Նամակ վարչապետին. առաջարկվում է բարեգործության և բարերարների հիշատակի օր հռչակել
ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին
Մեծարգո պարոն Կարապետյան
Ուրախությամբ տեղեկացանք, որ ս.թ. փետրվարի 9-ի ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է մարտի 3-ը «Գործարարի օր» հռչակելու նախագիծը, այն պայմանավորելով նշանավոր հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակով:
Առաջարկ ստանալով ՀՀ Երիտասարդ Կանանց Ասոցացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (նախագահ` Լիլիթ Ասատրյան) կողմից, խորհրդակցելով նաև Ախթալայի ավագանու անդամների հետ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ապրիլի 15-ը «Բարեգործության և հայ բարերարների հիշատակի օր» հռչակելու գաղափարը: Առաջարկը կազմելիս օգտվել ենք նաև հայ գործարարության և բարեգործության պատմության խորագիտակ, բազում մենագրությունների և հոդվածների հեղինակ Խաչատուր Դադայանի ս.թ. հունվարի 13-ին հանրապետական մամուլում տպագրված «Միքայել Արամյանցի դղյակը խորհրդանիշ է» հոդվածից, որում արտահայտված մտքերին արտահայտում ենք մեր խորին համաձայնությունը:
Բարեգործություն սկիզբ է առել հնագույն ժամանակներում, այն տարբեր կերպ է մեկնաբանվել` գթասրտություն, մեկենասություն, հովանավորություն, աջակցություն և, վերջապես, բարեգործություն:
Հայ իրականության դեպքում այն ունի հազարամյակների պատմություն և անքակտելի է մեր ժողովրդի քրիստոնեական նկարագրից: Բարեգործական նկարագրի տեր էին Ներսես Մեծ Կաթողիկոսը, Աշոտ Գ Ողորմած Արքան բազում այլ թագավորներ, եկեղեցականներ, իշխաններ, վաճառականներ և այլք:
Հայ բարեգործությունն առանձնահատուկ թափ ստացավ 19-րդ դարից, երբ իրենց անունը հայ բարեգործության երկնակամարում ոսկե տառերով գրեցին Ալեքսանդր Մանթաշյանցը, Միքայել Արամյանցը, Նուբար փաշան և նրա որդի Պողոս Նուբարը, Գալուստ Գյուլբենկյանը, Մելիք Ազարյանցը, Փիթոևը, Ալիխանյանանը, Լիանոզովը և այլք, ովքեր Թիֆլիսից մինչև Կահիրե, Պոլսից մինչև Փարիզ, իրենց բարեսիրական ձեռնարկներով և գործունեությամբ սատարում էին հայության հոգևոր, կրթական, մշակութային, սոցիալական բազում գաղափարների իրականացմանը: Ստեղծվեցին բազում բարեգործական միություններ, որոնց գործունեությունը խորհրդային կարգերի հաստատման պատճառով դադարեցվեց Հայաստանում, մի մասն էլ, ինչպես օրինակ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայ Օգնության Միությունն իրենց գործունեությունը շարունակեցին Սփյուռքում` իրենց մեծ ավանդ ունենալով հատկապես հայապահպանության գործում:
Սպիտակի երկրաշարժը և Հայաստանի անկախացումը նպաստեցին, որպեսզի Սփյուռքում հաստատված բարեգործական կազմակերպությունները վերականգնեն իրենց բարեգործական գործունեությունը Մայր Հայրենիքում: Զուգահեռաբար ստեղծվեցին նոր բարեգործական կազմակերպություններ` «Հայ Օգնության Ֆոնդ», «Ազնավուրը` Հայաստանին», «Հայատան Համահայկական Հիմնադրամ», «Լինսի» հիմնադրամ և այլն: Այսօր ևս Հայաստանում ու Սփյուռքում նշանակալից ավանդ ունեն «Գալուստ Գյուլբենկյան», «Հովարդ Կարագյոզյան» «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ», «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամ և այլ կազմակերպություններ:
Մանթաշյանց, Գյուլբենկյան, Պողոս Նուբար հզոր փաղանգին միացան Ալեք Մանուկյան, Քըրք Քրքորյան, Շառլ Ազնավուր նվիրական այրերը, ովքեր իրենց առավելապես բարեսիրական գործունեության համար արժանացան ոչ միայն համաժողովրդական սիրո, այլև նորանկախ Հայաստանի բարձրագույն պարգևին` ՀՀ Ազգային Հերոսի կոչմանը: Այսօր հայ բարեգործության փառավոր ավանդույթները պատվով շարունակվում են Լուիզ Սիմոն Մանուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Վահե Կարապետյանի, Գաբրիել Ջամբարջյանի և բազում այլ ազնվագույն հայ ուստրերի և դուստրերի կողմից:
Մեծահարգ պարոն Վարչապետ
Չնայած այն հանգամանքին, որ բարերարների զգալի մասը եղել են գործարարներ, կարելի է փաստել, որ ոչ բոլոր գործարարներն են բարեգործներ: Ինչպես ազգային նվիրյալ, ՀԲԸՄ երկարատև նախագահ Ալեք Մանուկյանն էր նկատում` «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգն անկե իր բաժինը չստանա»: Բարեգործության և բարերարների հիշատակի հռչակումը, յուրօրինակ շարունակությունն է երկար տարիներ բարեգործության լավ ավանդույթներ ունեցող Թիֆլիսում և Նոր Ջուղայում նշվող «Բարերարաց հիշատակի օրվա» նշման ավանդույթի վերականգնման: Այն նաև հնարավորություն կտա Հայաստանում և Սփյուռքում մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել բարեգործության գաղափարի վրա, նպաստելով մարդասիրության և գթասրտության սկզբունքների հաստատմանը, բարեգործական գործունեության զարգացման աջակցմանը:
2012 թվականից ի վեր Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի մահվան օրը` սեպտեմբերի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Բարեգործության միջազգային օր, սակայն հազարամյակների բարեգործության փառավոր անցյալ և ներկա ունեցող հայ ազգին, վստահ ենք, որ պատշաճ է, որ ունենա «Բարեգործության և բարերարների հիշատակի օր» ապրիլի 15-ը, որն այս պահին գործող ամենահին կազմակերպության` ՀԲԸՄ հիմնադրման 111-ամյակի օրն է:Այնպես ինչպես մայիսի 16-ը նշվում է Հայաստանի երիտասարդության օրը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի ամենահին գործող բուհը Երևանի Պետհամալսարանը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին:
Բարեգործության և բարերարների հիշատակի օրվա շրջանակներում կարելի է կազմակերպել բազմաթիվ և բազմաբնույթ կրթական, մշակութային, սոցիալական միջոցառումներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Վերջին հաշվով Մանթաշյանցը, Գյուլբենկյանը, Ալեք Մանուկյանը, Քըրք Քըրքորյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Գաբրիել Ջամբարջյանը հայ ժողովրդի կողմից սիրված և գնահատված են ոչ այնքան իրենց գործարար հատկանիշների, որոնց մասին շատերն, անգամ, չգիտեն, այլ իրենց բարեգործական ձեռնարկների շնորհիվ:
Այդ օրվա նշումը բարեգործությունը ներկայացնելուց, բարերարներն մեծարելուց զատ մեծ դաստիարակչական նշանակություն կունենա նաև մատաղ սերնդի բարեգործության ոգով դաստիարակելու հետ կապված հատուկ մշակույթ ձևավորելու համար:
Ախթալայի քաղաքապետ` Հայկ Խաչիկյան
ՀՀ Երիտասարդ Կանանց Ասոցացիայի և
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ` Լիլիթ Ասատրյան
ՀՀ ժողովրդական նկարիչ` Հրանտ Թադևոսյան (Թաթոս)
ՀՀ ժողովրդական արտիստ` Հարություն Խաչատրյան
Արձակագիր, հրապարակախոս,
«Նանսեն» հիմնադրամի նախագահ` Ֆելիքս Բախչինյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Սամվել Սևադա
ՀՀ վաստակավոր արտիստ` Աննա Մայիլյան
ՀՀ վաստակավոր արտիստ` Լեյլա Սարիբեկյան
ՀՀ վաստակավոր արտիստ` Դավիթ Ամալյան
Ճարտարապետ` Աշոտ Արշակյան
Արձակագիր` Վանուշ Շերմազանյան