Բաժիններ՝

Հայաստանում հակածխախոտային օրենսդրությունը խախտողներին կհետևեն հատուկ հավելվածի միջոցով

Հայաստանում գործարկվել է Smoke.Free.Armenia անվճար բջջային հավելվածը, որը նախատեսված է հակածխախոտային օրենսդրության խախտումների արձանագրման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության վարչության գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը:

2022 թվականից ՀՀ-ում գործում է օրենք, որն արգելում է առևտրի կետերում և հանրային սննդի հաստատություններում ծխախոտի և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը, ինչպես նաև ցանկացած ծխախոտային արտադրանքի օգտագործումը ինչպես ռեստորանների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների և այլ հասարակական վայրերի փակ, այնպես էլ բաց տարածքներում։

Չնայած դրան, 2025 թվականին առողջապահության նախարարությունը շարունակում է խախտումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալ։ Վերահսկողությունն ուժեղացնելու համար որոշում է կայացվել ստեղծել բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները կարող են իրական ժամանակի ռեժիմում նշել այն վայրերը, որտեղ արձանագրվում են նման իրավախախտումներ:

«Հավելվածը հասանելի է Android և iOS-օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար։ Բավական է ներբեռնել այն և նշել խախտման վայրը։ Օգտատիրոջ նույնականացում չի պահանջվում. հաղորդագրությունները կարելի է ուղարկել անանուն», – պարզաբանեց Մնացականյանը։

Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ընդգծեց, որ նախագծի նպատակը ոչ թե օրինախախտներին պատժելն է, այլ ծխելու տարածումը կանխելը: Նա նաև նշել է, որ թեև երկրում ծխողների ընդհանուր թիվն աստիճանաբար նվազում է, սակայն նկատվում է էլեկտրոնային ծխախոտից և նիկոտինային սարքերից օգտվողների թվի աճ:

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտայի խոսքով՝ աշխարհում կա 13-15 տարեկան շուրջ 37 միլիոն ծխող: Ընդ որում, ծխելու հետևանքներից մահացողների տարեկան թիվը կազմում է մինչև 8 մլն մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս