ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը փետրվարի 16-ի առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախարարների հետ քննարկել են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող ներկայիս իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և որ պատերազմը տարբերակ չէ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ հանրային հաղորդակցության մեջ ու պատրաստել իրենց բնակչություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Համանախագահները կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994-1995 թթ. հրադադարի պայմանագրերը, որոնք թշնամական գործողությունների դադարեցման հիմքն են: Համանախագահները հղում են արել իրենց երկրների նախագահների կողմից 2011թ. ընդունված Դովիլի հայտարարությանը` ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանքի ու կործանման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Համանախագահները կողմերի հետ կարծիքներ են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կբերեն 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումների իրականացմանը` նպատակ ունենալով կայունացնել իրավիճակի հակամարտության գոտում:

Համանախագահներն ընդգծել են նախարարների կողմից առավել մեծ ճկունություն ցուցաբերելու կարիքը` կայուն կարգավորման հասնելու համար հնարավորինս շուտ համապարփակ բանակցությունները վերսկսելու հարցում: Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու Հայաստանի իշխանությունների վերջին որոշումն օգտակար հումանիտար քայլ էր:

Երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հարցում, այդ թվում նրանք, որոնք սահմանվել են 2010թ. հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների Աստրախանում ընդունած համատեղ հայտարարությամբ:

Համանախագահները տեղյակ են, որ 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված է անցկացնել սահմանադրական հանրաքվե: Չնայած, որ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Ըստ այդմ, համանախագահները չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծում են, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մարտին:

Տեսանյութեր

Լրահոս