Ապրիլյան նոր պատերազմի վտանգ. Ի՞նչ արդարացումներ է փնտրում Ադրբեջանը
ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված բանակցային փակուղին չի հաջողվում ճեղքել ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբին, և ո՛չ էլ միջնորդական ջանքերով ավանդաբար աչքի ընկնող պետություններին։
Ավելին, առավել սթափեցնող է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են իրենց հայտարարությունում խոսում պատերազմի մասին։ «Հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ»,- օրերս տարածած հաղորդագրությունում նշել էին համանախագահները։ Այս հարցում առանձնակի հույսեր չի փափագում հայկական կողմը ևս. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր, որ բանակցային գործընթացը գոյություն ունի եռանախագահների առաքելություններից միայն մեկն իրականացնելու համատեքստում. դա այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը ևս կասկածի տակ է` հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները։
Ուշադրության և հավելյալ վերլուծության է արժանի հատկապես վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի սկսած տեղեկատվական նոր քարոզարշավը, որի էությունը կայանում է հայկական կողմին ինտենսիվորեն բախումներ հրահրելու հարցում մեղադրելու մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներում ակտիվորեն ռեպորտաժներ են նախապատրաստվում շփման գծից հայկական կողմի իբրև թե ռազմական միջոցառումների` հրետակոծությունների, գյուղերի դեմ բացած կրակի և այլնի մասին` այն դեպքում, երբ Ադրբեջանի պետական քարոզչությունն ավանդաբար հասարակությանը հեռու է պահում շփման գծից և իրավիճակի մանրամասն լուսաբանումից։
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերն արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ նման ապատեղեկատվություն տարածելով` ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը։ Սրան զուգահեռ` շարունակվում են Ադրբեջանի պաշտոնյաների` անընդհատ կոշտացող հռետորաբանությամբ ողողված հայտարարությունները։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել էր. «Բոլորը հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ մեկին չի բավարարում` բացի, թերևս, հայկական կողմից։ Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարվա ընթացքում օկուպացված տարածքները, ցավոք, ազատագրվում են միայն ռազմական ուժով»։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ասել էր, որ լարվածությունը շփման գծում Ադրբեջանի ներքին գործն է։
«168 Ժամի» հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանը մեկնաբանելով ադրբեջանական քարոզչության նոր նրբերանգները` ասաց, որ ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, ըստ նրա` պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է` ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։
«Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի հետ, բացառված չեն, հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը և՛ ներքին, և՛ արտաքին աուդիտորիայի համար իրեն արդարացնելու քայլեր է ձեռնարկում»,- ասաց Ս. Մինասյանը։
Փետրվարից 21-ից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերի համաձայն` պաշտոնական այցով Մոսկվայում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախօրեին հանդիպել է իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հերթական ճեպազրույցում մեկնաբանել էր` սպասե՞լ արդյոք առաջընթաց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ ղեկավարների բանակցություններից։ «Լավրովի ու Նալբանդյանի միջև բանակցություններին հետաքրքիր բան է նախատեսված»,- ասել էր Զախարովան։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում հանգստության և կայունության վերադարձի օգտին։
«Մենք այլընտրանք չենք տեսնում խաղաղ կարգավորմանը, ՄԽ մեր գործընկերների հետ համատեղ` մենք կշարունակենք ջանքեր գործադրել` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ»,- ասել էր նա։ Նալբանդյան-Լավրով մամլո ասուլիսի ընթացքում նախարարներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ բանակցային գործընթացում առաջընթաց տեղի կունենա։
Սերգեյ Լավրովն իր հերթին` ընդգծեց, որ, եթե մենք իսկապես հանձնառու ենք սկզբունքային պայմանավորվածությանը փոխընդունելի որոշում գտնել հակամարտության համար, այլընտրանք ներկայիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին գոյություն չունի։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մոսկվան մշտապես ակտիվ է բոլոր հնարավոր հարթակներում` փորձելով աջակցել բանակցությունների վերսկսմանը։ Սակայն այսօր, նրա գնահատմամբ, ստեղծվել է մի փակուղի, որից դուրս գալու ելք գտնելը չափազանց բարդ է` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի` զիջումների չգնալու տրամադրվածությունը և միջազգային իրավիճակի անկանխատեսելիությունը։ Նրա խոսքով` գուցե գործընթացում որոշակի առաջընթաց նկատվի, երբ հստակ դառնա Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում, և ավելի պարզ փուլ թևակոխի ուկրաինական հակամարտությունը, որտեղ սրվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները։
Առաջիկայում ակնկալվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան։ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն` այցի նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը։ Այս փորձերով, ըստ էության, Մոսկվան երկրորդ անգամ է ջանում մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, քանի որ նախորդ փորձը, որի մասին ակտիվորեն իր հարցազրույցներում խոսում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, տապալվեց, քանի որ չկայացավ Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպում։
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։ Սակայն, միևնույն ժամանակ, չի գտնում, որ հակամարտությունը կթևակոխի լայնածավալ բախումների փուլ, քանի որ Ադրբեջանը դա ներկայումս չի ցանկանում, ինչը երևում է Ադրբեջան-ԵՄ «սիրախաղից», որի դեպքում Ադրբեջանը նոր բախումների չի փորձի դիմել։
Հարցին, թե ի՞նչ պետք է ակնկալել ռուսական կողմի ջանքերից, որոնք այսօր ծավալվում են ԱԳ նախարարների դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ` այն, ինչ տեղի է ունենում ՌԴ ջանքերով, բայց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի լայն շրջանակներում, փորձ է` շփման գծում վստահության մեխանիզմներ ստեղծել։ Նա վստահեցնում է` խոսքը դեռ լուրջ բանակցային գործընթացի մասին չէ, որովհետև առանց այդ զրոյական կետի` հաջորդ փուլը` բանակցությունները, հնարավոր չեն։
«Բայց նաև գիտենք, որ ադրբեջանական կողմը մերժում է վստահության մեխանիզմների ներդրման առաջարկը` շատ լավ հասկանալով, որ այն բանակցային փաստաթղթերը` իր տարբեր ձևակերպումներով, լինի դա Կազանյան ռուսական տարբերակը, Մինսկի խմբի առաջարկած տարբերակները, իրենցում ներառում են «ԼՂ կարգավիճակի հստակեցումը հանրաքվեի միջոցով» դրույթը, որն Ադրբեջանի համար անընդունելի է։ Իրական բանակցություններ եղել են վերջին անգամ 2011թ. Կազանում, մինչ դա երևի թե միակ լուրջ փորձը, որը ևս ձախողվեց Ադրբեջանի պատճառով, 2001թ. Քի Վեսթի բանակցությունն էր դեռ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև»,- նկատեց Մինասյանը։ Վերջինս բանակցային փակուղուց դուրս գալու ելք չի տեսնում։
Նրա կարծիքով` լավագույն դեպքում, միջազգային հանրության ճնշման ներքո կարող ենք առաջխաղացում ձեռք բերել շփման գծում վստահության մեխանիզմների կիրառման հարցում։ «Բայց դա նույնպես ավելի քան փխրուն տարբերակ կլինի, առաջխաղացման ինչ-որ լուրջ հնարավորություններ իրական բանակցային գործընթացում մոտակա ժամանակահատվածում չեմ տեսնում»,- ասաց նա։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն ասել էր, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները եղել են ու կլինեն, ինչպես միշտ։ Սակայն ներկայումս, նրա խոսքով` այդ հանդիպումներն այլևս ոչինչ չեն որոշում։ «Մոսկվայի սցենարը մեկն է` թույլ չտալ հակամարտության ռազմական լարում, պատերազմ, քանի որ մեկը մյուսից ոչ հեռու երկու պատերազմ (Դոնբաս, Ղարաբաղ) հաղթահարելը քիչ հավանական է որևէ մասնակցի համար»,- ասել էր նա։