«Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը». Ջանելիձե
Ադրբեջանն ու Վրաստանը 25 տարվա ընթացքում շարունակում են բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքով հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գոյություն ունի բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։
«Մեր համագործակցությունը շարունակվում է համապատասխան ձևաչափերով, և մենք մտադիր ենք ինտենսիվորեն շարունակել այդ երկխոսությունը։ Անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության թվերը չեն եղել դրական։ Տարածաշրջանում ճգնաժամ էր դիտվում, սակայն մենք պլանավորել ենք ակտիվացնել մեր աշխատանքն այդ ոլորտում։ Մենք պետք է առավելագույնս օգտվենք պոտենցյալից։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային նախագծերին։
Մենք մտադիր ենք ավելացնել տարանցման հնարավորությունները։ Կան կարևոր նախագծեր այդ ուղղությամբ։ Տարեվերջին շահագործման կհանձնվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։
Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
«Մեր համագործակցությունը շարունակվում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում։ Մենք շնորհավորում ենք Ադրբեջանին ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հարցով բանակցություններ սկսելու կապակցությամբ»,- ասել է նա։