«Ալիևին այսօր օդ ու ջրի նման պետք են փոքր հաղթանակներ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ադրբեջանի վարչական խնդիրներից մեկն այն է, որ ասում է՝ ցանկացած պարագայում մեկ շաբաթում կարող է հարցերը լուծել ռազմական ճանապարհով: Մինչ ապրիլ, որպես փոխզիջում, ներկայացնում էին պատերազմը չվերսկսելը: Նրանց տրվեց այդ մեկ շաբաթը, բայց ոչնչի չհասան. Պայմանավորվածությունը տապալվեց Ադրբեջանի անկանոնության պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանի դերակատարման մասին՝ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ճիշտ է՝ Ռուսաստանը մի ժամանակ համաձայնել էր աչք փակել, որ Ադրբեջանն ինչ-որ փոքր հարցեր կարողանա լուծել, իհարկե, ոչ ամբողջ Ղարաբաղի հարցում: Սակայն Ռուսաստանը հասկացավ, որ նման գործարքի գնալով՝ կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Եվրոպական տնտեսական միությունը՝ որպես այդպիսին: Նա այս պարագայում նաև հանդես եկավ՝ որպես շատ անվստահելի գործընկեր, ինչը լուրջ սպառնալիք էր հնչում: Հետո Ռուսաստանը փորձեց շտկել իր սխալը. արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին Հանրապետության հրապարակում ցուցադրվեցին իսկանդերներ: Բացի այդ, Ռուսաստանը հանդես եկավ՝ որպես միջնորդ, որի արդյունքում դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այս միջամտությունից հետո Ադրբեջանի երկրորդ փորձը լուրջ հարված կլիներ արդեն Ռուսաստանի հեղինակությանը»:
Իսկ ինչո՞ւ Թուրքիան չօժանդակեց իր դաշնակից պետությանը. այս հարցին բանախոսը պատասխանեց. «Թուրքիան այսօր այն պետությունը չէ, որ կարողանա ադեկվատ արձագանքել ներքին և արտաքին սպառնալիքներին, դրանից բացի՝ նաև օժանդակել իր դաշնակիցների ագրեսիվ քաղաքականությանը: Թուրքիայի տեսակետից՝ խնդիրը պահպանվում է Թուրքիայի ներսում: Այսինքն՝ Ադրբեջանը, որպես էդպիսին, քաղաքական աջակցություն չունի»:
Անդրադառնալով Լապշինի արտահանձնմանը՝ նա ասաց. «Ալիևին այսօր օդ ու ջրի նման պետք են փոքր հաղթանակներ, որոնք թույլ կտան Ադրբեջանի հասարակությանը ներկայանալ՝ որպես հարցեր լուծել կարողացող նախագահ, մեկը, ով կարողանում է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնք, ըստ էության, չեն հարթվում: Նրանք ամեն մի առիթ փորձում են դարձնել PR-ի լուրջ առարկա, ու Լապշինն էլ լավ առիթ էր հերթական անգամ Ալիևին հերոս ներկայացնելու համար»:
Հարցին, թե Լապշինի արտահանձնումը տեղի էր ունեցել քաղաքակա՞ն, թե՞ իրավական տեսանկյունից, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Այստեղ իրավական ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել, եղել է զուտ քաղաքական պայմանավորվածություն Բելառուսի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր ձեռքերը շատ երկար են: Կոպիտ ասած՝ Լուկաշենկոն էժան ապրանքն Ադրբեջանին թանկ է վաճառել: Իսկ սա Ադրբեջանի կողմից մարտավարական սխալ էր»:
Անի Թորոսյան