
«Մոտակա ամիսներին պլանավորվում է ՎՈՒԱՄ անդամ երկրների բարձր մակարդակի հանդիպում». Մամեդյարով

Մոտակա 2-3 ամսում պլանավորվում է ՎՈՒԱՄ անդամ երկրների բարձր մակարդակի հանդիպում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքով հրավիրված ճեպազրույցում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նրա խոսքով՝ անցկացվել են քննարկումներ ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակում կապերի զարգացման վերաբերյալ, որտեղ ներկայումս նախագահում է Վրաստանը։
«Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես է կարելի ուժեղացնել ՎՈՒԱՄ-ը մասնավորապես տնտեսական տեսանկյունից։ Մոտակա 2-3 ամսում պլանավորում ենք անցկացնել բարձր մակարդակի հանդիպում ՎՈՒԱՄ անդամ երկրների միջև»,- հայտարարել է Մամեդյարովը։
ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի կողմից: 1999-2005 թվականներին կազմակերպության մեջ գտնվել է նաև Ուզբեկստանը (ՎՈՒՈՒԱՄ):