« Ինչքան հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու». Արամ Սարգսյան
«Մեզ համար այս ընտրություններն այս փուլում իր մեջ երկու խնդիր է ներառում, առաջին խնդիրը և ամենահիմնականը՝ քարոզարաշավի ընթացքում այնպես անել, որպեսզի ունենանք մաքսիմալ քվե, երկրորդ խնդիրը՝ կարողանանք այդ քվեն պահել, դրանից հետո եթե կառաջանա իրավիճակ, որ մենք կունենանք մեծմասնություն, փոփոխություններն իսկապես անխուսափելի են, եթե չենք ունենա մեծամասնություն, կքննարկենք ու կոնսենսուսով որոշում կկայացնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության վարչության նախագահ Արամ Սարգսյանը:
Հարցին՝ Սեյրան Օհանյանն ընդդիմադի՞ր է, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել, երբ «ծառը պտուղ կտա». «Ըստ դրա էլ կորոշենք՝ ընդդիմադի՞ր է, թե՞ չէ: Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, նախկինում էլ իշխանություն է եղել, այս գործընթացները նոր չեն, եթե մարդը մտնում է ընդդիմադիր դաշտ, պետք է խոստովանի, որ 2008 թվականին 1200 քաղբանտարկյալ կար, և ինքը չի ասել, որ նրանք քաղբանտարկյալ են: Այն ժամանակվա քաղբանտարկյալներն իսկապես քաղբանտարկյալներ էին՝ բառիս բուն իմաստով»:
Ա. Սարգսյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանը ողջունել է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, եղել է դրա ջատագովը, որևէ խոսք չի ասել ազատական տնտեսության և այլնի մասին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է ձևավորել կազմակերպված տնտեսություն. «Այդ կազմակերպված պետության արդյունքում է նաև կայացել Գագիկ Ծառուկյանը և ձեռք բերել իր հարստությունը: Ինչքան հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու: Կարծում եմ, որ այդ դաշինքի ներկայացուցիչները գաղափարական առումով իրար շատ մոտ են, շատ բնական եմ համաում, որ իրենք միասին են, նաև կարծում եմ՝ իրենց մոտեցումները շատ մոտ են Հանրապետականին, և իրենք կարող են միասնական մասնակցել, առավել ևս, որ բացի «Ժառանգությունից», մնացած բոլորն էլ ինչ-որ ժամանակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին, եղել են նրա վստահված անձը, թիմի անդամը: Նրանք առաջարկում են ձևավորել դաշինք նպատակի շուրջ, իսկ մենք առաջարկել ենք ձևավորել դաշինք գաղափարի շուրջ»:
Ա. Սարգսյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունը մշտապես ունեցել է հաճախորդ կուսակցություններ, որոնք համապատասխան պահին դուրս են եկել այդ դաշինքներից, ու այդ դաշինքները պայթել են. «Ու հիմա էլ այդպես է: 2003 թվականին դա արեց Արտաշես Գեղամյանը, 2008 թվականին դա արեցին Արթուր Բաղդասարյանը և Գագիկ Ծառուկյանը, այնպես որ, հիմա էլ այդ գաղափարով միացած դաշինքներում գործընթացներ են լինելու»:
Հարցին՝ Դուք այս անգամ գնալո՞ւ եք խորհրդարան, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Նախ՝ պետք է ասեմ, որ նախորդ երկու ընտրությունների ժամանակ Հայաստանում գործում էր այլ Սահմանադրություն, և խորհրդարանի գինն ու արժեքը բացարձակ ուրիշ էր: Այս Սահմանադրությունը, որին ես կողմնակից չեմ եղել, Հայաստանի ապագա կառավարության ձևավորման միակ աղբյուրն է, և քաղաքական ուժը չի կարող կառավարության ձևավորման գործընթացին չմասնակցել: Այո, մնալու եմ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե՝ արդյո՞ք «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ամբիցիոզ պահանջներ է ներկայացրել բանակցությունների ժամանակ, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մենք ամբիցիաներով չէ, որ առաջնորդվում ենք, մենք համարում ենք, որ բոլորս հավասար ենք: Քաղաքականության մեջ կա վարքականոն, ինչպես դպրոցներում կա, չեմ կարծում՝ այն վարքականոնը, ինչ որդեգրել է «Ժառանգությունը» դեռևս 2007 թվականին, իրեն արդարացնում է, ես այդ վարքականոնի կողմնակից չեմ: Իրենք պահանջել են առաջին տեղ՝ համարելով, որ իրենք առավել են դաշինքում եղած կուսակցություններից, ավելին, ասել են, որ այդ առաջին համարը կարող է լինել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Արմենը: Նույն բանն ասում էին 2008 թվականին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: