«ՀՀ Նախագահը տվեց այն պատկերը, ինչը կա». Կարեն Բեքարյան
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ այլոց հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հա րաբերություններին, ինչպես նաեւ արցախյան հիմնահարցին առնչվող հարցեր: Երկօրյա այցի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ:
– Պարոն Բեքարյա՛ն, ամփոփելով այցը՝ ինչ եք կարծում, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ է այն կրում:
-Բոլորս ականատես եղանք, որ այն բավականին հագեցած էր: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, մասամբ նաեւ եվրոատլանտյան (հաշվի առնելով այն հանգամանքը, որ այցի շրջանակում հանդիպում եղավ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ), վկայում է համագործակցության բլոկի շարունակականության և լայն սպեկտրի մասին: Իհարկե, այս այցի մեխը ես համարում եմ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունները, քանի որ թե՛ հանդիպումներից, թե՛ ձեռք բերված պայմանավորվածություններից եւ թե՛ արձանագրված փաստերից մենք տեսնում ենք , որ այս ուղղությանը բավականին մեծ թափ է հաղորդվում ստանձնած պարտավորությունների փոխադարձ կատարման եւ, ամենակարեւորը, երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ազդարարման առումով:
–Չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրումը կկայանա մայիսին՝ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեր կարծիքով՝ ինչ–որ բան հնարավո՞ր է խոչընդոտի դրան:
-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ բանակցությունները հաջողությամբ ավարտված են: Երկրորդը, փաստաթուղթը բանակցվել է՝ հաշվի առնելով կողմերի պարտավորությունների այդ ողջ էլեմենտը: Չեմ կարծում, որ այն որեւէ խնդիր կարող է բերել:
–Հստակ ի՞նչ առավելություններ կտա այս նոր համաձայնագիրը ԵՄ–Հայաստան համագործակցության խորացման համատեքստում:
-Այս նոր համաձայնագիրը նախ ամրագրում է հարաբերությունների առկա վիճակը, որը որեւէ կերպ չի կարող տեղավորվել հին համաձայնագրում նախատեսված դրույթների եւ գործիքակազմի ներքո, այսինքն՝ առկա վիճակը ավելի բարձր մակարդակի է, քան այն, որը նախորդով էր ամրագրված: Իսկ ամենակարեւորը, նոր համաձայնագիրը տալիս է զարգացման հեռանկար կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ տնտեսական, հետեւաբար, այն բավականին էական դեր է ունենալու թե՛ այսօրվա, թե՛ վաղվա հարաբերությունների համար:
–Կցանկանայի մի փոքր անդրադառնայինք ԵՄ–Հայաստան–ԵԱՏՄ հարաբերություններին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ ըստ Ձեզ՝ այն կարո՞ղ է երկու տարբեր ձեւաչափերում շահեկան դիրք ունենալ:
-Ուզում եմ, որ մեր տեղն ու դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մի փոքր հստակ պատկերացնենք, այսինքն՝ որեւէ կերպ ոչ պետք է գերարժեւորել, ոչ էլ թերարժեւորել: Իրականում, շատ ավելի կարեւոր խնդիր կա. այն, որ Հայաստանի համար երկու ուղղություններում էլ հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակն ու զարգացման տենդենցը կարեւոր են:
–Պրն Բեքարյա՛ն, այցի շրջանակում նաեւ անդրադարձ եղավ արցախյան հիմնահարցին: Ի՞նչ կասեք այս առումով՝ հատկապես հաշվի առնելով սահմանային վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ մշտական լարված իրավիճակը:
-Այցի շրջանակում ՀՀ Նախագահը տվեց այն պատկերը, ինչը կա, այսինքն՝ այն, որ Ադրբեջանի կողմից կա ապակառուցողական կեցվածք, սահմաններին անընդհատ սրացում, որը բերում է նաեւ զոհերի, այն ուղղակիորեն հումանիտար խնդիր է իրենից ներկայացնում:
Տվեց նաեւ պատկերը, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանավորվածությունների բնականոն իրականացումից. դա վերաբերում է թե՛ 1994-1995 թվականների եռակողմ համաձայնություններին, թե՛ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին:
Եվ շեշտադրումներ արվեցին այն մասով, որ արդեն իսկ շատ կարեւորվում է միջազգային հանրության ադեկվատ արձագանքը, քանի որ իրավիճակը բավականին նմանեցնում է անցած տարվա ապրիլին նախորդած իրավիճակին, երբ Ադրբեջանը տարաբնույթ ոտնձգություններից հետո չունենալով արժանի գնահատական, գնաց այդ ապրիլյան ավանտյուրային: Կարեւոր է այն, որ ամեն ինչը հստակ ներկայացվեց եվրոպացի գործընկերներին եւ եվրոպական հանրությանը: Ամենաէականը այդ կոչն է՝ արձագանքել՝ չսպասելով իրադարձությունների այնպիսի զարգացման, որից հետո արձագանքը ուշ է լինում եւ մարդկային կյանքեր է խլած լինում:
–Բայց այնուամենայնիվ, ելնելով արդեն իսկ ունեցած փորձից՝ կարելի է ասել, որ նմանատիպ հանդիպումները, կոչերն այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունենում խնդրի հանգուցալուծմանը: Ի՞նչ եք կարծում այս այցի շրջանակում կայացած հանդիպումների առնչությամբ, ի՞նչ ազդեցություն դրանք կունենան:
– Նման հանդիպումներ եղել են եւ լինելու են. սա մշտական գործընթաց է, եւ թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ:
Հիմնական ակնկալիքը հետեւյալն էր. օգտվելով առիթից՝ միջազգային հանրությանը, եվրոպական հանրությանը, գործընկերներին տարբեր դիվանագիտական խողովակներով տալ ողջ պատկերը, ներկայացնել բոլոր մտահոգությունները, որպեսզի նրանց համար դա լինի ընկալելի, այդ թվում՝ նաեւ հասկանալի լինեն մեր գործողությունները: Կարեւոր է հաշվի առնել, որ մենք գործ ունենք ենք այն դաշտի հետ, որն ունի նաեւ ինֆորմացիոն պատերազմի բոլոր տարրերը, եւ, հետեւաբար, հակառակորդը հնարավոր եղանակներով փորձում է հանրային կարծիքը հակել իրեն. այս պարագայում քո մոտեցումներն ընկալելի դարձնելն ինքնին խնդիր է:
Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի