Բաժիններ՝

Առևտրի շրջանառությունն ավելացել է 9,4 տոկոսով

Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 117 մլրդ 958,4 մլն դրամ: Այն 9,4 տոկոսով պակաս է այս տարվա շրջանառության ծավալից:

2017 թվականի հունվարին 3,6 տոկոսով ավելացել է մանրածախ առևտրի ծավալը, որը կազմել է 74 մլրդ 201,5 մլն դրամ: 2016 թվականի հունվարին այն կազմում էր 72 մլրդ 132,9 մլն դրամ:

Ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների` մանրածախ առևտրի շրջանառությունը 10,2 տոկոսով աճել է սպառողական ապրանքների շուկաներում, 3,6 տոկոսով` խանութներում, 30,4 տոկոսով` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, իսկ կրպակներում` 6,2 տոկոսով:  Առևտրի այլ օբյեկտներում մանրածախ առևտրի ծավալը նվազել է 1,9 տոկոսով: Ամենից շատ մանրածախ առևտուրն ավելացել է խանութներում` կազմելով 54 մլրդ 370,5 մլն դրամ:

Մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա հունվարին կազմել է 48 մլրդ 936,9 մլն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,8 տոկոսով: Նախորդ տարի այն կազմել էր 42 մլրդ 412.1 մլն դրամ:

Զգալի աճ է գրանցել նաև ավտոմեքենաների առևտրի ծավալը: 2016 թվականի հունվարին այն կազմում էր 3 մլրդ 413.4 մլն դրամ, իսկ 2017 թվականի հունվարին` 5 մլրդ 620.9 մլն: 2016 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ այս տարվա աճը կազմել է 64 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս