
Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Պակիստանի Սենատը հավանություն է տվել օրենքին, որը արգելում է անչափահասների ամուսնությունը երկրի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, նախագահը մոտ ապագայում կստորագրի օրենքը։ Իրավապաշտպաններն ակնկալում են, որ այս նախաձեռնությանը շուտով կհաջորդեն նաև երկրի մյուս շրջանները։
Նոր օրենքի համաձայն՝ ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները կարող են ամուսնանալ միայն 18 տարեկանից։ Երեխաների ամուսնություն կազմակերպելու դեպքում՝ անկախ նրանից, թե կազմակերպիչը ծնող է, կրոնական գործիչ, թե այլ անձ, սահմանվում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Օրինագծի քննարկման ընթացքում սենատոր Նասիմա Էհսանը, որը հանդես է եկել օրենքի օգտին, խոստովանել է, որ ինքն անձամբ ամուսնացել է 13 տարեկանում և լուրջ առողջական խնդիրներ է ունեցել վաղ հղիության հետևանքով։ Նա ընդգծել է Պակիստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։