«Դաշինքները միավորվում են, որպեսզի տիրանան մանդատի»

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Անուշ Սեդրակյանը

– Նախընտրական այս փուլում ակտիվ բանակցություններ են ընթանում, դաշինքներ են ձևավորվում։ Նախապես բոլոր ուժերն էլ կարծես կարևորում էին գաղափարական պայքարը, բայց արդյո՞ք այժմ կա գաղափարական պայքար։

– Ինձ թվում է, որ պետք չէ բառախաղ անել և խոսել գաղափարական պայքարի մասին մի դաշտում, որտեղ ի սկզբանե գաղափարները բացակայում են։ Եթե նայենք այս դաշինքների սպեկտրին, մենք տեսնում ենք, թե ինչպես ծայրահեղ արևմտամետ ուժերը միավորվում և դաշինք են ստեղծում ծայրահեղ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հետ, և այդ դաշինքը փորձում են պայմանավորել ինչ-որ ընդհանուր գաղափարներով։ Այդպիսի դաշինքները հնարավոր չի պայմանավորել ընդհանուր գաղափարներով։ Միակ բանը, որով կարելի է այդ դաշինքը ոչ թե` արդարացնել, այլ` բացատրել, մանդատն է։ Այսինքն` դաշինքները միավորվում են, որպեսզի տիրանան մանդատի։

Սակայն, տեսեք, ինչ հակասական գործընթաց է կատարվում. իբր միավորվում են, որ էլեկտորատը շատանա, բայց իրականում էլեկտորատը տարանջատում են, որովհետև այն սակավաթիվ մարդիկ, որոնք դեռևս ինչ-որ գաղափարների կրողներ էին, չեն քվեարկելու գաղափարներին դավաճանած մարդկանց օգտին։ Իսկ մնացածները, ովքեր պետք է ընտրեն ընտրակաշառքի կամ այլ լծակների գործածությամբ, արդեն գտնվում են ՀՀԿ տիրույթում։

Դրա համար ինձ թվում է` ինքնին դաշինքների գաղափարը լավ հաշվարկված չէ։ Դա ուղղակի PR քայլ է, որով մարդիկ ցույց են տալիս իրենց հակաիշխանական նկրտումները։ Բայց այդ հակաիշխանական նկրտումները ո՛չ պետության կառուցման ծրագիր է, ո՛չ էլ պետության կառուցման այլընտրանքային ծրագիր։ Իշխանությունը ես համարում եմ տապալված խումբ, իրենք իրենց աշխատանքի մեջ իրենց գործառույթները տապալել են։ Եվ բազմիցս ասել եմ, որ մեկ տապալված խմբի փոխարինումը մեկ այլ տապալված խմբով որևէ բան չի փոխելու ո՛չ ՀՀ պետության, ո՛չ էլ հայ հասարակության համար։

– Քաղաքական դաշտի խմորումներն արդեն ցույց են տալիս, թե ով ուր է գնում, ում է միանում։ Ձեր կարծիքով` ընտրողը կկարողանա՞ կողմնորոշվել։

– Ընտրողը երբևէ խնդիր չի էլ դրել կողմնորոշվելու։ Ցավում եմ, բայց թե՛ մամուլը, թե՛ հեռուստատեսությունը, թե՛ բոլոր այն մարմինները, որոնք այս կամ այն չափով պատասխանատու են ընտրողին տեղեկացնելու մասով, թերանում են, որովհետև յուրաքանչյուր մեր մամլո կենտրոն, ինչքան էլ փորձի անաչառ և օբյեկտիվ լինել, միևնույն է, համակրում է ինչ-որ մի ուժի, կամ նյութական շահից ելնելով` «համագործակցում» է որևէ ուժի հետ և, բնականաբար, կատարում է այդ ուժի բացահայտ ու թաքնված քարոզչությունը։ Ընտրողը խնդիր չունի գաղափարական մասով կողմնորոշվելու, որովհետև տարիներ շարունակ մսխվել է գաղափարական պատկանելության ռեսուրսը։

Այժմ ընտրողը, ինչպես նաև իշխանությունը, ինչպես նաև այս նորելուկ դաշինքները, կողմնորոշվում են միայն մի բանով` անմիջական շահով, նայում են, թե այս կամ այն մարդու, այս կամ այն միավորման ընտրությունից ինքն անձամբ ինչ կարող է ստանալ։ Եվ որևէ մեկն իրավունք չունի ընտրողին մեղադրել, որովհետև նա գործում է իշխանությանը և նորելուկ ընդդիմությանը համահունչ։

– Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ի ցուցակը կազմված է լինելու, այսպես ասած, արժանավոր թեկնածուներից, այսինքն` օդիոզ դեմքերը կարծես թե հեռանում են իշխող կուսակցությունից և հավաքվելու են Ծառուկյանի շուրջ։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում կներկայանա` որպես «մտավոր» ուժ, իսկ օլիգարխներն ԱԺ կանցնեն Ծառուկյան դաշինքով։

– Որպես փոքր նախազգուշացում` ասեմ, որ բոլոր դիկտատուրական կառույցները, երբ փորձել են բարելավել դիկտատուրան, իսկ դա եղել է բազմիցս, օրինակ, ռուսական իմպերիական բարեփոխումների ժամանակ, կամ Գորբաչովի, այսպես կոչված` «социализм с человеческим лицом», փորձերը բերել են նրան, որ դիկտատուրական մեխանիզմները ոչնչացվել են, բայց դրանց փոխարեն ուրիշ կայուն և մրցունակ մեխանիզմներ չեն ստեղծվել։

Դրա համար կարծում եմ, որ արժանավոր մարդկանց մուտքը խորհրդարան հղի է հետագա բարդություններով, որովհետև այնտեղ բախվելու են ոչ միայն ներխորհրդարանական կրքերը, այլև բախվելու են իշխանության մեջ գտնվող տարբեր իշխանական խմբերի և լծակներ տնօրինողների ներքին շահերը։ Եվ այդ բախումներից լավ բան չի կարելի սպասել, որովհետև խոսքը գնում է տնտեսական լծակների վերաբաժանման մասին։ Իսկ տնտեսական լծակները ոչ մեկն այդպես հեշտությամբ չի հանձնում։

– Ի վերջո, այդ տնտեսական լծակները պահելու համար էական նշանակություն ունի՞, թե տվյալ անձն ԱԺ պատերից նե՞րս, թե՞ դուրս է, ինչո՞ւ են բոլորը ձգտում ներսում լինել։

– Այստեղ կա պատգամավորական անձեռնմխելիության գործոնը, որ, ցավոք, մեր պատգամավորներից շատերի կրիմինալ անցյալին մեծ օգնություն կարող է լինել, որովհետև անպատժելիության սինդրոմը, սեփական բիզնեսին կտուր կանգնելու սինդրոմը ցայսօր տիրում է մեր ներկա, ապագա և անցյալ պատգամավորների ուղեղներին։ Այսինքն` ԱԺ-ի պատերից ներս մտնելը հնարավորություն է տնտեսական լծակների վերաբաժանմանը մասնակցելու, որովհետև կառավարությունը, այսպես թե այնպես, նշանակովի է, և, փաստորեն, ստացվում է, որ ԱԺ-ն միակ ճանապարհն է կա՛մ նոր կերակրատաշտ ձեռք բերելու, կա՛մ կերակրատաշտից չզրկվելու համար։

Ուրիշ խնդիր կա. տնտեսական ռեսուրսների ամայացումը, պետության սնանկացումը, արտասահմանյան օգնության աղբյուրի ցամաքեցումը բերել է նրան, որ հետզհետե տնտեսական լծակները քչանում են, տնտեսական հնարավորությունները` պակասում, իսկ այդ լծակների դանակավորները շատանում են։ Եվ այդ պատճառով էլ Հայաստանի, այսպես կոչված, բուռն քաղաքական պայքարն ընդամենը նյարդային աժիոտաժ է հենց այդ պակասող տնտեսական ռեսուրսների համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս