«Մոսկվան ՀՀ ռազմական անվտանգության գլխավոր հովանավորն է, տարօրինակ կլինի, եթե այս ոլորտը վերահսկվի Բրյուսելից»
Այս ամիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օտարերկրյա այցերի բավականին հարուստ օրակարգ ունի։ Փետրվարի 26-28-ը տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Բրյուսել, որտեղ կողմերը հայտարարեցին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին։ Օրեր անց՝ մարտի 8-9-ը, նախատեսվում է ՀՀ նախագահի երկօրյա այցը Ֆրանսիա, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների՝ իր պաշտոնը լքող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կփորձի իրականացնել իր վերջին ժեստը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Իսկ դրանից օրեր անց՝ մարտի 14-ին, կկայանա Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա, որի օրակարգը հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ 168.am-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի օրակարգի մասին զրուցեց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ։
– Պարոն Կոլերով, ինչպես վերջերս Մոսկվայում տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իրենց բանակցությունների արդյունքներով, պատրաստվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան, որի ընթացքում, ըստ ռուսական «Իզվեստիա» պարբերականի, քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող ակտուալ հարցեր, ինչպեսև ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ներկայումս որո՞նք են այդ ակտուալ հարցերը։
– Առաջին հերթին՝ ակնհայտ է, որ այս այցը հանդիսանում է Սերժ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ բարձրաստիճան շփումների սիմետրիկ պատասխանը։ Սա հարաբերությունների հավասարակշռության պահպանմանն ուղղված ակտ է։ Երկրորդ՝ ակնհայտ է նաև, որ քննարկումների առարկա է դառնալու Եվրասիական ինտեգրացիան, հատկապես այն դժվարությունները, բարդությունները, որոնց բախվում է Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը, անդամ երկրները. Բարդություններ, որոնք Բելառուսի գործողություններով են պայմանավորված։ Այսինքն՝ քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի ամրապնդման, այս ինտեգրացիաների խորացման հեռանկարների հարցը։
Կարծում եմ, որ Եվրասիական ինտեգրացիայի ճգնաժամի պայմաններում (ի դեպ, այդ ճգնաժամն ահագնանում է Բելառուսի մեղքով) Հայաստանը ներկայումս գտնվում է չափազանց լավ բանակցային դիրքում այն պարզ պատճառով, որ իրեն պետք չէ որևէ կերպ հատուկ կերպով հավասարակշռել սեփական հարաբերությունները Եվրոպական Միության հետ, չպետք է որևէ կերպ խոսել բազմավեկտոր քաղաքականության մասին:
Ավելին, ինքնին այն փաստը, որ Հայաստանը նվիրված կերպով ներկայություն է ապահովում Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի կազմում, արդեն դրական հանգամանք է, բայց մի իրավիճակում, երբ Բելառուսը քայքայում է այդ ձևաչափը, դրա չքայքայումը շահավետ է թվում։
– Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, գուցե նաև Ռուսաստանի նոր նախաձեռնությունների հարցը։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ակնհայտ է, որ երկկողմանի՝ Պուտին-Սարգսյան, ձևաչափում այդ հակամարտության կարգավորման գործընթացը չի քննարկվում երբեք, Ռուսաստանը չի կարող ինքն իրենով փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։ Ամեն դեպքում այդ քննարկումները, որոշումները չեն կարող մեկընդմիշտ սկզբունքային բնույթ կրել։ Բայց նրանք կարող են միասնական դիրքորոշում հաստատել, որը բազմաթիվ անգամներ անում են, որ կողմերը հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ուժի չկիրառում, և այլն, և այլն։ Սկզբունքորեն երկկողմանի ձևաչափը ոչ մի կերպ չի կարող օգտագործվել ի օգուտ կարգավորման գործընթացի։
– Խոսեցիք ԵՄ-ի հետ ՀՀ նախագահի բարձրաստիճան շփումների մասին։ Տեղին է հիշեցնել, որ մոսկովյան այցին նախորդեց Սարգսյանի այցը Բրյուսել, որի ընթացքում նա բավականին ներկայացուցչական հանդիպումներ ունեցավ ԵՄ ղեկավարության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այս այցի ընթացքում նաև հայտարարվեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտեցին բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որի ստորագրումը նախատեսվում է ՀՀ-ում կայանալիք ընտրություններից հետո, եթե խնդիրներ չառաջանան, ինչպես 2013թ.։ Սարգսյանի առաջիկա այցը կունենա՞ նշանակություն ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի համար։ Ինչպիսի՞ն է Մոսկվայի վերաբերմունքն այդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։
– Եթե Մոսկվան տեսնի այդ շրջանակային համաձայնագրի տեքստը, ապա կարծում եմ, որ Մոսկվայի վերաբերմունքը կախված է լինելու այդ համաձայնագրի տեքստից, և ոչ թե՝ Մոսկվայի դիրորոշումից։
– Այսինքն՝ ինչպիսի՞ն պետք է լինի այդ տեքստը։
– Հիշո՞ւմ եք, որ 2013թ. ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եզրափակիչ հատվածի ներածությունը բացարձակապես հերքում էր, մերժում ՀՀ անդամակցությունը Ռուսաստանի հետ ռազմական միությանը։ Եթե այդպիսի դրույթներ, մերժումներ, հերքումներ շրջանակային համաձայնագրում չլինեն, ապա այդ համաձայնագիրը խնդիրներ չի հարուցի, քանի որ Մոսկվան հանդիսանում է ՀՀ ռազմական անվտանգության գլխավոր հովանավորը, ուստի տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ռազմական անվտանգությունը վերահսկեին Բրյուսելից։ Այսինքն՝ պետք է տեսնել համաձայնագրի տեքստը։
– Առաջիկա այցի ընթացքում այս հարցը կքննարկվի՞, ըստ Ձեզ։
– Գալիք այցի ընթացքում Սերժ Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ կպատմի այդ շրջանակային համաձայնագրի, դրա սկզբունքների մասին։
– Այսինքն՝ չե՞ք բացառում նաև ֆորս–մաժոր, ինչպես 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից։
– Հայաստանը ճիշտ արեց՝ հրաժարվելով նախաստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնագրի տեքստով Հայաստանի ռազմական քաղաքականության վերահսկողությունն անցնում էր Եվրոպական Միությանը։ Նրանք, ովքեր կազմել էին այդ համաձայնագիրը, անուշադիր էին եղել, նրանք թույլ էին տվել կոպիտ սխալ՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ եզրափակիչ հատվածներում խոսվում էր հարևան երկրների տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Եվ ի՞նչ՝ Հայաստանը պատրաստվում էր ստորագրե՞լ դրա ներքո։
– Այնուամենայնիվ՝ այո, հանրությանը, ԶԼՄ-ներին այդ մանրամասները հայտնի չեն։
– Այնպես որ, էքսցեսը, հասկանալի է, ինչու տեղի ունեցավ։
– Առաջիկա այցը չի՞ դիտարկվի արդյոք՝ Մոսկվայի կողմից աջակցություն Սերժ Սարգսյանին գալիք ընտրություններում։
– Նախ՝ Սերժ Սարգսյանն այդ ընտրություններին չի մասնակցում։ Եթե նկատի ունեք աջակցություն նրա թիմին, ապա կարծում եմ՝ այս այցը որևէ կերպ չի օգնի նրա թիմին։ Իմ համոզմամբ՝ հայ ընտրողներն այդ գործոնին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, քանի որ հայ ընտրողները ելնում են այն հանգամանքից, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե կուսակցական բնույթ են կրում, այլ պետական։