Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ 64 երկրում ընդունված պատվաստումը Հայաստանում կներդրվի սեպտեմբերից
Պատվաստումների Հայաստանի ազգային օրացույցում նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերից ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարության իմունային կանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումը նախատեսած է 13 տարեկան աղջիկների համար:
«Աշխարհի շատ երկրերում տղաներին եւս պատվաստում են այս պատվաստանյութով, բայց քանի որ Հայաստանն այն ձեռք է բերում ԳԱՎԻ` Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի աջակցությամբ, դա ԳԱՎԻ-ի կողմից առաջարկվող պահանջն է եւ ավելի շատ խոցելի հիվանդություն է աղջկների համար` արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման տեսանկյունից»,-ասաց նա:
Գայանե Սահակյանի խոսքով` պատվաստումները կիրականացվեն երկու դեղաչափով: «Առաջին դեղաչափից հետո երկրորդ դեղաչափը կատարվելու է 6 ամիս հետո: Փորձը ցույց է տվել, որ միայն առաջին դեղաչափից հետո, պատվաստանյութի արդյունավետությունն արդեն նկատելի է դառնում` պապիլոմավիրուսով տարածվող այլ թեթեւ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից:
Օրինակ նախաքաղցկեղային հիվանդություն համարվող սեռական գորտնուկները 85-90 տոկոսով կանխարգելվում են»,-հավելեց մասնագետը: Արգանդի պարանոցի քաղցկեղի գաղտնի շրջանը բավականին երկար է: Մարդը կարող է վարակված լինել եւ տարիներով չբացահայտել: Այս հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում է երրորդ-չորրորդ ստադիայում, երբ արդեն գրեթե ոչինչ հնարավոր չէ անել: «Մենք ակնկալում ենք, որ 10-15 տարի հետո արգանդի պարանոցի քաղցկեղի վիճակագրությունը կտրուկ կփոխվի: Պատվաստումը առաջնային կանխարգելում է, որ վիրուսը չներթափանցի արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների մեջ եւ այնտեղ փոփոխություններ չառաջացնի: Այդ փոփոխությունների վերջին փուլն էլ քաղցկեղի առաջացումն է»,-ասաց Սահակյանը:
Պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իրականացվելու են պոիկլինիկաներում: Բոլոր 13 տարեկան աղջիկները պլանային կարգով կհրավիրվեն պոլիկլինիկա եւ կստանան պատվաստումները: Ինչ վերաբերվում է պատվաստման պարտադիր, ոչ պարտադիր լինելուն` իմունային կանխարգելման ծրագրի ղեկավարն ասաց, որ Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցը հաստատվում է Կառավարության կողմից` Կառավարության որոշմամբ, եւ այս փաստն իր հերթին պարտադիր կատարման էլեմենտներ է իր մեջ պարունակում: «Դա պահանջ է բոլորի համար, բայց մենք խիստ ստիպողական քաղաքականություն չենք վարելու: Անձին, ծնողին բացատրելու են ` հետագա բարդությունների մասին, իսկ քաղաքացին ինքն է որոշելու` պատվաստվել, թե գրավոր հրաժարական ներկայացնել»,-ասաց նա, հավելելով, որ յուրաքանչյուր մայրիկ պետք է հասկանա, թե ինչի դեմ է պատվաստումը, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղը դաժան հիվանդություն է եւ գրեթե միշտ ունենում է մահվան ելք:
Ինչպես մյուս բոլոր պատվաստումների, այս մեկի դեպքում եւս պատվաստումից հետո հնարավոր են սպասվող ռեակցիաներ` ջերմություն, ներարկման տեղում այտուց, կարմրություն:
ԳԱՎԻ-ն պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: Այժմ մանրամասն պլանավորվում են նախապատրաստական աշխատանքները (կրթական և իրազեկման նյութերի մշակում, բուժաշխատողների կրթում, հանրային իրազեկման միջոցառումներ և այլն):
Աշխարհի 64 երկրում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՎ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են դրա անվտանգության և արդյունավետության համոզիչ փաստարկներ, և ակնառու ազդեցությունը` սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմ ան հարցում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ, օրինակ, Ավստրալիայում ՄՊՎ պատվաստումների ներդրումից հետո, 5 տարվա կտրվածքով, մինչև 21 և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները: Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։
Մտահոգիչ է, որ առաջնային հայտնաբերումը 70% դեպքում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սկրինիգային ծրագրի շրջանակում իրականացվել է 112 հազար ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ (6.4%) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0.5%)` ինվազիվ կարցինոմա: