Բաժիններ՝

«Ժամը 2:30-ի սահմաններում գյուղն ու իրենց գումարտակը սկսել է ռմբակոծվել…»

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արման Լազգիյանի և նրա սխրանքի պատմությունը։

Արման Լազգիյանը ինքնուրույն, նպատակասլաց, աշխատասեր և հասուն մտածելակերպով 20-ամյա երիտասարդ է։ Նրան այդպիսին դեռ մանկուց են դաստիարակել իր ծնողները։ Ինչպես հենց հարցազրույցի սկզբից և ընթացքում հասկացա, նաև բարի սրտով:

«Շատ փոքր տարիքից հայրս էլ, մայրս էլ ինձ դաստիարակել են որպես ինքնուրույն մարդ։ Ես 12 տարեկանից աշխատել եմ ու իմ առօրյա ծախսերը հոգացել եմ կատարածս աշխատանքի շնորհիվ։ Ծնողներիս կողմից, իհարկե, շատ-շատ է եղել օգնություն, որն ինձ համար անգնահատելի է, բայց հիմնականում անգամ իմ ուսման վարձը իմ աշխատանքի շնորհիվ եմ տվել։ Աշխատել եմ հորս մոտ, նա իմ տնօրենն է եղել։ Սկզբում սկսել եմ ամենացածր աշխատանքից, ապա տարիներ անց՝ գործին հմտանալուց հետո, դարձել եմ ձկնաբույծ»,- նշում է Արմանն ու հավելում, որ այդ աշխատանքը իր համար եղել է որպես հոբբի։


Մեր պատմության հերոսը, չնայած իր կատարած աշխատանքին, ստացել է այլ կրթություն՝ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում ատամնաբուժական ֆակուլտետում։ Մինչև համալսարան ընդունվելը ուսանել է քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ։ «Հայբուսակ»-ի երրորդ կուրսն ավարտել է, պետք է փոխադրվեր հաջորդ կուրս, զորակոչվել է բանակ։

Կարդացեք նաև

«Մտադիր էի բանակից հետո շարունակել ուսումս՝ ավարտել չորրորդ կուրսը, մագիստրատուրա ընդունվել, բայց չկարողացա իրականացնել այդ ամենը, քանի որ բանակում վիրավորվեցի», պատմեց Արմանը։
Նպատակները բարձրաձայնելիս Արմանն ասաց, որ բանակից հետո դրանք, իհարկե, փոխվել են, բայց հիմա ավելի հասունացել են, ինքն էլ սկսել է խելացի մտածել։ Այդ ամենի վրա իր ազդեցությունն է ունեցել իր վիրավորումը քառօրյա պատերազմում և, հատկապես, բուժման նպատակով Գերմանիայում հայտնվելը։

«Մինչև բանակ գնալը նպատակս էր շարունակել ուսումս, աշխատել և ապրել առանձին։ Հիմա ինձ համար առաջնահերթ նպատակ է լավ և որակյալ բուժում ստանալը։ Ներկա պահին ամենակարևորն ինձ համար դա է՝ շուտ ոտքի կանգնել։ Դրանք դեռ ամենափոքր մասն են կազմում նպատակներիս, եթե բոլորը թվարկեմ, շատ երկար կստացվի»։

Արման Լազգիյանը սիրում է ֆիլմեր դիտել, ինչպես նաև նկարել է շատ սիրում։ Հիմնականում դիմանկարներ է նկարել, բայց նաև այն ամենը, ինչն իրեն դուր է եկել։ Այժմ չի նկարում։


Ամեն կերպ փորձում էի շրջանցել քառօրյա պատերազմի մասին հարցերս ու անընդհատ նոր հարցեր էի մտածում, օրինակ՝ ինչ երազանքներ ունի, արդյո՞ք սպորտով զբաղվել է։ Ինքն էլ համբերատար ու պատասխանատվությամբ բոլոր հարցերիս պատասխանում էր։ Ասաց, որ սպորտով չի զբաղվել, քանի որ այդքան էլ շատ ժամանակ չի ունեցել, բայց շատ է մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում լինի։

Ինչպես նպատակները, երազանքները նույնպես փոխվել են, ասում է՝ մինչև բ անակ գնալը բացարձակապես այլ են եղել, հիմա ուրիշ են։

«Այժմ ինձ համար մի երազանք է անիրականանալի, որը հույս ունեմ Հայաստան գալուս պես կկարողանամ ի կատար ածել։ Ես առաջին անգամ Արթուր Մեսչյանի համերգին եղել եմ 9 տարեկանում ու այդ պահից ի վեր երազել եմ նրան հանդիպել, բայց, որպեսզի ուղղակի նստենք և միմյանց հետ երկար, շատ երկար զրուցենք։

Նա որպես մարդ ինձ համար շատ հետաքրքիր է, նրա մտածելակերպը արտահայտվում է իր երգերում, բայց կցանկանայի անձամբ խոսել նրա հետ։ Երբ Երևանում էի՝ հիվանդանոցում, նա ինձ այցելել է, բայց ես չէի կարողանում խ ոսել»,- ասաց Լազգիյանն ու այդ ժամանակ հասկացա, որ փախչելու տեղ այլևս չունեմ, հարցերս կարծես սպառվեցին։

Պետք է սկսեի քառօրյայից խոսել։

Չգիտեմ, թե ինչու էի խուսափում այդ հարցերից։ Երևի այդ պահին մտածում էի, որ իր համար դժվար կլինի այսքան ամիս անց նորից վերհիշել այդ ամենը, բայց, այնուամենայնիվ, պետք էր սկսել։ Հավաքեցի ինձ ու նախ խնդրեցի, որպեսզի ասի, թե որտեղ է անցկացրել ուսումնական ծառայությունը և կոչումով ով է եղել։ Ասաց՝ սկզբում ծառայել է Մատաղիսի ուսումնական գումարտակում, հետո ուղարկել են սերժանտական դասընթացների։

Դասերից հետո զորամասի հրամանատարական կազմը որոշել էր նրան թողնել հենց ուսումնական գումարտակում, որպես սերժանտ։ «Բայց ես իմ երեք ընկերների հետ՝ Նարեկ Սերոբյանի, Արթուր Սուքիասյանի, Գառնիկ Գասպարյանի շատ վաղուց որոշել ու դիմում էինք գրել, որ պետք է գնանք և Թալիշում՝ դիրքերում ծառայենք։

Դիմումը գրել էինք, քանի որ չորսս էլ ուզում էինք ծառայել Արթուր Դարբինյանի հրամանատարության տակ, քանի որ նրա մասին շատ-շատ էինք լսել։ Թալիշ գյուղը պահել է հենց Դարբինյանը։ Իհարկե, կռվել են բոլոր զինվորները, բայց եթե նա ճիշտ չկողմնորոշվեր, համապատասխան հրամանները չտար, իմ կարծիքով թուրքերը հետ չէին շպրտվի, և մենք չէինք հաղթի։ Կոչումով եղել եմ կրտսեր սերժանտ, դիրք ի ավագ»,-նշեց նա։


Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում հերթափոխը իրականացրել են և իջել իրենց գումարտակ։ Պետք է հանգստանային, հետո նորից բարձրանային դիրքեր։ Իջնելուն պես՝ ցերեկը Արմանն ընդունել է հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) հերթապահությունը իր երկու օրապահների հետ։

«Գիշերը 2:15-2:20 եղել եմ ՀԱԿ-ում: Այդ ժամին կապավորի հետ դիրքերից կապ են հաստատում ու ասում են, որ բացահայտ հարձակում է իրականացվում թշնամու կողմից։ Միանգամից մի քանի դիրքից զանգում էին, ընդամենը րոպեների տարբերությամբ։ Մեր կապավորը շատ խելացի ու ճիշտ էր գործում՝ թե՛ գումարտակի հրամանատար Արթուր Դարբինյանին հայտնելու առումով, թե՛ մնացած իր բոլոր քայլերը շատ մանրամասն մտածված էին»,- նշեց Արմանը։

Ժամը 2:30-ի սահմաններում գյուղն ու իրենց գումարտակը սկսել է ռմբակոծվել։ Նա մինչև առավոտյան ժամը ինը կապավորի հետ եղել է հսկիչ անցագրային կ ետում, որովհետև գումարտակն անընդհատ ռմբակոծվում էր ու շատ վտանգավոր էր դուրս գալը: Բացի դրանից, եթե  նրանք գնային, դիրքերի հետ կապը կընդհատվեր։ Մնացել են այդ փոքր սենյակում ու առավոտյան մոտավորապես ժամը 9-ի սահմաններում մոտ 10 րոպե դադար է եղել և այդ ընթացքում հասցրել են միանալ զինվորներին։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատարն էլ հրաման է տվել, որ ամեն ինչ թողնեն և բարձրանան դիրքեր։ Արդեն բավականին վտանգավոր է դարձել այնտեղ մնալը։

«Դիրքերում եղել եմ ընկերներիս կողքին, որոնցից մեկն էլ Շանթ Ղազարյանն է։ Ժամը 14:30-ից մեր հերոս հրամանատարի՝ Արթուր Դարբինյանի հրամանով բարձրացել ենք ու զբաղեցրել մեր տեղերը։ Սկզբում եղել ենք գյուղի մոտակայքում, հնարավոր չէր անմիջապես դիրքեր բարձրանալ։ Այդ գիշեր գյուղը հսկելով մնացել ենք այդ տարածքում։ Առավոտյան իմ վաշտի հետ բարձրացել եմ դիրքեր ու սկսել ենք ազատագրել ու պահպանել մեր դիրքերն ու տարածքները»,- պատմում է Արմանը։

Նա վիրավորվել է, այսպես կոչված, հրադադարի ժամանակ՝ ապրիլի 7-ին։ Նա ստացել է հրազենային վիրավորու մ՝ գնդակը կոկորդից մտել է և ողնաշարից դուրս եկել։ Մարմինն անզգայացել է, բայց ձեռքերը, գլուխն ու կրծքավանդակը զգում է, դրանից ներքև ոչինչ չի զգում։

Բուժում ստացել է հենց առաջին օրվանից, երբ իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Մինչև հիմա էլ կա աջակցություն, հատկապես Անահիտ Բախշյանի կողմից։ Որպես ծնող՝ նա իմ կողքին է և ես նրանից անչափ շնորհակալ եմ։ Չնայած ես Գերմանիայում եմ, բայց մենք մինչ այսօր կապ ենք պաշտպանում միմյանց հետ»։

Արմանին, հատկապես Գերմանիայում գտնվելու ժամանակ, բուժման ընթացքում շատ մեծ ուժ է տվել ընկերը՝ Շանթ Ղազարյանը (նույնպես քառօրյայի մասնակից)։ «Ես չեմ ուզում դա դիտվի այնպես, որ նա իմ ընկերն է, այդ պատճառով եմ այսպես արտահայտվում, ուղղակի հիմա խոսում եմ որպես մարդ, ում ճանաչել եմ ապրիլյան պատերազմից առաջ և ժամանակ։

Իր խոսքերով, քայլերով, արարքներով, հերոսություններ անելով կռվի ժամանակ նա անընդհատ իրենով հպարտանալու առիթ էր տալիս։ Քառօրյա պատերազմից հետո հպարտությունս կրկնապատկվել է։ Ես շատ եմ հպարտանում, որ ունեմ իմ կողքին այդպիսի ընկեր և մեր ազգն էլ այդպիսի զավակ ունի։ Շանթի վիրավորումը խոսում է իր ընկերասիրության, համարձակության և հայրենիքին նվիրվածության մասին»,-պատմում է Արմանը։


Խոսելով քառօրյա պատերազմում դրսևորած հերոսության մասին, Արմանն անպայման ցանկացավ շեշտել և ընդգծել անմահ հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը։

«Ես անձամբ չեմ ճանաչել նրան, բայց հաստատ ավելի շատ եմ տեղեկացված, քան մնացած մարդիկ, ովքեր չեն եղել դիրքերում և այդ իրավիճակում։ Գիտեմ, թե նա որքան քաջաբար է կռվել և պայքարել։ Նա ինձ համար թիվ մեկ հերոսն է։ Ես հանգիստ կարող եմ նրա անունը նշել Մոնթեի, Դուշման Վարդանի նման անձանց կողքին։ Իմ կարծիքով՝ հերոս բառն արդեն շատ է հնչում ամեն տեղ ու բոլորի համար, այն կորցրել իր իմաստը»,- ինչ խոսք ճիշտ դիտարկում էր անում, բայց միևնույն ժամանակ էլ, մտածում էի, իսկ ինչպես ճիշտ տարբերակել իրական և ինքնակոչ հերոսներին:

«Գուցե շատերը ճիշտ չհասկանան իմ ասածը, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով համար մեկ հերոսը Քյարամն է։ Նրա մասին շատ քիչ է հիմա խոսվում, շատ քիչ տեղերում եմ կարդացել  նրա անունը ու մեծ ափսոսանք եմ ապրում»,-նշում է Արմանն ու հավելում, որ ինքն իրեն հերոս չի համարում, քանի որ միանգամայն այլ կերպ է ընկալում այդ բառի իմաստը։

Արմանը համոզված է՝ իրեն փրկել է հավատն առ Աստված։  «Երբ դիրքերը գրավել էին ու մենք նորից հետ էինք վերցրել, թշնամին շատ էր ավերել դիրքերում կառուցված փոքրիկ մատուռներն ու այլ սրբավայրեր»։ Անգամ այդ անտանելի բարդ իրավիճակներում, ռմբակոծության տակ, բոլորը՝ լինեին սպաներ, թե ուղղակի շարքային զինծառայողներ, առաջինը, որ արել են ամեն դիրք բարձրանալիս, կարգի են բերել սրբավայրերը։
Փետրվարի 20-ն Արման Լազգիյանի ծննդյան օրն է։

Շնորհավորում ենք Արման Լազգիյանին, մաղթում շուտափույթ ապաքինում, նպատակների իրականացում:

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս