Բաժիններ՝

«Համարձակ քայլերի ենք գնացել». Ի՞նչ փոփոխություններ են եղել գնումների մասին օրենքում

2017 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Պետական գնումների մասին նոր օրենքը, որի սկզբունքներն են պետական ֆինանսների ծախսման արդյունավետության բարձրացումը և կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը: Այսօր պետական գնումների մասին սեմինար-քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա` նախկինում գնումների իրականացման գործակալությունն անցկացնում էր կենտրոնացված գնումներ, բայց խնդիրն այն էր, որ տարիների ընթացքում մասնակիցների կարողությունները չէին բարձրանում, ֆինանսական կայունության համար պատասխանատվություն չէին զգում: Նոր օրենքով գնումների գործընթացը բավականին պարզեցվել է, նվազեցվել են գնման ձևերը, և, եթե նախկինում կար բաց ընթացակարգ, պարզեցված ընթացակարգ, բանակցային ընթացակարգ` հայտարարությամբ, բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության, մրցակցային երկխոսություն, սահմանափակ ընթացակարգ, նոր օրենքով գործում է միայն էլեկտրոնային աճուրդը, մրցույթը, գնանշման հարցումը և մեկ անձից գնումները: Նախարարը կարևորեց պետական մարմինների հետ բիզնես հանրության անմիջական շփման նվազեցումը, հակակշռման մեխանիզմների ներդրումը, արտադատական բողոքարկման անկախ և գործուն համակարգի ներդրումը:

«Ինչքան համակարգը բարդ ես պահում, այնքան կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը բարձրանում է»,- ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով` էլեկտրոնային հարթակը թույլ կտա սպեկուլյացիաները վերացնել, այն զսպաշապիկ է, քանի որ հարթակում բոլորի առաջարկությունները ներկայացվում են, և ավելի լավ առաջարկ ներկայացնողը չի կարող դուրս մնալ գործընթացից:

«Համարձակ քայլերի ենք գնացել»,- վստահեցրեց նախարարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս