
ՀՀ ՊՆ-ն ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ըստ Լ.Այվազյանի՝ ստեղծված պայմաններում հայկական կողմը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաև, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունները զսպելու համար: