Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն բոլորը դժվարանցանելի են
Շիրակի մարզում եղանակային պայմանների հետ կապված փրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտակարգ Իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ մարզում միջպետական բոլոր ճանապարհները բաց են, բայց դժվարանցանելի: Ինչպես տեղեկացնում է մարզի փրկարարական վարչությունը, համագործակցելով մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունների հետ՝ հսկողություն է իրականացնում մայրուղիների վրա:
«Այս պահին ճանապարհներին մնացած տրանսպորտային միջոցների և մարդկանց վերաբերյալ ահազանգ չունենք, թեև առավոտյան եղել են ահազանգեր հիմնականում Ջաջուռի հատվածում և Թորոսի ոլորաններում՝ մինչև Ցողամարգ, արգելափակված մեքենաների վերաբերյալ:
Ճանապարհային շինարարների հետ ճանապարհները բացվել են և մեքենաները դուրս են բերվել: Այս պահին թեև միջպետական նշանակության փակ ճանապարհներ չունենք, բայց բոլորը դժվարանցանելի են և՛ դեպի Բավրա, և՛ դեպի Սպիտակ, և՛ Լանջիկ-Մաստարա հատվածը, և՛ Վահրամաբերդ տանող և Արթիկ-Մանթաշ, Արագած-Ծաղկահովիտ հատվածները, մի փոքր հանգիստ է Արմավիր գնացող ճանապարհը: Գյումրի-Երևան ճանապարհը նույնպես թեև բաց է, բայց մերկասառույց կա, այստեղ ևս իրականացվում է հերթապահություն:
Անցանելիության դժվարացումը կապված է բքի հետ, հատկապես՝ Արթիկ-Մանթաշ, Արագած-Ծաղկահովիտ, Ջաջուռի և Աշոցքի հատվածներում»,- նշեց Արթուր Կարապետյանը՝ հորդորելով մարզի ազգաբնակչությանը զերծ մնալ երեկոյան ժամերին ճանապարհ ընկնելուց՝ հաշվի առնելով բքի հավանականությունը, որի պատճառով հնարավոր է, որ մի շարք ճանապարհներ փակվեն:
«Ունենք ուժեղացված ծառայություն բոլոր ջոկատներում: Ցանկացած ահազանգի դեպքում կարձագանքենք: Ամբողջ տեխնիկան այս պահին ճանապարհներին են, բայց բուքը նորից շարունակվում է: Նշված ճանապարհներով երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- նշեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը: