«Վիտալին խոսքի վարպետ էր՝ հումորի էպիկական զգացումով». Սամանտա Փաուերը հոդված է գրել Չուրկինի մասին
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը The New York Times-ի համար գրված հոդվածում խոստովանել է, որ վշտացած է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ «եղել է, երևի թե, Չուրկինի ամենահայտնի հակառակորդը»:
«Նա հավատարմորեն պաշտպանում էր նախագահ Վլադիմիր Պուտինի սարսափելի գործողությունները Ուկրաինայում և Սիրիայում: Սակայն, միևնույն ժամանակ, Վիտալին խոսքի վարպետ էր՝ հումորի էպիկական զգացումով, լավ ընկեր և լավագույն հույսերից մեկը, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կաշխատեն միասին: Ես խորապես վշտացած եմ»,- գրել է Փաուերը:
Նա նաև պատմել է իր տպավորությունները, թե ինչպես է սկսել աշխատել ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուչի պաշտոնում:
«Երբ ես եկա Նյու Յորք, իմ նախորդը՝ Սյուզան Ռայսը, ասաց ինձ. «Նա կխելագարեցնի քեզ, սակայն դուք միմյանց անհրաժեշտ կլինեք»,- հիշում է Փաուերը Ռայսի խոսքերը:
Վիտալի Չուրկինը վախճանվել է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում էր 2006 թվականի ապրիլի 8-ից: