Ո՞ւմ օրոք և ինչի՞ հաշվին են աճել հարկերը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս անդրադարձել էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպտիմալացմանը և հարկային ցուցանիշներին։
«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։
Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:
2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և, համապատասխանաբար՝ 2,5%-ով»,- գրել էր Կարեն Կարապետյանը։
ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրոք գրանցվել է բյուջե մուտքագրվող հարկերի աճ։ Մենք առանձնացրել ենք 2016 թվականի հարկային ցուցանիշները՝ ըստ ամիսների, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե որ ամիսներին՝ ինչ հարկերի ինչ դինամիկա ենք ունեցել։ Գծապատկեր 1-ում բաց գույնի սյունակը ցույց է տալիս՝ 2016 թվականի, իսկ մուգ սյունակը՝ 2015 թվականի նույն ամիսներին ՊԵԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի մեծությունը։
Անզեն աչքով էլ երևում է, որ 2016թ. նոյեմբերին և դեկտեմբերին մուտքերն ավելի շատ են եղել, քան 2015-ի նույն ամիսներին։ Այսպես, 2016 թվականի դեկտեմբերին ՊԵԿ-ը հավաքել է 103.9 մլրդ դրամի հարկ (7.8 մլրդ դրամով ավելի շատ, քան 2015-ի դեկտեմբերին)։ Իսկ 2016-ի նոյեմբերին հարկային մուտքերը 6.1 մլրդ դրամով են գերազանցել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Գծապատկեր 1. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները և պետական տուրքերը 2015-2016թթ., մլրդ դրամ
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ՊԵԿ-ը պետական բյուջե է մուտքագրել 200.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի համեմատ՝ հարկերն ավելացել են 13.8 մլրդ դրամով կամ 7.4%-ով (վարչապետն առանձին ներկայացրել էր հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը, սա ընդհանուր թիվն է)։
Ինչի՞ հաշվին են ավելացել հարկերը։ Ինչպես տեսնում եք, բացարձակ մեծությամբ ամենից շատ՝ 4.87 մլրդ դրամով, ավելացել են ԱԱՀ-ի գծով մուտքերը։ Ընդ որում, ԱԱՀ-ի մեջ 6.6 մլրդ դրամով ավելացել են ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար գանձվող գումարները, ինչը նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող ապրանքների գծով ունենք ԱԱՀ-ի նվազում։
Ակցիզային հարկի հավաքագրումը նոյեմբեր-դեկտեմբերին աճել է ավելի քան 3.5 մլրդ դրամով, որից 1.6-ը բաժին է ընկնում ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքներին։
Շահութահարկն աճել է շուրջ 2.9 մլրդ դրամով կամ 17.1%-ով, իսկ եկամտային հարկի գծով մուտքերն անփոփոխ են մնացել։ Տոկոսային առումով ամենից շատ աճել են այլ հարկային մուտքերը՝ ավելի քան 7 անգամ։
Ինչպես տեսնում եք, գրեթե բոլոր հարկատեսակների մուտքերի գծով 2016 թվականի հունվար-նոյեմբերին աճ է գրանցվել՝ բացառությամբ արտոնագրային վճարների և բնապահպանական ու բնօգտագործման վճարների։
Հիմա գանք ամենահետաքրքիր մասին։ Պատկերը բավականին հետաքրքիր է դառնում, երբ համադրում ենք հարկային ոլորտի ղեկավարի փոփոխությունները։
Հիշեցնենք, որ ՊԵԿ ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանն այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրանից առաջ՝ մարտի 3-ից մինչև հոկտեմբերի 8-ը, ՊԵԿ նախագահը Հովհաննես Հովսեփյանն էր։ Իսկ Հովսեփյանից առաջ ՊԵԿ-ը մտնում էր Ֆինանսների նախարարության կազմի մեջ՝ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այսինքն, 2016-ին մենք ունեցել ենք հարկային ոլորտի 3 ղեկավար։
Հիմա նայեք գծապատկեր 2-ը, որտեղ ներկայացված է 2016 թվականի յուրաքանչյուր ամսվա հարկային մուտքերի փոփոխությունը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
Տարվա առաջին երկու ամիսներին՝ Գագիկ Խաչատրյանի օրոք, ունեինք բացասական դինամիկա. հարկերը նվազում էին։ Մարտի 3-ին ՊԵԿ-ը գլխավորեց Հովհաննես Հովսեփյանը՝ տեղափոխվելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։
Հովսեփյանի պաշտոնավարման առաջին ամիսները խոստումնալից էին՝ հարկային մուտքերն աճում էին, ինչը ներկայացվում էր՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք։
2016 թվականի ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ, հարկային մուտքերն աճեցին 6 մլրդ դրամով և կազմեցին մոտ 97 մլրդ դրամ։ Ընթերցողները կհիշեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտեց ապրիլյան ցուցանիշը՝ նշելով, որ ապրիլին աննախադեպ ծավալով հարկեր են հավաքագրվել։
Սակայն ոգևորությունը երկար չտևեց։ Աճի տեմպը հաջորդ 2 ամիսներին թուլացավ, իսկ հուլիսից սկսած՝ հարկերը կրկին սկսեցին նվազել։ Օգոստոսին պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալը կազմեց 93.1 մլրդ դրամ, ինչը 7 մլրդ դրամով պակաս էր 2015-ի օգոստոսի ցուցանիշից։
Իհարկե, հարկային մուտքերի այս փոփոխությունը համահունչ է տնտեսական ակտիվության տեմպին. այն նույնպես տարվա սկզբի ամիսներին աճում էր, իսկ հուլիսից սկսեց նվազել։ Բայց, ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ Հովհաննես Հովսեփյանի օրոք բյուջեի կատարումը խնդիրների առաջ էր կանգնել, ինչը կարող է մասնակիորեն բացատրել նրա փոփոխությունը։
Վարդան Հարությունյանը, ինչպես նշեցինք, նշանակվեց հոկտեմբերի 8-ին, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվեց հոկտեմբերի 10-ին։ Գործնականում, ՊԵԿ նոր ղեկավարը գործին լծվեց ամսվա կեսից։ Հոկտեմբերը նույնպես ձախողվեց հարկերի հավաքագրման իմաստով՝ 2 մլրդ պակաս հավաքվեց, քան 2015-ի հոկտեմբերին։
Սակայն նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին հաջողվեց ապահովել հարկային մուտքերի տպավորիչ աճ։
Այս փոփոխությունների խորքային պատճառները տնտեսագետները դեռ ժամանակ կունենան վերլուծելու։ Իսկ մենք մեզ թույլ տալիս մի քանի սիրողական բնույթի կանխատեսումներ անել։
Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին հարկային մուտքերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել։ Դա պայմանավորված կլինի մի կողմից՝ 2016-ի նույն ամիսների ցածր ցուցանիշներով, մյուս կողմից՝ ցուրտ ձմռան հանգամանքով, որի արդյունքում ավելացել են գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, ու հետևաբար՝ դրանց համար վճարվող ԱԱՀ-ն։
Սակայն մարտին և հատկապես ապրիլ-մայիս ամիսներին ՊԵԿ-ի համար բավականին դժվար է լինելու նախորդ տարվանից ավելի շատ հարկեր հավաքել։ Նախ, ինչպես նշեցինք, այդ ամիսներին հարկային մուտքերի զգալի աճ էր գրանցվել։ Եվ, բացի այդ, ապրիլին և մայիսին ունենք ընտրություններ, որոնք բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության վրա։