Բաժիններ՝

Հավատը` միմյանց օգնելու և աջակցելու արվեստ

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի հետ:

-Դուք և Ձեր ամուսինը ստեղծել եք երիտասարդական կազմակերպություն, որն արդեն երկարամյա պատմություն ունի: Ինչպե՞ս ծագեց գաղափարն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Այնպես է ստացվել, որ հասարակական գործունեության առումով ակտիվ երկու մարդիկ գտել են միմյանց, և երեխաների ծնվելուց հետո մեր ընտանիքը դարձել է գերակտիվ: Տարիներ առաջ ամուսնուս նախաձեռնությամբ ստեղծվեց Երիտասարդական ակումբների դաշնությունը, որն այսօր Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկն է: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր երիտասարդներ մասնակցում են տեղական և միջազգային բազմաթիվ ուսուցողական և փոխանակման ծրագրերի: 1999 թվականից մինչ օրս կազմակերպությունն ակտիվորեն գործում է և ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքները: Իսկ ես այդ կազմակերպության ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկն եմ և առաջին օրից մասնակցում եմ տեղի ունեցող յուրաքանչյուր նախաձեռնության կամ ծրագրի մշակմանը: Հիմնական գաղափարախոսն ու շարժիչ ուժն, իհարկե, Ատոմն է, իսկ իրագործման գործընթացում ես աջակցում եմ, ինչպես նաև մտածում եմ, թե ինչպես հրապարակայնացնել կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում:

-Կազմակերպվող տոնակատարությունների շարքում կան նաև եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ՝ Ս. Սարգսի, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի առիթով: Ինչո՞ւ եկեղեցական տոներն էլ ընդգրկեցիք Ձեր ցուցակում:

-Մի քանի տարի առաջ կազմակերպության նախագահության և քարտուղարության ժողովներից մեկի ժամանակ քննարկում էինք, թե ինչպես երիտասարդներին հեռու պահել աղանդավորական խմբերից: Փորձեցինք փոքրիկ հարցումներ անցկացնել՝ հասկանալու իրավիճակը, և պարզվեց, որ երիտասարդության որոշ հատված անտարբեր է քրիստոնեական դաստիարակության նկատմամբ, իսկ եկեղեցի գնում է, որովհետև ծնողներից սովորել է, որ մոմ վառելու, ապաշխարհելու համար պետք է գնալ եկեղեցի: Հնչեցին նաև կարծիքներ, որ աղանդավորները հասկանալի լեզվով են բացատրում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին գրաբարով է հնչեցնում աղոթքները, և դա է պատճառը, որ շատերը չեն հասկանում, և ուրեմն իրենց սրտում չեն կրում դրանք:

Եվ մեր վերլուծությունների արդյունքում որոշեցինք, որ քանի որ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, մեր առջև խնդիր պետք է դնենք նաև երիտասարդներին եկեղեցուն մոտեցնելը: Եվ դա էր պատճառը, որ սկսեցինք ուսումնասիրել եկեղեցական տոները, հետո տեսնել, թե հայ ժողովրդի մշակույթում ոչ-եկեղեցական, ազգային տոները որոնք են, ու սկսեցինք դրանց համատեղ պատկերը ստանալ: Առաջինը մտածեցինք «Վարդավառ» միջազգային փառատոնը, որտեղ ազգային և եկեղեցական բոլոր բաղադրիչները պահպանեցինք: Ըստ էության, հիմա պետք է գաղտնիք բացահայտեմ. ծրագիրը որպես այդպիսին Ատոմի գլխում էր ծնվել և իմ ծննդյան օրվա նվեր մատուցվեց, որովհետև Վարդավառի հիմնական կերպարն Աստղիկ դիցուհին է:

Միջոցառումը կազմակերպում ենք Գառնիում և Գեղարդում, համապատասխանաբար՝ Գառնիում ազգային տոնակատարության վրա է շեշտադրում կատարվում, իսկ Գեղարդավանքում տեղի է ունենում երիտասարդների օրհնության կարգ, օրվա խորհուրդն է ներկայացվում, մատաղի արարողություն է կատարվում: Հենց սկզբից այս ծրագիրը հաջողվեց և երբ ամփոփում էինք արդյունքները, հասկացանք, որ երիտասարդները մեծ սիրով էին ընդգրկվել կազմակերպչական խմբում, մասնակիցները ոգևորված էին, շատերը չգիտեին, որ Հայաստանում Պայծառակերպության տոն կա: Այսպիսով, նման նախաձեռնությունները դարձան վարակիչ: Մյուս միջոցառումը, որն էլի ավանդական է դարձել, Ս. Սարգսի տոնն է, որտեղ էլի օրվա խորհուրդն է ներկայացվում երիտասարդներին, մշակութային միջոցառումների շարքում նաև հատուկ արարողակարգ ունենք, որի ընթացքում երիտասարդներն իրենց ձեռքով պատրաստում են աղի բլիթ, որն էլի ժողովրդական մշակույթի հատված է, և այն բաժանվում է երիտասարդներին:

-Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին քրիստոնեական ոգով: Դրա համար գոյություն ունի՞ մեթոդիկա:

-Քրիստոնեական դաստիարակությունը կարելի է սկսել մանկապարտեզից՝ մանկական Աստվածաշնչի փոքրիկ պատմությունները ներկայացնելով:

-Ձեր երեխաները մասնակցո՞ւմ են Ս. Պատարագի, Ս. Հաղորդություն ստանո՞ւմ են:

-Իմ երեխաները մկրտվել են Կեչառիս վանքում: Հաճախ են մասնակցում Պատարագի, հատկապես աղջիկս՝ Արինեն, ամեն կիրակի անպայման եկեղեցի է այցելում:

-Ինչի՞ց է սկսվում հավատքը:

-Եթե հավատում ենք Աստծուն, ապա ընդունում ենք Տիրոջ շնորհն ու օրհնությունը: Հավատը վստահություն է, հանդուրժողականություն, ներդաշնակություն, հավատը միմյանց օգնելու և աջակցելու արվեստ է:

-Ե՞րբ պետք է երեխային առաջին անգամ տանել եկեղեցի:

-Կարծում եմ, որ սահմանափակում պետք չէ դնել, ծնողը պետք է որոշում կայացնի: Ես երկու ամսականից երեխաներիս տարել եմ եկեղեցի: Դեռ փոքրուց երեխան պետք է մասնակից դառնա եկեղեցական արարողակարգին:

-Լինելով բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ՝ երբևէ անդրադարձել ե՞ք հոգևոր թեմային:

-Քանի որ իմ ատենախոսության թեման «Հեռուստածրագրերի տիպաբանությունը» (հեռուստատեսությունը հասարակական նոր հարաբերությունների ձևավորման պայմաններում) թեման էր, ուսումնասիրության առանցքում տիպերի էի բաժանում հեռուստածրագրերն ու հաղորդումներն՝ ըստ թեմատիկ ուղղվածության, անդրադարձ եմ կատարել նաև հոգևոր և կրոնական հաղորդումներին, որոնք հիմնականում հեռարձակվում են «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում: Այսօր իմ ուսանողները, ովքեր թեզ կամ ավարտական աշխատանք են գրում, հատկապես մագիստրատուրայում, որտեղ հանրային կապեր են ուսումնասիրում, անդրադարձ են կատարում եկեղեցու, հոգևորականի իմիջի ձևավորման առանձնահատկություններին և հանրային ընկալմանը:

-Ի՞նչ միջոցառումեր կառաջարկեք անցկացնել, որն ըստ Ձեզ, երեխաներին հոգևոր սնունդ կտա:

-Քրիստոնեական դաստիարակության համար կարևոր է, որ կարողանանք յուրաքանչյուր տարիքային խմբի ուսուցանել մատչելի կերպով ՝ համապատասխան իր լեզվամտածողության: Այստեղ կարևոր չէ, թե ինչպիսի միջոցառում կարելի է կազմակերպել, կարևորն ինչ-որ բան անելն է՝ լինի մշակութային, ուսուցողական բնույթի, ֆլեշմոբ կամ այլ բան, կարևոր է հետաքրքիր, ուսանելի, հիշարժան և առանձնահատուկ միջոցառում կազմակերպել:

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս