Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ
Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանի պաշտոնաթերթ «Հասկ»-ին տված հարցազրույցում Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայ դատի իրավական թղթածրարի նախապատրաստման հանձնախմբի անդամ Նորա Պայրագտարյան-Գապագյանը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է և անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:
«2016 թվականի դեկտեմբերի 6-ին Սիսի կաթողիկոսարանի պահանջով թղթածրարը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավական թղթածրարը կազմվել է փաստաբանների խմբի կողմից: Թղթածրարում նշված է, որ Սիսի կաթողիկոսությունը կաթողիկոսական նստավայր է և մեծ նշանակություն ուներ Կիլիկայի հայության համար: 1915 թվականին հայերը ցեղասպանության հետևանքով հեռացվել են իրենց կալվածքներից: Կիլիկիայի կաթողիկոսությունն այդ կալվածքի օրինական իրավատերն է:
Այսպես կոչված «Լքված կալվածքների» օրենքները հնարել են թուրքերը անհատական կալվածք ների բռնագրավումն օրինականացնելու համար: Կալվածքների օրինականացման թուրքական օրենքները հակադրվում են միջազգային օրենքներին ու սկզբունքներին: Միջազգային օրենքների վրա հիմնվելով` կաթողիկոսությունն իրավունք ունի այդ հողատարածքն օգտագործելու, ինչպես նաեւ՝ պահանջելու դրա վերադարձը»,-ասել է հանձնախմբի անդամն` ընդգծելով, որ Կիլիկիո կաթողիկոսության հայցն ունի մեկ հստակ պահանջ` վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքն իր իրավական սեփականատիրոջը` Կիլիկիո կաթողիկոսարանին:
Նրա խոսքով, այժմ փաստաբանական խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից սպասում է հարցի բուն քննարկմանը: Փաստաբանները մեծ աշխատանք են կատարել, շուրջ հազար էջից բաղկացած փաթեթում հարկ եղած բոլոր հիմնավորումները ներկայացվել են:
«100 տարի անց Թուրքիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը մեծ մարտահրավեր էր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է: Հարկ է շարունակել այս ուղին: Պետք չէ անտեսել պետական ուղիներով ևս իրավական դաշտ մտնելու տարբերակը: Հայաստանի Հանրապետության համար բացվում է հարցի իրավական հետապնդման հնարավորություն»,-հավելել է նա:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին: Դեկտեմբերի 6-ին թղթածրարը ներկայացվել է դատարան: