ ԶԼՄ ներկայացուցիչների: Սահմանափակվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների թվաքանակը. մեկ լրատվամիջոցից ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչ կարող է հավատարմագրվել, և այն էլ՝ այն դեպքում, եթե այդ լրատվամիջոցն ընտրությունների հայտարարումից մեկ տարի առաջ արդեն իսկ սկսել է գործունեություն իրականացնել»:

Նրա խոսքով՝ եթե անգամ լրատվամիջոցը հավատարմագրվի, կարող է խնդիր առաջանալ՝ տեղամասում արդյունավետ և անարգել դիտարկում իրականացնելու.

«Նույնը՝ դիտորդների մասով: Ե՛վ ԶԼՄ ներկայացուցիչը, և՛ դիտորդը, և՛ վստահված անձը տեղամասից դուրս հանվելու ենթակա սուբյեկտներ են: Այսինքն՝ եթե հանձնաժողովը գտնի, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը թույլ է տալիս ԸՕ-ի այնպիսի խախտում, որը խոչընդոտում է ընտրական հանձնաժողովի աշխատանքը, կամ էական խախտում է որակում, կարող է ԶԼՄ ներկայացուցչին, հանձնաժողովի ներկա անդամների 2/3-ով, տեղամասից դուրս հանել: Նույնը սպառնում է նաև վստահված անձին, դիտորդին»:

Հ. Տիգրանյանն ընդգծեց. «Եթե հաշվի առնենք, թե ԸՕ-ն ինչքան է սահմանափակել, օրինակ՝ դիտորդի հնարավորությունները՝ անգամ հարցեր չտալ հանձնաժողովի ներկայացուցչին, պահանջներ չներկայացնել, և, եթե անգամ դիտորդը կամ ԶԼՄ ներկայացուցիչը տեսնեն կատարվող խախտումն ու փորձեն հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել այդ խախտման վրա, միայն ուշադրություն հրավիրելու փաստը կարող է որակվել՝ որպես միջամտություն հանձնաժողովի աշխատանքին, ուղղորդում կամ ցուցում տալ, և հանձնաժողովը կասի՝ դու իրավունք չունես ինձ ցուցում տալու, ու աչք կփակի նաև ընտրախախտման վրա:

Բայց այս դեպքում ուղղակի թիրախավորվում է տվյալ ԶԼՄ ներկայացուցիչը կամ դիտորդը, որովհետև որևէ սահմանաչափ չկա, թե ինչ է նշանակում՝ միջամտություն հանձնաժողովի  աշխատանքին»:

Նա նաև հավելեց, որ նույնիսկ հավատարմագրվելու դեպքում, եթե տեղամասում ընտրողների ու ԶԼՄ-ների թիվն այնքան է, որ բնականոն աշխատանքը խաթարվում է, ապա ԸՕ-ն հնարավորություն է տալիս հանձնաժողովի նախագահին՝ սահմանափակել ԶԼՄ-ների մուտքը տեղամաս, այդ թվում նաև՝ դիտորդների մուտքը տեղամաս՝ նվազագույն թիվը թողնելով 15.

«Այդ դրույթը չի տարածվում վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների վրա, ինչը նշանակում է, որ խտրական մոտեցում է. կայքի լրագրողը կարող է դուրս հրավիրվել, կամ ներս չմտնել, որովհետև ներսում տեղ չկա, իսկ տեղամասերը կարող են առավոտից լցվել վերգետնյա լրատվամիջոցների ներկայացուցիչներով: Ընդ որում՝ թույլատրվում է՝ մեկ լրագրող և մեկ լուսանկարահանող կամ տեսանկարահանող օպերատոր, և այդպիսով կարող են տեղամասերն առավոտից լցվել՝ մյուս լրատվամիջոցների կամ դիտորդների մուտքը սահմանափակելով: Սրանք այս Օրենսգրքի ռիսկերն են, որոնցով հանրային վերահսկողությունը պակասում է, և ընտրություններն անցկացվում են հսկող, դիտող աչքից մի փոքր հեռու»:

Նա նկատեց, որ կարող են ասել, թե տեղամասերից 1500-ում կան տեսանկարահանող սարքեր, բայց դրանց անխափան աշխատանքն այն կազմակերպության պարտականությունն է, որը շահել է կառավարության սահմանած մրցույթում. «Այսինքն՝ պետությունը չունի ստանձնած պարտավորություն, որ մենք էլ փաստենք պարտավորության խախտումը, եթե սարքերի հետ ինչ-որ բան այն չլինի»:

Տեսանյութեր

Լրահոս