Բաժիններ՝

Դասագրքերի ստեղծման գործով կզբաղվի Կրթության ազգային ինստիտուտում ձևավորվող կենտրոնը

Հայաստանում դասագրքերի ստեղծման գործընթացը վերահսկելու է և դրանում անմիջական մասնակցություն է ունենալու Կրթության ազգային ինստիտուտում ստեղծվող կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը, այդ կենտրոնը զուտ պետք է զբաղվի դասագրքերի ստեղծման գործով :

«Նախկինում այսպիսի կառույց չենք ունեցել: Դասագիրք ստեղծելն էլ բավական բարդ ընթացակարգով է իրականացվում: Գործընթացն այսպիսին է` նախ հայտարարվում է մրցույթ հրատարակիչների մասնակցությամբ: Նրանք ստեղծում են իրենց հեղինակային խմբերը և մասնակցում մրցույթին: Այդ մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ բովանդակային, գնային: Առաջինը բովանդակային փուլն է, դասագրքերը գնահատվում են, որոշակի սանդղակին համապատասխանելու դեպքում անցնում հաջորդ փուլ: Հաղթած դասագրքերը դրվում են փորձարկման»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նրա ներկայացմամբ, նախարա րի հրամանով սահմանվում է դպրոցների ցանկ, որտեղ անցկացվում է դասագրքերի փորձաքննություն: Դրանից բացի, Կրթության ազգային ինստիտուտում ևս փորձաքննություն է անցկացվում: Արդյունքների համաձայն, բարելավման նպատակով դասագրքերը կարող են հրատարակիչներին հետ ուղարկվել: Այդ բոլոր փուլերն անցնելուց հետո նոր տպագրության համար իջեցվում է պատվեր:

Չնայած այս բարդ գործընթացին, միևնույն է շատերի համար դասագրքերի բովանդակությունը բարդ է, դժգոհություն կա թե ուսուցիչների, թե ծնողների շրջանում: Լեզվի պետական տեսչությունն անձամբ է համոզվել դրանում՝ իրականացնելով իր դիտարկումները: Տեսչության պետ Սերգո Երիցյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նման խնդիր կա:

Կարդացեք նաև

«Խնդիրը հետևյալն է, դեռևս մեզանում չի ձևավորվել տեքստերն ավելի պարզ, հստակ ներկայացնելու մշակույթը: Պատմական որևէ իրադարձություն ներկայացնելիս, հեղինակները երբեմն փորձում են այնքան շատ փաստեր ներառել, այնքան շատ իրողություն կողք կողքի դնել, որ այդ ամբողջական նախադասությունը դժվար է ընկալվում: Դա կարելի է ասել, արվում է բարի նպատակներից ելնելով: Փորձ է արվում որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ներառել»,-ասաց Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով, այդ ամենը նշանակում է, որ դասագրքերը, այդ տեսակետից, պետք է բեռնաթափել: Անհրաժեշտ է ասելիքը պահպանելով՝ տեքստը ներկայացնել որքան հնարավոր է պարզ ու հասարակ: Այս ամենի հետ կապված` երկրորդ իրողությունն այն է, որ դասագրքերում հայերենի քերականության, բառակազմության հետ կապված լուրջ շեղումներ կան: Օտար բառեր կամ այնպիսի բառապաշար է օգտագործվում, որ, ըստ Սերգո Երիցյանի, աշակերտի համար հասկանալի չեն:

«Այս ամենից մենք պետք է կարողանանք ձերբազատվել: Իհարկե, դասագիրք ստեղծելու փորձառությունը երկար տարիների անցած ուղի չունի: Թվում է, թե մենք այս 20-25 տարիների ընթացքում պետք է կարողանայինք դա յուրացնել, բայց այդ ժամանակահատվածը քիչ է: Այստեղ ողջունելի է նախարարության նախաձեռնությամբ այդ կենտրոնի ստեղծումը, որը ոչ միայն չափանիշներ կսահմանի, այլև ժամանակի պահանջներից ելնելով՝ ինչ-ինչ ճշգրտումներ կկատարի, կօգնի վերապատրաստումների հարցում»,-ավելացրեց Սերգո Երիցյանը:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ դասագրքերի պարզեցման գործընթացում նախարարությունը դեռ հանդիպումների փուլում է: Հանդիպումներ են եղել Հայաստանի գրողների միության նախագահության անդամների, հրատարակիչների հետ: Հնչել են ամենատարբեր առաջարկություններ դասագրքերի բովանդակությունն առավել մատչելի դարձնելու համար: Հանդիպումները կշարունակվեն ուսուցիչերի և շահագրգիռ մյուս կողմերի հետ:

Երբ կստեղծվի կենտրոնը և երբվանից կարող է զբաղվել դասագրքերի հարցով. հարցին ի պատասխան Աշոտ Արշակյանը նշեց, որ այս տարվա համար չեն հասցնի ինչ-որ բան փոխել: Հետևաբար՝ ներկայում ակտիվ աշխատում են հաջորդ տարի արդյունքների տեսանելի լինելու համար:

«Նախ հասկանանք, թե այդ կառույցն ինչպիսին է լինելու: Դասագրքեր ստեղծելը բարդ պրոցես է, այս մշակույթը չենք ունեցել: Աշխարհի տարբեր երկրներում հատուկ ինստիտուտներ են աշխատում, լուրջ հետազոտություններ են արվում, մինչ դասագրքեր ստեղծելը: Պարզ է մի բան, այդ կենտրոնն անմիջական մասնակցություն է ունենալու դասագրքերի ստեղծման գործում»,-նշեց Աշոտ Արշակյանը:

Փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի դպրոցական դասագրքերի որակն ու բովանդակությունը մտահոգություն են առաջացնում: Թերությունները վերացնելու համար նա կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման ծրագիր ներկայացնել:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս