«Երիտասարդ ուսումնասիրողների մարտահրավերը. վերակենդանացած քննարկում Փելեշյանի մասին»
Պատմաբան Մարգրեթ Վապերնյուն, փորձարարական ֆիլմի ռեժիսոր Քլեր Դենիելի հետ միացյալ ուժերով կյանքի են կոչել գիտական ուսումնասիրություն, որի հիմքում կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններն են: Ուսումնասիրողների նպատակն է՝ հասկանալ և ցույց տալ՝ ինչպես են ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը երկխոսության մեջ մտնում նորագույն ժամանակի հետ:
– Ե՞րբ ինքներդ ձեզ համար բացահայտեցիք կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը:
Մարգրեթ Վապերնյու. 2000-ականներին, Տոկիոյի Դղյակում կազմակերպված ցուցադրության ընթացքում: Այդ բացահայտումը ցնցեց ինձ: Սերժ Ավեդիքյանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի կարողանանք մի նախաբան-նամակ գրել ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, որտեղ կնկարագրեինք և կհիմնավորեինք մեր ուսումնասիրության նպատակները: Նա բավական հաջողված կերպով ձևակերպեց մեր ցանկությունները, հատկապես, երբ ինքը նույնպես ցնցված էր՝ առաջին անգամ՝ 1979 թվականին, Հայաստանում տեսնելով ռեժիսորի ֆիլմերը: Նա կարողացավ գեղեցիկ կերպով ուղղորդել և ձևակերպել զգացողությունները: Փելեշյանի ֆիլմերում պոետիկ և երաժշտական ասպեկտները հուզում են ինձ: Փոքրիկ աղջնակի դեմքը «Մենք»-ում (ֆիլմ, ուր լիրիկական կերպով ուրվագծում է հայկական պատմությունը, և որն ըստ էության տուրք է հայ ժողովրդին) հսկայական համամասնություններով մի անմեղ հայացք է, որը մենք ուղղում ենք աշխարհին մեր հիշողությունների միջից: Սա մեկն է ֆիլմի անմոռանալի պատկերներից, որոնք միայն կինոն կարող է հնարել:
– Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա գիտական այդ ուսումնասիրությունը կատարել:
– Արդեն երկու տարի է, ինչ համալսարանական իմ ուսանողուհին՝ Քլեր Դենիելը, ինձ էր հանձնել այս ռեժիսորի հրաշալի թղթապանակը: Մենք այնպայման նպատակադրվել էինք ինչ-որ կերպ անդրադառնալ նրա ստեղծագործություններին, բարձրաձայնել նրա մասին, որպեսզի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, ովքեր դեռ չեն ճանաչում Արտավազդ Փելեշյանին, հետաքրքրվեին նրա ստեղծած արվեստի յուրահատկություններով ու գեղեցկությամբ, ինչ իրենց համար, անկասկած, նոր բացահայտումների ու որոնումների առիթներ էր ընձեռելու:
– Այսպիսով ի՞նչ բացահայտեցիք դուք ինքներդ, արդյոք Փելեշյանի արվեստը երկխոսության մե՞ջ է նորագույն ժամանակների հետ:
– Հարցին պատասխանելու համար բերեմ մի քանի օրինակներ: «Վերջը» ֆիլմում մենք տեսնում ենք գնացք՝ ուղևորներով, ովքեր պատկանում են ամենատարբեր ազգությունների, ովքեր բավականին տևող մի ժամանակահատված անցկացնում են գնացքի մեջ՝ թունելում: Սա մի տեսարան է, որ բացահայտում է ճիշտ և ճիշտ այն իրականությունը, որում ենք մենք հենց հիմա: Այլ կերպ ասած ՝ մենք ինքներս այսօր այդ նույն թունելի մեջ ենք: «Մենք» ֆիլմն այս տեսակետից նույնպես չափազանց հետաքրքիր դիտարկում է: Ռեժիսորը ցույց է տալիս մի ֆիլմ, որ ճիշտ այսօրվա Հայաստանի մասին է: Այդ ֆիլմում մեծ չափով հումոր կա: Նա մեզ ցույց է տալիս մի ժողովրդի պատմություն, միևնույն ժամանակ՝ զարմանալի վարպետությամբ բացահայտելով նաև կինոյի պատմությունը: Նրա հրաշալիորեն տիրապետում է կոդերի լեզվին և անում է իր աշխատանքը մեծ հաճույքով:
– Ո՞ր տեսակի կինոյով է նա ոգեշնչվել՝ ստեղծելու համար սեփականը:
– Կինոյի այն տեսակով, որն անկասկած հետաքրքիր է, որն ունի երեք շերտ: Կարծում եմ՝ Փելեշյանն առաջին հերթին և մեծապես ազդված է այն կինոյից, որն իրեն ավելի մոտ է, նկատի ունեմ Փարաջանովին, հետո նա իր ֆիլմերում չի բացառում ռուսական կինոյի գիծը՝ Էյզեյնշտեյն, Վերտով, միաժամանակ հրաշալիորեն տիրապետելով նաև համաշխարհային կինոյին՝ Բերգման, Կուբրիկ և այլք:
– Ի՞նչ է, վերջին հաշվով, իրենից ներկայացնում ձեր նոր գիտական ուսումնասիրությունը, արդյո՞ք այն կարող է համարվել մեկը՝ համաշխարհային կինոսիմֆոնիաներից:
– Այսօրվա դրությամբ դեռևս չկա, գոյություն չունի Արտավազդ Փելեշյանի թեորիան բացահայտող «Մեր կինոն» աշխատության ֆրանսերեն թարգմանության տարբերակը: Մենք հույս ունենք, որ մեր այս աշխատությունն առիթ կտա լրացնելու մեզանում առկա այդ բացը: Գրքի առաջին մասում մենք զետեղել ենք բոլոր այն գիտական հոդվածները, որ մինչ օրս կարողացել ենք հավաքագրել՝ հատկապես օգտվելով կինոքննադատ Սերգեյ Դանեյի տեքստերից: Սա, կարծում եմ՝ մի համակարգված դոկումենտալ և պատմական ծանոթություն է Փելեշյանի կինոարվեստին, որին կարող են հաղորդակից լինել գրքի ընթերցողները:
Սա հնարավորություն է՝ բացահայտելու Արտավազդ Փելեշյան կինոլեգենդին, հասկանալու համար՝ որքան անխուսափելիորեն է նրա ստեղծած արվեստը հաղորդակից մարդկային պատմությանը: Գրքի երկրորդ մասում մենք անդրադարձ ենք կատարել ռեժիսորի կինեմատոգրաֆին, որը մարտահրավեր էր ոչ միայն մեզ՝ գիրքը ստեղծողների համար, այլ նաև բոլոր այն երիտասարդ կինոռեժիսորների, ովքեր իրենց կյանքում որոշում են կայացրել մուտք գործել կինոյի աշխարհ: Գրքում զետեղված է նաև Ֆիլիպ Ռոժեի աշխատությունը՝ նվիրված փելեշյանական կինոերաժշտությանը: Թեև պետք է նաև նկատել, որ այս աշխատությունը մեծ տեղ է թողնում ընթերցողին՝ սեփական երևակայության համար… Այնուհանդերձ, այս գիրքը կլինի հետաքրքիր անդրադարձ, որ փորձ է անում յուրովի ներկայացնել կինոյի մեծագույն հեղափոխականին:
Հարցազրույցը՝ Քլեր Բարբյութիի
Nouvelles D’Arménie Magazine