«Կռիվը գնալու է իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների միջև՝ այդ 1/3-ի տեղերի համար». Ավետիք Իշխանյան

«Շատ կուզենայի, որ Հայաստանում լինեին տարբեր գաղափարներ, և կարողանայինք ասել՝ «ցավոք սրտի, այսինչ գաղափար կրող կուսակցությունը կամ քաղաքական ուժը չի մասնակցում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա չի կարծում, որ Հայաստանը քաղաքական մտքերի տեսակետից տարբերվում է այլ երկրներից. «Ցույց տվեք ինձ, թե Հայաստանի քաղաքական ուժերի մեջ ի՞նչ գաղափարական տարբերություններ կան, և ի՞նչ գաղափարի պայքար են մղում: Հայաստանում գաղափարական որևէ տարբերություն չկա՝ անկախ իրենց անուններից: Կա մի արհեստական տարբերություն՝ արևմտամետ և ռուսամետ, որը ես համարում եմ արհեստական, որովհետև արևմտամետ ասելով՝ ես կհասկանայի մի կուսակցություն, որի նպատակն է՝ Հայաստանը դարձնել եվրոպական երկիր, այն է՝ դատարաններն անկախացնել, տեղական ինքնակառավարումն ուժեղացնել, և այլն, ոչ թե մի տիրոջից ուրիշ տեր փնտրել: Իրականում, Հայաստանում պայքարը կոռուպցիայի լծակներին տիրանալու համար է՝ թեկուզ ընդդիմադիրներին հատկացված հատվածով՝ այդ 1/3-ով: Մեծ մասամբ կռիվը գնալու է իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների միջև՝ այդ 1/3-ի տեղերի համար: Շատ հարմար է լինել ընդդիմադիր, խոսել, նույնիսկ բարկանալ, տաքանալ և այլն, հետո հարցեր լուծել, տարբեր տեղեր գնալ, և այլն»:

Ա. Իշխանյանի դիտարկմամբ՝ մեր ցավն այն է, որ գաղափարական որևէ տարբերություն չկա. «Ի՞նչ գաղափարականի մասին կարող ենք խոսել, երբ մարդու անունով կուսակցություն կա, երբ մարդիկ իրենց դեմքը փոխում են, դառնում են այդ անձի ազգանունի կրողը, թե ի՞նչ գաղափարախոսություն է՝ չգիտես, բայց անձի ազգանունի կրողն են դառնում: Այդ զանգվածը ցանկացած կուսակցության պես համագումար է անում, միաձայն ծափահարություններ, և այլն: Հերթական Կոմունիստական կուսակցության համագումարին ենք մենք ականատես լինում»:

Բանախոսը կարծում է՝ ամեն դեպքում, դրական կլինի ՀՀԿ-ի մոնոպոլիայի քանդումը: Ըստ նրա՝ գուցե այդ ժամանակ ինչ-որ բան փոխվի. «Ինչ վերաբերում է՝ հնարավո՞ր է արդյոք, թե՞ ոչ, ես ասեմ՝ չեմ պատկերացնում, որ հնարավոր է՝ թուղթ գցելով այս իշխանություններն իշխանությունից հեռանան: Նրանք գնում են մի ճանապարհով, որ հնարավորինս այնպես անեն, որ զուտ քվեարկությունը լինի մաքուր, կեղծիքներ չլինեն, ես մի փոքր կասկածում եմ, որ կստացվի: Իշխող ուժին պետք է ոչ թե պարզ մեծամասնություն, այլ նրանց պետք է ավելի քան 60 տոկոս, որովհետև այս նոր Սահմանադրությամբ՝ 60 տոկոսն է վերահսկում դատաիրավական համակարգը, որն իշխանությունների հիմնական հենարանն է»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս