Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ
Հայաստանում 2016 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 28 հազար 129 մահվան դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 0.9 տոկոսով: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ 1000 բնակչի հաշվով եղել է 13 մահ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ մեր երկրում ծնվածների և մահացածների տարբերությամբ որոշվում է բնակչության բնական հավելաճը, որը կազմել է 12 հազար 509: Այսինքն՝ այդքանով ավելի ծնունդներ են գրանցվել, քան մահվան դեպքեր:
«Մշտական բնակչության թվաքանակը հաշվվում է մեր երկրում բնական հավելաճի և միգրացիայի ազդեցությամբ: Արդյունքում` Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ: Նախորդ տարվա համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 հազար 100 մարդով կամ 0.4 տոկոսով: Այդ փոփոխությունը պայմանավորված է միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշով և բնական հավելաճով` ծնունդներ- մահացություն հարաբերակցությամբ: Միգրացիայի մնացորդի ցուցանիշը կազմել է -24 հազար 600»,-ասաց Կարինե Կույումջյանը:
Ներկայացնելով սահմանահատման տվյալները` Կարինե Կույումջյանը նշեց, որ 2016 թվականին ընդհանուր ուղևորաշրջանառությունը կազմել է 5 մլն 782 հազար: Այս թվի մեջ մտնում են և՛ մուտքերը, և՛ ելքերը: Դրանց հաշվեկշիռը կազմել է -48 հազար 170: Այսինքն` այսքան ելք է գրանցվել:
«Քանի որ այդ շրջանառության մեջ եղել են մարդիկ, ովքեր երկքաղաքացիներ են, այսինքն` կարող էին Հայաստան մտնել այլ անձնագրով, բայց Հայաստանից դուրս գալ հայկական փաստաթղթով, հետևաբար կատարվել է վերահաշվարկ: Արդյունքում` ՀՀ փաստաթղթերով 2016 թվականին Հայաստան է եկել 769 հազար 19 մարդ, նույն թղթերով Հայաստանից դուրս է եկել 820 հազար 398 մարդ: Հայաստանի փաստաթղթերով ուղևորաշրջանառության հաշվեկշիռը կազմել է -51 հազար 79: Ասել, որ այդքան մարդ դուրս է եկել և չի վերադարձել, ճիշտ չէ: Կան կարճաժամկետ միգրանտներ, որոնք դեկտեմբերի 31-ին եղել են դրսում, բա յց շատ հնարավոր է, որ հունվարին ետ են վերադարձել»,-հավելեց Կարինե Կույումջյանը: