«Եթե հայության կողմից հստակ խնդիրներ չդրվեն, բոլորը նույն արդյունքը կտա». Հիլդա Չոբոյան
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկեց «Հավասարություն և քաղաքացիություն» անվանումը կրող օրինագիծը, որը հայկական ԶԼՄ-ներում հայտնի էր` որպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ։ Հարկ է նշել, որ նախագծում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել, պարզապես, համաձայն օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր` իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»։ «168 Ժամը» թեմայի շուրջ զրուցեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանի հետ։
– Տիկին Չոբոյան, հայկական մամուլում արդեն ակտիվորեն քննարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումը` որակվելով որպես պարտություն։ Ինչո՞ւ տապալվեց Ցեղասպանության հերքումը քրեականացնող այս օրինագիծը, որի վրա Ֆրանսիայի հայ համայնքը, ըստ էության, իր ողջ ներուժն էր ներդրել։
– Սա նմանատիպ օրինագիծ ընդունելու երկրորդ փորձն է, որը, ըստ էության, առաջին փորձի շարունակությունը կարելի է համարել։ Հայությունը, հայկական կազմակերպություններն այս հարցը հետապնդում են մոտավորապես 12 տարի և ավելի։ Առաջին փորձը եղավ 2006 թ., երբ օրինագիծը խորհրդարանի մեկ պալատից մյուսը չփոխանցվեց։ Երկրորդ տապալված փորձը 2011-2012թթ. էր, և երրորդ փորձը` այսօր։ Սա նշանակում է, որ հարցն այդքան էլ պարզ չէ, այսինքն` այսօր շատ ենք լսում, թե Թուրքիան հաղթել է, Թուրքիան է տապալել այս օրինագիծը, որի հետ ես բոլորովին համաձայն չեմ։ Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի։ Այս խնդիրը պետք է դնենք մեր առաջնահերթությունների ցանկում` դրան բացարձակ առաջնահերթություն չտալով, որովհետև հայությունը, ֆրանսահայությունը, Սփյուռքը շատ ավելի այժմեական և շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունեն, ինչպիսին Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է։
Սա իրականում ռազմավարական որոշման հարց է հայ համայնքի, հայ համայնքի ղեկավարության համար, և հույս ունեմ, ցանկանում եմ, որ այս որոշումն առիթ դառնա, որպեսզի համայնքը կրկին և կրկին մտածի իր առաջնահերթությունների ուրվագծման ուղղությամբ։ Շատ ավելի կենսական խնդիրներ ունենք մենք այսօր, որոնք իսկապես օրակարգում չեն նույնիսկ, եթե այդ մասին այստեղ-այնտեղ հայտարարություններ են արվում։ Երկրորդ, եթե օրինագծի մանրամասնությունների մեջ խորանանք, իրականում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումը պարտություն չենք որակի, որովհետև շատ ընդհանուր օրենքի մեջ մեկ պարբերությամբ խոսք է գնում սահմանափակումներով ժխտելիության մասին, այդ սահմանափակումները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, պարզապես այս օրենքը Հայոց ցեղասպանության պարագան դուրս է թողնում մատչելիության օրենքից։
Ներկայումս, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտումը պատժվի, պետք է անպայման ատելություն սերմանվի ժխտողի խոսքում, օրենքը սա է սահմանում։ Ուշագրավ է նաև, որ այս օրենքը նաև բացառում է այն ցեղասպանությունները, որոնք միջազգային ատյանի կողմից դատապարտված չեն։ Եթե այս սահմանափակումներն օրինագծում առկա են, ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության դեպքում այն կարող է կիրարկվել։ Ֆրանսիայում մեծ մասնագետներ կան, կարող եմ մատնանշել Բերնարդ Ժուանո անունով մեծ իրավաբանին, ով միշտ մեր կողքին է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որոնք պնդում էին, որ այս օրինագիծը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր, որովհետև այս օրենքով թուրքերը և Ցեղասպանությունը ժխտողները կարող են փորձել 2001թ. Ցեղասպանության ճանաչման օրենքը տապալել, այսինքն` սա իրավաբանորեն վտանգավոր օրենք էր։
Ես` անձնապես, իմ նման շատ մասնագետներ չենք համարել այս մեկը` որպես պարտություն։ Իրավաբանորեն սա անհուսալի օրենք էր։ Քաղաքականորեն այս օրենքի ընդունումն անկարելի էր, անհնար, որովհետև Օլանդի Կառավարությունը, Ֆրանսիայի միջազգային քաղաքականությունը Թուրքիային ընտրեց` որպես գործընկեր։ Անկարելի է հուսալ, որ այս պայմաններում մի կողմից` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավող Կառավարությունը, մյուս կողմից` Թուրքիայի հետ մեծ գործարքների մեջ մտնող Կառավարությունը, երրորդ` Ադրբեջանին արբանյակներ վաճառող Ֆրանսիան այսպիսի օրենք կկիրառեր։
Քաղաքականապես նման օրենքի ընդունումն անհնար էր, այնինչ մերոնք ցանկացան ցույց տալ, որ կարելի է ամեն պարագայում հաղթանակել։ Այսօր, դժբախտաբար, բախվում ենք այդ քաղաքական գծի, բայց ոչ` Հայ Դատի պարտությանը։ Սա իսկապես պարտություն չէ, որովհետև այդ օրենքն արդեն իսկ չէր կարող կիրարկվել Հայոց ցեղասպանության դեպքում։
– Մի քանի հակասություններ կան։ Եթե հիշում եք, 2011-2012թթ. տապալումից հետո նման օրենքի ձևակերպումը ձգձգվում էր Օլանդի կառավարության կողմից` պարզաբանմամբ, թե այդ տապալումից հետո այնպիսի օրինագիծ պետք է կազմել, որն իրավաբանորեն անխոցելի կլինի։ Հայ համայնքը սպասում էր այդ անխոցելի օրինագծին։ Հայ համայնքի ղեկավարությունը նախագահական ընտրություններում Օլանդի հաղթանակից հետո պնդում էր, թե նա Ֆրանսիայի ամենահայամետ նախագահներից մեկն է լինելու, ավելին, ընդունելու է նման օրինագիծ։ Այս ամենի հետ մեկտեղ` ինչպե՞ս ստեղծվեց ներկայիս պատկերը։
– Այս ամբողջն ուժերի հարաբերակցության հարց է։ Ի՞նչ կշիռ ունի հայ համայնքը, որպեսզի Թուրքիայի հետ միլիարդների գործարքները խնդրո առարկա դառնան։ Ես նրանցից չեմ, որոնք հայտարարում են բարձրագոչ կերպով, որ Օլանդը մեր բարեկամն է, մեր գեղեցիկ աչքերի համար պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնի, ընդհակառակը` Օլանդից առաջ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը Թուրքիայի հետ հարաբերությունները բավականին ծանր կացության մեջ էր դրել, իսկ Օլանդը եկավ և բարելավեց։
Սա ես ասում եմ` առանց կողմնակալ վերաբերմունքի, իմ սկզբունքների, քաղաքական կողմնորոշման հետ կապ չունի այս պնդումս, Օլանդն առաջին իսկ օրվանից հայ համայնքին խոստումներ տվեց, միևնույն ժամանակ` Թուրքիայի հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցրեց։ Տարիների ընթացքում, երբ Թուրքիան իսլամականներին հստակորեն տեղ էր տալիս իր երկրում, ճանապարհ էր բացում դեպի Սիրիա, այդ մասին Ֆրանսիա պետությունը ոչ մի խոսք չէր արտահայտում, այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ նույնիսկ այն պարագայում, երբ Էրդողանը բացահայտ կերպով իր իրական դեմքն է ցույց տալիս, տարանջատման եզր չկա հայությանն իր տված խոստումների, քայլերի և որոշ հայ ղեկավարների լավատես հայտարարությունների միջև։
Օլանդը` որպես լավ քաղաքական գործիչ, փորձեց երկու կողմերին էլ գոհացնել։ Չեմ կասկածում նաև, որ Ֆրանսիայի դիվանագիտությունն այս օրենքը կազմել է Թուրքիայի հետ համաձայնությամբ, այս օրինագիծը քննարկվել է կուլիսներում Թուրքիայի հետ, այսինքն` մենք իսկապես միամիտ չպետք է լինենք և մտածենք, որ Ֆրանսիայի որևէ նախագահ խնդրո առարկա է դարձնելու իր պետական շահերը` մեզ հաճույք պատճառելու և մեզ սիրելու պատճառով։
Ես չեմ պնդում, որ պայքարը պետք է դադարեցնել, բայց առնվազն 2011-2012թթ. մեր փորձից ելնելով` հաշվետվություն պետք է ներկայացնեինք հայ համայնքին և ողջ հայությանը, հայության ղեկավարությունը պետք է ասեր, թե ինչ ճիշտ և սխալ քայլեր արվեցին, որ օրինագիծը տապալվեց։
Մի օր հայությունը պետք է հաշվետվություն պահանջի իր ղեկավարությունից։ Այնինչ կարգախոսներով շարունակում ենք ասել, որ մենք իրավունք ունենք, այսպես պետք է լիներ, բայց թուրքերը պատճառ դարձան, որպեսզի տապալվի օրինագիծը։
– Ասացիք, որ պայքարը պետք է շարունակել, սակայն Դուք այդ պայքարի Ձեր ուրվագիծն ունեք։ Առջևում Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և հայ համայնքը պետք է աշխատի նոր նախագահի հետ, արդեն իսկ մեկնարկել են քննարկումները, թե որ նախագահն է հայամետ, որը` ոչ։ Ի՞նչն է կարևոր, ըստ Ձեզ, ապագա աշխատանքում։
– Կարծում եմ, որ մեր հարթակը պետք է ընդլայնել։ Օրինակ` աջակողմյան թեկնածուներ կան, որոնք խոսում են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների մասին, այդ մարդկանց հետ պետք է խոսել Միջին Արևելքի հայության վիճակի մասին։ Այս հարցը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ տեղ չունի։ Հայությունը, որպես քաղաքական տարր, քաղաքական գործոն, Միջին Արևելքում Ֆրանսիայի աչքին տեղ չունեցող տարր է։ Այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։
Երկրորդ` ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ հսկայական աշխատանք կա անելու, և այդ աշխատանքը, իմ համոզմամբ` մնացել է այս օրինագծի առաջնահերթության ստվերում։ Առայժմ այս երկու թեմաները շատ ավելի այժմեական և գործնական արդյունքներ կարող են տալ, եթե պլատֆորմն ընդլայնվի, եթե Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նյութերն օրակարգ բերվեն։ Առայժմ` այսքանը։ Շատ վաղ է` ասելու համար, թե որ թեկնածուն է լավ Հայաստանի խնդիրների համար։ Բոլոր թեկնածուները, եթե հայության կողմից հստակ խնդիրներ չդրվեն, բոլորը նույն արդյունքը կտան, հայության կողմից հարցերը պետք է ճիշտ ձևով ներկայացվեն և ճիշտ հարցեր ներկայացվեն։
Օրինակ` Ֆրանսուա Օլանդը` որպես Ֆրանսիայի նախագահ, երկու անգամ այցելեց Հայաստան, երկու դեպքում էլ հաջորդ օրը մեկնեց Ադրբեջան, որտեղ մեծ համաձայնագրեր ստորագրեց, այդ թվում` համաձայնագիր SPOT-7 հետախուզական արբանյակների վաճառքի մասին։ Այս թեմայի առնչությամբ որևէ խոսք չեղավ հայության կողմից, դժբախտաբար, այս խնդիրը պետք է դրվի օրակարգում։
Ապրիլյան պատերազմի օրերին մեր ղեկավարության հետ խոսել եմ այս հարցի շուրջ` ասելով, եթե այս խնդիրը լռության մատնվի, վաղը շատ ավելի մեծ քանակությամբ զենքեր են վաճառվելու Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին։ Սա օրակարգի նյութ չդարձավ երբեք։
Ֆրանսահայության կողմից շատ հստակ կերպով պետք է բարձրացվեր նմանատիպ վաճառքներին վերջ դնելու պահանջը։ Միայն խոսվում է այս օրինագծի մասին, երբ գիտեինք, որ մեծ խնդիրներ կան` կապված դրա հետ։ Ի դեպ, այդ դժվարություններից ամենամեծը Թուրքիան չէ։ Ամենամեծը Ֆրանսիայում է, ամենամեծ խնդիրը Ֆրանսիայում հանրային կարծիքն է, Ֆրանսիայի հանրային կարծիքում հստակ ընդդիմություն կա Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ` ոչ թե այն պատճառով, որ հայերին չեն սիրում, այլ` որովհետև կա ազատությունների հարց։
Կեսոյի օրենքի հիման վրա ցանկանում էին նմանատիպ օրենք ստեղծել, գաղափարը գնահատելի է, բայց Կեսոյի օրենքը չսիրված և ատված օրենք է մամուլի և մտավորականության կողմից։ Ֆրանսիայի իրավաբանական համալսարաններում ոչ մի գիտաժողով չկազմակերպվեց այս նյութն ընդունելի դարձնելու համար, այս նյութի շուրջ մտավորականություն, լուրջ իրավաբաններ ներգրավելու համար, ոչինչ չի արվել, կարգախոսներով քաղաքականությամբ զբաղվելու միտումն ինձ համար անընդունելի է։ Եթե լուրջ ղեկավարություն ունենք և պետք է ունենանք, ապա այդ ղեկավարությունը պետք է վերանայի իր քաղաքականությունն ու առաջնահերթությունները։