Բաժիններ՝

«Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնալ և ներգրավել համաշխարհային բազմաթիվ ձեռնարկություններ». ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Լոնդոնում մարտի 9-10-ը տեղի կունենա British-Armenian B2B Networking Event-ը, որի շրջանակներում հայկական ՏՏ ոլորտը ներկայացնող 17 ընկերություններ կներկայացնեն իրենց մշակումներն ու լուծումները, ծառայություններն ու արտադրանքը: Միջոցառումը նպատակ ունի հիմնել երկարաժամկետ համագործակցություն բրիտանական և հայկական ՏՏ ընկերությունների միջև։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ ընտրված բոլոր ընկերություններն ունեն հաջող փորձառություն և՛ տեղական և՛ միջազգային շուկաներում և կարող են առաջարկել բարձրորակ ՏՏ ծառայություններ ու լուծումներ բրիտանական շուկայի համար:

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը նշում է, որ հայկական ընկերությունները կարող են բարձրորակ ծառայություններ ներկայացնել բրիտանական շուկայի համար: Սամվել Գևորգյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցելու ցանկություն է հայտնել 70 ընկերություն:

«Հայկական ՏՏ ընկերությունների առաջարկած ծառայությունները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ վիրտուալ իրականություն, եռաչափ անիմացիա ու կրթությունից աութսորսինգ, պատրաստի համակարգչային բիզնես ծրագրեր, ինչպես նաև՝ բջջային հավելվածներ»,- նշում է Սամվել Գևորգյանը:

Միջոցառման իրականացմանն աջակցում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշում է, որ միջոցառումը նպատակ ունի տնտեսական համագարծակցություն սկսել հայկական և բրիտանական ընկերությունների միջև: Դեսպանը նշում է, որ բրիտանական դեսպանատունը միշտ առանձնացրել է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ սա շատ խոստումնալից ոլորտ է և կարող է շատ մեծ հաջողություններ գրանցել:

Ըստ դեսպանի՝ Հայաստանն ունի գիտահետազոտական ոլորտի այնպիսի ավանդույթներ, որոնք չեն զիջում աշխարհի լավագույն ցուցանիշներին:

«Հայկական ընկերություններն ունեն հմուտ և տաղանդավոր աշխատուժ և կառավարության կողմից լուրջ աջակցություն: Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնալ և ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում՝ Հայաստանը դառնում է համապատասխան գործընկեր Միացյալ Թագավորության համար»,- նշեց Ջուդիթ Ֆարնուորթը:

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը նշում է, որ միջոցառումը ստացավ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությունը որոշակի ռիսկեր հաղթահարելուց հետո: Սամվել Գևորգյանի խոսքով՝ հիմնական ռիսկերը կապված էին բիզնես վարելու գործընթացներին, քանի որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն տարբեր բիզնես միջավայրեր, լեզվական տարբերություններ:

Արտաշես Դավթյանը, ով բրիտանական դեսպանատան առևտրի և զարգացման հարցերի պատասխանատուն է, նշում է, որ ռիսկային է նաև այն, որ Հայաստանում շատ քիչ են տեղեկացված բրիտանական շուկայի մասին:

«Մենք ակնկալում էինք ավելի քիչ ընկերություններ, ովքեր հետաքրքրված կլինեն բրիտանական շուկայով: Պատմականորեն այնպես է, որ Հայաստանի շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի ամերիկյան շուկա: Սա հիմնական ռիսկերից մեկն էր: Կար վստահության պակաս, թե որքանո՞վ հայկական ընկերություններին կհետաքրքրի բրիտանական շուկան»,- նշեց Արտաշես Դավթյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով ՝պետք է համոզված լինել, որ հայկական ընկերությունները լավագույնս կդրսևորեն իրենց Լոնդոնում: Բ. Դեմիրխանյանը հույս հայտնեց, որ միջոցառման արդյունքում կծնվեն համատեղ ծրագրեր ոչ միայն՝ բիզնեսի զարգացման, այլև՝ երկու երկրների մշակութային փոխանակումների տեսանկյունից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշում է, որ Եվրոպայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության տոկոսը շատ ցածր է՝ մոտ 25%, այնպես որ, բրիտանական շուկայում Հայաստանն ունի առաջխաղացման լուրջ հնարավորություն:

Նշենք նաև, որ միջոցառման իրականացմանն աջակցել է ոչ միայն Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, այլև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, Հայ-Բրիտանական բիզնես պալատը, բրիտանական Newable ընկերությունը, Enterprise Europe ցանցը, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, GMobile Ltd ընկերությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս