«Եթե Հայաստանը, Բելառուսը կամ ԵՏՄ որևէ անդամ երկիր դուրս գա կառույցից, դա կլինի դեմարշ, որը Ռուսաստանը չի ների»

Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության  քաղաքական մեկնաբան Վալերի Կարբալևիչի հետ

– Պարոն Կարբալևիչ, կրկին անակնկալ ճգնաժամ է սկսվել ռուս-բելառուսական հարաբերություններում։ Օրերս ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին մինչև անգամ այն մասին, որ Բելառուսը դուրս է գալիս մոսկովյան ինտեգրացիոն պրոյեկտներից։ Իհարկե, ավելի ուշ պարզ դարձավ, որ սա չի համապատասխանում իրականությանը, պարզապես Բելառուսի նախագահի մոտ կրկին դժգոհություններ են առաջացել, որոնք հանգեցրել են ճգնաժամի։ Որո՞նք են այս ճգնաժամի խորքային պատճառները։

– Նախօրեին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա հերքեց ռուսական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե դուրս է գալիս ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից։ Սա տեղեկատվական խայծ էր, որը տարածեց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը։ Իրականում, դա ռեսուրս է, որը հայտնի է իր հակաբելառուսական և հակալուկաշենկո դիրքորոշմամբ աղմկահարույց հոդվածներով։ Ուստի, ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ դրանում իրականության որևէ նշույլ չկա։ Իսկ այն, որ Բելառուսն ու Ռուսաստանն այսօր ճգնաժամային հարաբերությունների մեջ են, Լուկաշենկոն այդ մասին խոսում է, այդ ճգնաժամը, վստահ եմ, որ չի տարածվում այն պրոյեկտների վրա, որոնց մաս է կազմում Բելառուսը Ռուսաստանի հետ։ Այդ պրոյեկտներում Բելառուսի անդամակցության դադարեցումը կարմիր գիծ կդառնա, դա անցնել չի կարելի, Լուկաշենկոն դա փայլուն կերպով հասկանում է, ուստի ամեն բան դրան չի հասնի։

– Ըստ Ձեզ` ո՞րն էր այդ տեղեկատվական խայծի նպատակը, երբ այնուամենայնիվ ավելի ուշ պարզ դարձավ, որ Բելառուսը դժգոհություններ ունի և այդ հրապարակումներն այնքան էլ անհիմն չեն։

– Նպատակը Լուկաշենկոյին հեղինակազրկելն էր, ապացուցելը, որ Բելառուսն ընթանում է ուկրաինական սցենարով, Բելառուսը Ռուսաստանի թշնամին է, Բելառուսը երես է թեքում Ռուսաստանից` թեքվելով դեպի Արևմուտք։ Այդ գործակալություններն այս գիծը հետևողականորեն առաջ են մղում։ Ինչ վերաբերում է բելառուսական դժգոհություններին, ապա մեծ ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն որոշ պարզաբանումներ տվեց` մեղադրելով Ռուսաստանին սահմանային գոտիների միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Սակայն, ըստ իս, Բելառուսը դժգոհ է, որ տնտեսական աջակցության ծավալը Ռուսաստանի կողմից շարունակաբար նվազում է, դա նվազում է օբյեկտիվորեն, քանի որ նավթի գներն ընկել են, դրա հետևանքով ընկել են նաև Բելառուսին տրվող էներգետիկ գրանտները, դա հարուցել է ճգնաժամ, որովհետև այսօր բելառուսական տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել, Բելառուսը պահանջում է ծավալների վերականգնում, աջակցություն, իսկ Ռուսաստանը դրան պատրաստ չէ։ Սա է գլխավոր կոնֆլիկտն այսօր բելառուսառուսական հարաբերություններում։ Նավթի, գազի գները Բելառուսի և Ռուսաստանի միջև բանակցությունների առարկա են արդեն մեկ տարի, և այդ հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում։

– Բելառուսին տրվում է ամենացածր գնով գազ։ Փաստորեն, Բելառուսն էներգակիրների համար ավելի էժան գներ է փորձում սահմանել։

– Այո, այդպես է։ Հավելյալ արտոնություններ է ցանկանում։

– Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Եվրասիական տնտեսական միությունը, դրա կարգավորումները, ազատ առևտրի գոտին չեն գործում, Ռուսաստանը չի կարողանում բավարարել իր դաշնակիցների տնտեսական պահանջները, և այդ մասին Բելառուսի նախագահն է նշում ամենաբարձր մակարդակով, պնդում է, որ միջազգային պայմանագրերը չեն գործում, Ռուսաստանը չի կարողանում բավարարել գործընկերների պահանջներն այդ միության անդամակցության արդյունավետության փոխարեն։ Այս դինամիկայով որքա՞ն է, ըստ Ձեզ` հնարավոր շարունակել։

– Այսօր ԵՏՄ-ն ճգնաժամի փուլում է, առևտրաշրջանառությունը չի աճում, ընդհակառակը` նվազում է։ Ուստի ես լուրջ հեռանկարներ չեմ տեսնում։ Այդ միավորումը հիմնվեց ոչ թե` տնտեսական, այլ` քաղաքական մոտիվներով` Ռուսաստանի կողմից, ով ուներ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հետաքրքրություններ։ Դա ստեղծվեց հապճեպորեն, սկզբից ձևավորվեց Մաքսային միությունը, այն չձևավորված` սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, չձևավորվեց այդպես էլ և չգործեց ազատ առևտրի գոտին։ Իրականում, երբ շենքի ցածր հարկերը կառուցված չեն, նոր հարկեր և մասնաշենքեր կառուցել հնարավոր չէ։

Ուստի, ընդհանուր առմամբ հեռանկարներ չեն կարող լինել, այդ միությունը շատ վատ է աշխատում, խախտվում են այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են, ծրագրերը չեն իրականացվում, առավել ևս, որ Ռուսաստանը` այդ միության գլխավոր շահագրգիռ կողմը, ճգնաժամի փուլում է, չի կարողանում բավարար չափով օժանդակել դրա կարիքն ունեցող երկրներին։

Բայց այն կշարունակի գոյություն ունենալ, ոչ մի արտառոց բան այդ միության հետ չի լինի, կշարունակի գործել` ոչ այնքան լավ արդյունքներ արձանագրելով։ Ֆորմալ կերպով այն չի դադարեցնի իր գործունեությունը, սա է իմ կանխատեսումը։ ԵՏՄ ոչ մի անդամ երկիր, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, չեն անցնի այդ կարմիր գիծը, քանի որ դա դեմարշ կլինի Ռուսաստանի հանդեպ, որը նա չի ների, ոչ մեկը դրան պատրաստ չէ և չի ցանկանում նման սցենար, քանի որ, այնուամենայնիվ, կան շահեր։ ԵՏՄ անդամակցությունը Ռուսաստանին նվիրվածության բաղադրիչներից մեկն է, իսկ այն երկրները, որոնք միացել են այդ միությանը, հասկանալիորեն չեն ցանկանում վատթարացնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ` մի շարք պատճառներից ելնելով։

– Այդ դեմարշին ինչո՞վ կպատասխանի, ըստ Ձեզ` Ռուսաստանը։

– Վատ սցենարով, գուցե ոչ այնքան ուկրաինական սցենարի տեսքով, բայց ոչ այնքան լավ զարգացումներ կսպասվեն այն երկրներին, որոնք կանցնեն սահմանված կարմիր գիծը։

Տեսանյութեր

Լրահոս