Օսկանյանի անճարակությունը. «Հիմա ո՞նց կարաս Ադրբեջանին կոնկրետ ասես՝ ինչ անի, ինչ չանի»
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանի և Ղարաբաղի՝ մի պետություն լինելու գաղափարը լրիվ իրականանալի է։ 168.am-ը Վ.Օսկանյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ իր պաշտոնավարման տարիներին այդ գաղափարը կյանքի չի կոչել։
«Քայլ առ քայլ։ Երբ ավտոնոմիայից էին խոսում, բերեցինք իրավունքի ամրագրման, հաջորդ էտապը պետք է լինի փաստի ամրագրումը։ Փաստն այն է, որ Հայաստան-Արցախ, ի վերջո, այս տարածաշրջանում մի պետություն կարող է լինել, ես կարծում եմ, դա մեր ժողովրդի ցանկությունն է, և պետք է հասնել դրան»,- պատասխանեց Օսկանյանը։
Թե դա ե՞րբ է հնարավոր, Օսկանյանը չհստակեցրեց։
«Ես հիմա պաշտոնում չեմ, երբ պաշտոնում կլինեմ, կխոսենք դրա մասին։ Բայց որ հնարավոր է դա անել` ես չեմ կասկածում»,- ասաց նա։
Նա կրկնեց ավելի վաղ արտահայտած իր մտքերից մեկը, որ Ադրբեջանն է մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից, քանի որ պայմաններ է դրել։
Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ այն ժամանակ հայկական կողմն էլ իր պայմանները չի դրել, որպեսզի թույլ չտար Ադրբեջանին սեփական ցանկություն իրականացնել, Օսկանյանը հակադարձեց, թե այդ մասին շատ է խոսվել. «Ես շատ հստակ նկարագրել եմ` ինչ է եղել։ Ադրբեջանը եկել է, պայման է դրել, Ղարաբաղյան բանակցողները դեմ են եղել»։
Մեր հարցապնդմանը, թե հայկական կողմն ինչո՞ւ ի՛ր պայմանները չի դրել, Օսկանյանը վրդովված պատասխանեց.
«Որովհետև Լիսաբոնում հայտարարություն է եղել։ Հիմա ո՞նց կարաս Ադրբեջանին կոնկրետ ասես՝ ինչ անի, ինչ չանի։ Իր դրած պայմանը չի ընդունվել, իրենք դուրս են եկել, Մինսկի գործընթացը կանգնել է։ Սա 97 թ.-ի խոսակցություն է»։
Հիշեցնենք, որ Օսկանյանն այն ժամանակ փոխարտգործնախարար էր, իսկ 1994-ից մինչև 2008 թվականի ապրիլը գլխավորել է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում։