
ԱՄՆ նախագահը մեղադրել է Չինաստանին առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը խախտել է Վաշինգտոնի հետ վերջերս ձեռք բերված առևտրային պայմանավորվածությունները, որոնց համաձայն Պեկինը պարտավորվել էր նվազեցնել Միացյալ Նահանգներ չինական ապրանքների արտահանման մաքսատուրքերը։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social» սոցիալական ցանցում:
«Երկու շաբաթ առաջ Չինաստանի տնտեսությունը լուրջ վտանգի տակ էր։ Իմ սահմանած շատ բարձր սակագները գրեթե անհնար էին դարձրել նրանց առևտուրը աշխարհի թիվ մեկ շուկայի՝ ԱՄՆ-ի հետ։ Մենք, ըստ էության, դադարեցրել էինք առևտուրը, ինչն աղետալի էր նրանց համար։ Շատ գործարաններ փակվեցին, սկսվեցին, մեղմ ասած, քաղաքացիական անկարգություններ։ Ես տեսա, թե ինչ է տեղի ունենում, և դա ինձ դուր չեկավ՝ ոչ թե մեզ համար, այլ նրանց։ Այդ պատճառով ես արագ գործարք կնքեցի Չինաստանի հետ՝ փորձելով խուսափել լուրջ հետևանքներից։ Գործարքն աշխատեց, շուկաները կայունացան, բայց Չինաստանը, ոչ մի զարմանքով, ամբողջովին խախտեց համաձայնությունը։ Այնպես որ՝ ինձնից այլևս «թույն տղա» դուրս չի գա»,– գրել է Թրամփը։
Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մաքսատուրքերը ժամանակավորապես նվազեցնելու մասին համաձայնագիրը սկզբում դրական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆոնդային շուկաների վրա։ Սակայն այն չի անդրադարձել Վաշինգտոնի հիմնական դժգոհություններին՝ Չինաստանի տնտեսությունում պետության գերիշխող դերին և արտահանման կողմնորոշմանը, որոնք շարունակում են մնալ բանակցային օրակարգում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունները ներկայում որոշ չափով կանգ են առել, և գործարքի ավարտին հասնելու համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի անմիջական մասնակցությունը։
Բեսենտը նաև նշել է, որ բանակցությունները բարդ ընթացք ունեն, սակայն ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։