«Վրաստանն այսօր չի գնա այնպիսի քաղաքականության, որը կվնասի հայ-վրացական հարաբերություններին». Ալիկ Էրոյանց
Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Վրացագետ Ալիկ Էրոյանցին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ էր սա նշանակում, արդյո՞ք Ղարաբաղի մասին է ակնարկում, քանի որ գիտենք՝ Ադրբեջանը միշտ ասում է, թե Ղարաբաղն այդ երկրի մի մասն է:
Վրացագետի խոսքով՝ այդ արտահայտությունն արդեն, այսպես ասած՝ քարացած է դարձել, և չի նշանակում, որ վրացական կողմը Ղարաբաղը նկատի ունի. «Օրինակ՝ մի անգամ նախկին արտգործնախարարներից մեկը՝ Փանջիկիձեն, ասուլիսի ժամանակ բացել էր փակագծերը, թե տարածքային ամբողջականություն ասելով՝ ինչ նկատի ունեն. նա, կոպիտ ասած՝ «պրապուսկատ» էր արել, բայց հետո պարզաբանել էր, որ նկատի չի ունեցել Ղարաբաղի հարցը:
Հիմնական բովանդակությունն այն է, որ իրենք էլ տարածքային խնդիրներ ունեն, մասնավորապես՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կապված, և իրենք, այսպես թե այնպես, նման հայտարարությամբ պետք է հանդես գան: Այսինքն՝ թե ինչ է ենթադրում՝ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, բնական է, չի մանրամասնվում: Ուղղակի իրենք քարացած նշում են, որ ճանաչում են տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի տեսանկյունն են պաշտպանում: Բնականաբար, եթե այդ կոնտեքստում լինեին հայտարարութունները, բնական է՝ մենք Վրաստանի հետ քաղաքական, դիվանագիտական խնդիրներ կունենայինք: Ես չեմ կարծում, որ Վրաստանը նման քայլի կարող է գնալ, թեկուզ ակնարկի տեսքով, որովետև մենք Վրաստանի հետ նման խնդիր չունենք»:
Ա. Էրոյանցը նկատեց՝ ուրիշ բան, որ Վրաստանը տարածքային խնդիր ունի Ռուսաստանի հետ, և համարում են, որ մոտավորապես 20% տարածք Ռուսաստանն օկուպացրել է, և նույնն էլ Ադրբեջանն է ասում, բայց նրա կարծիքով՝ դա չի նշանակում, որ Վրաստանն ակնարկում է, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, իրենք էլ պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը. «Նույնիսկ Սահակաշվիլին, երբ հանդես էր գալիս պրոադրբեջանական հայտարարություններով, այս հարցի վերաբերյալ նման կարծիք չեն հայտնել»:
Հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ հայտարարել է, որ «մոտակա ամիսներին պլանավորվում է ՎՈՒԱՄ անդամ երկրների բարձր մակարդակի հանդիպում»: Հետաքրքրվեցինք, թե այդ համագործակցության խորացումն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:
Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հանդիպումները մշտապես տեղի են ունենում, և ըստ նրա՝ շատ ավելի կարևոր է՝ ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական ոլորտի համագործակցությունը, որը, մի քանի տարի է, գործընթացի մեջ է և սահուն քայլերով առաջ է գնում:
«Մեզ ավելի շատ դա պետք է հետաքրքրի: Բայց Վրաստանն այս շրջանում դժվար գնա այնպիսի քայլերի կամ այնպիսի արտահայտություններ անի, որոնք կարող են վնասել հայ-վրացական հարաբերություններին, քանի որ այսօր Վրաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհով: Ինչքան էլ որ մեր տեսանկյունից նայելով՝ ասենք, որ Վրաստանն ընտրել է եվրոպական ուղղությունը, դա չի նշանակում, որ նա պետք է, այսպես ասած՝ ձեռքերը լվանա տարածաշրջանից կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզի: Ընդհակառակը, նաև Արևմուտքն է բազմիցս կոչ արել Վրաստանին՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենա, հատկապես՝ Ռուսաստանի: Եվ որքան էլ Վրաստանը փորձի Արևմուտքին սիրաշահելու քաղաքականություն վարել, դա չի ենթադրում, որ անպայման պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ լինեն: Անընդհատ Ռուսաստանն եմ շեշտում, որովհետև Վրաստանը վերջին տարիներին ամեն ինչ անում է, որպեսզի նրա հետ հարաբերությունները բարելավվեն, իսկ այդ գործընթացում մենք դրական գործոն ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, թե Վրաստանն այսօր գնա այնպիսի քաղաքականության, որը կվնասի հայ-վրացական հարաբերություններին: