Մեծ թվով միջազգային դիտորդներ կունենանք. ԼՂՀ ԿԸՀ քարտուղար
Փետրվարի 20-ին կայանալիք ԼՂՀ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի կապակցությամբ Արցախ կժամանեն մեծ թվով միջազգային դիտորդներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սերգեյ Մելքումյանը և նշել, որ միջազգային դիտորդների և լրագրողների ժամանումը նախատեսվում է փետրվարի 19-ին:
«Այժմ տեղական դիտորդների գրանցման ակտիվ փուլ է ընթանում: Արդեն մոտ 70 դիտորդներ ու լրագրողներ են գրանցվել: Դիտորդական մեծ խմբեր ունեն «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները»,- մանրամասնել է Ս. Մելքումյանը և հավելել, որ դիտորդների գրանցումը շարունակվում է:
Անդրադառնալով ԼՂՀ ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին՝ Ս. Մելքումյանը նշել է, որ դրանք ավարտման փուլում են, և կատարվում են վերջին ճշգրտումները: «Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Ունենք 280 ընտրատեղամասեր, որոնցից 279-ը՝ Արցախում, 1-ը՝ Երևանի մեր ներկայացուցչությունում, որը հնարավորություն կտա ՀՀ-ում բնակվող մեր ընտրողներին նույնպես մասնակցել հանրաքվեին»,- ասել է ԼՂՀ ԿԸՀ քարտուղարը: