Հայաստանում գործարկված «Ֆինանսական ֆուտբոլի» միջոցով հնարավոր է զարգացնել ֆինանսական գիտելիքները և զերծ մնալ խարդախություններից
Ֆուտբոլն աշխարհի ամենամասսայական հետաքրքրություններից մեկն է և հետաքրքրում է գրեթե բոլոր երիտասարդներին: Հենց այս փաստը հաշվի առնելով՝ «Վիզա» միջազգային կազմակերպությունը տարիներ առաջ ստեղծել է «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը:
Այսօր «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնում ներկայացվեց «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայերեն ադապտացված տարբերակը, որը մշակվել է «Վիզա» ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը կօգնի զարգացնել ձեր ֆինանսական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ՝ պատասխանելով հետաքրքրաշարժ, ֆինանսական ոլորտին վերաբերող հարցերի:
Խաղը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Այն ունի բարդության երեք մակարդակ՝ սիրողական (11-14 տարեկանների համար), կիսապրոֆեսիոնալ (15-18) և պրոֆեսիոնալ (18+):
Խաղալու համար, առաջին հերթին՝ պետք է ընտրել երկիրը, որի անունից ցանկանում եք խաղալ, ինչպես նաև պետք է ընտրել հակառակորդին: Գոլ հնարավոր է խփել այն ժամանակ, երբ կպատասխանեք խաղի կողմից տրված ֆինանսական ոլորտի որևէ հարցի: Որքան շատ հարցի պատասխանեք, այնքան մեծ է գոլ խփելու հավանականությունը: Հարցերը կարող են լինել խնայողությունների, բյուջեի կառավարման, պարտքերի կառավարման, ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների վերաբերյալ: Սխալ պատասխանն ընտրելու դեպքում գնդակը փոխանցվում է հակառակորդին:
«Ֆինանսական կրթությունը մարդկանց բարեկեցության անհրաժեշտ պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով Կենտրոնական բանկը մի շարք միջոցառումներ է իրականացնում այս ոլորտում և ընդգծում է Ֆինանսական կրթման կարևորությունը:
Այդ ճանապարհին մեզ համար կարևոր է գտնել այնպիսի մեթոդներ և գործիքներ, որոնք կմիավորեն և՛ ստեղծագործական, և՛ նորարարական միջոցները՝ կրթման մակարդակը բարձրացնելու համար»,- նշում է Սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
Արմենուհի Մկրտչյանի խոսքով՝ այսօր ներկայացված խաղը՝ «Ֆինանսական ֆուտբոլը», արդյունավետ գործիք կլինի, քանի որ դրա միջոցով կրթման գործընթացը միավորվում է ժամանցի հետ և դառնում է ավելի հաճելի:
Ըստ Արմենուհի Մկրտչյանի՝ խաղն ավելի շատ կհետաքրքրի երիտասարդներին, սակայն այն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար:
Արմենուհի Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ստեղծվել է 20-ից ավելի պետական և ոչ պետական կառույցների հանձնաժողով, որը նպատակն է ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակումն և իրագործումը:
Դմիտրո Կրեպակը, ով «Վիզա» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում, մեզ հետ զրույցում նշում է, որ ժամանակակից աշխարհում շատ դժվար կլինի մարդու համար՝ առանց ֆինանսական գիտելիքների:
«Այս խաղը ստեղծվել է մեր և FIFA-ի կողմից: Դրա հիմնական նպատակը ֆինանսական գրագիտությունն ավելացնելն է: Ուրախ ենք, որ Կրթության և գիտության նախարարության հետ միասին թարգմանեցինք այս խաղը հայերեն: Խաղը երիտասարդներին կսովորեցնի ոչ միայն կառավարել անձնական ֆինանսական միջոցները, այլև կօգնի կողմնորոշվել, թե ինչպես է պետք վարվել խնդրահարույց հարցերի դեպքում, ինչպես չդառնալ խարդախության զոհ և այլն»,- նշում է Դմիտրո Կրեպակը:
Ըստ Կրեպակի՝ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելը պետք է սոցիալական ռազմավարության կարևոր տարր լինի:
«Ֆինանսական ֆուտբոլ» խաղն այժմ հասանելի է 41 երկրներում: «Վիզա» ընկերության միջոցով խաղը թարգմանվել և ադապտացվել է այս երկրների համար: Խաղն ունի մեկ նպատակ՝ զարգացնել ֆինանսական գիտելիքներն ու հմտությունները: Այն միաժամանակ թույլ է տալիս խաղալ, սովորել և զարգացնել գիտելիքները:
Այս խաղն անվճար է: Խաղալու համար պետք է պարզապես այցելել www.abcfinance.am կամ http://www.financialfootball.am կայքեր:
Սիրարփի Աղաբաբյան