«Վատ եմ զգում, երբ քաղաքական ուժերն այլ բան չունեն ասելու, քան ուղղակի դիմացինին վարկաբեկելը». Սարգիս Շահինյան
«Մեր կազմակերպությունը ցանկացավ երեք տարբեր ծրագրերով սատարել ժողովրդի և իշխանությունների միջև երկխոսությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԴԵՊՈՊ Կառավարման ինստիտուտի» հիմնադիր-տնօրեն Սարգիս Շահինյանը:
Ս. Շահինյանը ներկայացրեց այն 3 ծրագրերը, որոնք արվում են 2017 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում:
Առաջին նախագիծը կոչվում է «Ստատուս-քվո», որն իրականացվում է Հանրային ռադիոյի հետ համատեղ: Այն բաղկացած է ռադիոծրագրերից, որոնք հեռարձակվում են Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև՝ Սփյուռքի համայնքներում:
Նախագիծը նպատակ ունի պայքարելու ընտրակաշառքների և կոռուպցիայի դեմ: Ս. Շահինյանը նշեց, որ 9 ռադիոհաղորդում է նախատեսվում մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այդ ռադիոհաղորդաշարը կհյուրընկալի փորձագետների համապատասխան ոլորտներից՝ ըստ հաղորդման թեմայի, և կլինի ուղիղ հեռարձակում՝ հնարավորություն տալով ունկնդիրներին հարցեր ուղղելու հեռախոսազանգերով:
Երկրորդ նախագիծը «ԴԵՊՈՊ Կառավարման ինստիտուտն» իրականացնում է «168 Ժամ» թերթի խմբագրության հետ:
«Սա կստեղծի մեկ այլ հարթակ, որը սալոնային երկխոսության հնարավորություն է տալիս՝ խոսելու Հայաստանի կարևոր խնդիրների շուրջ: «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մասնակցում է՝ իբրև վարող, բայց ոչ միշտ, կան նաև այլ վարողներ՝ հայտնի քաղաքագետներ, հրապարակախոսներ: Հրավիրյալները որոշող անձնավորություններ են, նրանք մեր քաղաքական կյանքի կարևոր դեմքեր են»,- նշեց Ս. Շահինյանը: Նախագիծը կյանքի կոչվեց 2017 թվականի փետրվարի սկզբին, ունի 9 շաբաթվա տևողություն՝ ներառյալ՝ մեկ շաբաթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Երրորդ նախագիծը կոչվում է՝ «Ապրիլն իմ ապագան է»: Սա Հանրային ծանուցումների ծառայության (PSA’s) նախագիծ է՝ չորս տեսահոլովակներով: Ի թիվս այլ գործառույթների՝ նախագիծը ներկայացնելու են հանրությանը հայտնի հարգարժան մարդիկ, ովքեր ընտրությունների շրջանում խրախուսելու են ձեռնպահ մնալ բացասական սովորույթներից, ինչպիսիք են ընտրություններին չմասնակցելը կամ ընտրակաշառք վերցնելը: Այդ տեսահոլովակների ռեժիսորն է Անդրե Սիմոնյանը:
«Մենք չենք ուզում հրաշքներ գործել, բայց մենք ուզում ենք, որ հրաշքները տեղի ունենան: Այս հրաշքները պետք է անի ժողովուրդը՝ հասկանալով, զգալով: Մեր պատասխանատվությունն է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժին հաշվի կանչել, թե իրենք ինչի մասին են ուզում խոսել, որպեսզի երկիրը կարողանա բարելավվել: Վատ եմ զգում, երբ արդեն ստեղծված քաղաքական հարթակներում քաղաքական ուժերն այլ բան չունեն ասելու, քան ուղղակի դիմացինին վարկաբեկելը: Սա չէ ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքացիական մշակույթը»,- նշեց Ս. Շահինյանը:
168.am-ի հարցին, թե՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք ապրիլին կայանալիք ընտրություններից, ըստ Ձեզ՝ ի՞նչ տրամադրություններ կան, ինչքանո՞վ են մեր քաղաքացիները պատրաստակամ ընտրություններին մասնակցել, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց.
«Ինչ խոսք, երբ որոշեցինք այս ծրագրերն անել, պատճառն այն էր, որ հանրության մոտ այդ հիասթափությունը, անվստահությունը կա և շատ տարածված է, նույնիսկ իմ ամենամտերիմ հարազատների մեջ: Պետք է կարողանամ պատասխանել ձեր հարցին միայն ընտրության հաջորդ օրը: Մինչև այսօր համագումարներ են գումարում, մարդիկ նստում են, ուղղակի ուզում են իրենց դահլիճը լցնել գյուղերից բերված անձնավորություններով: Մարդիկ նստում են, ուղղակի խոսում են, ծափահարություններ են հավաքում, ու խնդիրը վերջանում է: Ժողովրդին հուզող հարցն անձամբ թեկնածուին տալու և նրանից պատասխան ստանալու հնարավորությունը դեռ չկա: Բոլոր համագումարներին, որ ես մասնակցել եմ, հարցրել եմ՝ արդյոք ուրիշ, ձեզ ընդդիմախոս մարդկանց հրավիրե՞լ եք, իրենց հնարավորություն տվե՞լ եք, որ ձեր ժողովրդի հետ նստեն և խոսեն, որ առանց հայհոյանքի՝ նստեն և բացատրեն, թե ինչն է իրենց տարբերությունը: Ոչ մեկը չի արել»:
Մեր ճշտող հարցին՝ քաղաքական ուժերի գործողությունները՝ հանրությանն այս պրոցեսին ներգրավելու և իրազեկելու, բավարար չե՞ք համարում, Ս. Շահինյանը պատասխանեց, որ բոլորովին բավարար չի համարում.
«Յուրաքանչյուր ուժ պետք է դա հասկանա: Որոշ չափով դա տեղի է ունենում զանազան հաղորդումների մեջ, բայց երբ մարդիկ հրավիրվում են, ուզում են միայն իրենք լինեն, որպեսզի իրենց ընտրարշավի գործունեությունը վարեն, ու այդ երկխոսության կարևորությունը չեն ըմբռնում, չեն հասկանում: Չեն ուզում շաղվել մարդկանց հետ: Սա է, որ տխրեցնում է ինձ ու ստորացնում է մեր քաղաքական կյանքը»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ ո՞րն է դրա պատճառը, արդյոք մեր քաղաքական ուժերը չունե՞ն գաղափարախոսություն, ասելիք, թե՞ չեն գիտակցում, որ այդպես է պետք: Ի պատասխան՝ Ս. Շահինյանն ասաց, որ չի կարող ասել պատճառը, քանի որ դա յուրաքանչյուր կուսակցության և ուժի գիտակցությունն է. «Դուք արդեն ձեր հարցի մեջ պատասխանը գուցե գտնեք»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ նկարահանված տեսահոլովակներից մեկի մասնակիցները 5 հազար դրամի մասին էին խոսում, բայց մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ 5 հազար դրամն այն գումարը չէ, որով գնում են քաղաքացու ձայնը: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք ուշացած չե՞ն այս տեսահոլովակները, որովհետև արդեն խոսվում է մեկ ձայնի համար որպես ընտրակաշառք խոստացվող 100 դոլար և ավելի գումարների մասին:
Ի պատասխան՝ Ս. Շահինյանն ասաց, որ իրենք սկզբում ցանկացել են դա ոչ թե 5 հազար դրամով, այլ ուղղակի մետաղադրամով անել.
«Հենց «Ազատություն» ռադիոկայանը մի քանի օր առաջ հրապարակեց մի հոլովակ, որը շրջաններում էր նկարվել, որտեղ հստակ հարց էր տրվել, թե՝ դուք ո՞ւմ եք ընտրելու: Չգիտեմ՝ արդյոք հենց նման մարդկա՞նց են փնտրել, թե՞ դա բացարձակ իրականությունն է, բայց արձագանքը, որ դուրս եկավ, շատ ստվերային էր և շատ հստակ էր: Մարդիկ ուղղակի ասում էին՝ ես տալիս եմ իմ ձայնը նրան, ով ինձ ավելի շատ դրամ կառաջարկի:
Կարո՞ղ ենք մենք այս տեսակ գաղափարախոսության առջև տարբերություն ստեղծել, կարո՞ղ ենք այդ մարդկանց հասկացնել, որ այդ իրենց ստանալիք դրամը 2, 3, 4 մեշոկ ալյուրի համար վերանալու է, բայց գաղափարախոսությունը քանդվել է մի վարկ ավել: Մենք սխալ ենք արել, որ մինչև այսօր հասել ենք, իհարկե, 26 տարի ուշացել ենք, բայց միայն մենք չենք ուշացել, ամբողջ հայությունն է ուշացել: 13 կառավարություններ են ուշացել, ժողովուրդն է, որ ուշացել է: Այո, իհարկե, կարծում եմ, որ ուշ է, բայց կարծում եմ նաև, որ սխալ չէ, կարծում եմ՝ այդ պատգամի բովանդակությունն այնքան հզոր է, որ նույնիսկ, եթե ծիծաղեցնել տա այդ նույն մարդկանց, որոնք ասացին, որ վաճառելու են ձայնը միայն ամենաբարձր տվողին, իրենք գոնե այդ երեկոյան մի քիչ պակաս կքնեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: