«ԼՂ հակամարտության նկատմամբ կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Իսրայելի հետ ռազմական համագործակցության ավելացմանը։
Գործակալության հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը պատասխանել այդ երկրների միջև ռազմաքաղաքական միությանը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է, թե «գործընկերների ընտրությունը յուրաքանչյուրի գործն է»։
«Մենք ինքներս մեր գործընկերներին ընտրում ենք՝ ելնելով արժեքային համակարգերից, մեր արտաքին քաղաքական դոկտրինից, ազգային անվտանգության ռազմավարությունից։
Շատ հեշտ է խախտել իրավիճակը՝ կնքելով մեկ-երկու արագ պայմանագիր կամ համաձայնագիր և չմտածելով այն մասին, թե ինչպես դա կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության ընդհանուր համակարգի վրա։
Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում՝ շարունակում է Հայաստանի բլոկադան, շարունակում է հերքել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, հետ է քաշվել Ցյուրիխում 2010թ. միջազգային մակարդակում ընդունված իր իսկ արձանագրային պարտավորություններից՝ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից, այսինքն՝ ունենալով հարաբերությունների շատ լուրջ համակարգ Վրաստանի հետ ու եղբայրական հարաբերություններ՝ Ադրբեջանի հետ, որոնք Թուրքիան և Ադրբեջանը որակում են որպես «մեկ ժողովուրդ՝ երկու երկիր», Թուրքիան իրականում շարունակում է մնալ տարածաշրջանային խաղից դուրս, քանի որ անհնար է լինել տարածաշրջանային խաղացող Հարավային Կովկասում՝ փակ սահմաններ և զրոյական հարաբերություններ ունենալով Հայաստանի հետ։
Կարծում եմ՝ այդ առումով Թուրքիան չափազանց անհեռատես քաղաքականություն է վարում այս բոլոր տարիների ընթացքում՝ ամրապնդելով բոլոր այն խաղացողներին տարածաշրջանում, որոնք ցանկանում են արդյունավետորեն ներգրավվել տարածաշրջանում։
Եվ Թուրքիայի ինքնամեկուսացման փաստը նրանց օգնում է ընդունել նման որոշումներ։ Այդ իսկ պատճառով այն, ինչ անում է Թուրքիան և այն, ինչ պլանավորում է Ադրբեջանը Թուրքիայի հետ, ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ։
Մեզ համար դա ակնհայտ է, ինչպես ակնհայտ է այն, որ Թուրքիայի շարունակական փորձերը՝ իրեն ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ գործընթացների կոոորդինատոր, բացի հեգնանքից, ոչինչ չեն կարող առաջացնել»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Իսրայելը լուծում է իր անվտանգության շատ լուրջ խնդիրները և «տարածաշրջանում ներգրավվելը, ամենայն հավանականությամբ, բխում է այդ երկրի շահերից»։
«Ես չեմ առաջնորդվում նրանով, որ մենք պետք է էմոցիոնալ եզրակացություններ անել, կարծում եմ՝ Իսրայելի շահերը շատ հասկանալի են։ Թե որքանով է այդ ամենը անհրաժեշտ Ադրբեջանին, ժամանակը ցույց կտա»,- ասել է նախարարը։