Բաժիններ՝

Կրիպտովիրուսները և տնտեսությունը․ արդյո՞ք Հայաստանը տուժում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտրոսյանը անդրադարձել է կրիպտովիրուսներին (ransomware) և դրանց հետևանքներին։

* * *

Կրիպտովիրուսները (ransomware) դառնում են տնտեսական գործոն։ Սա համեմատաբար նոր երևույթ է կիբեր-հանցագործությունների ոլորտում։ Հաքերները վարակում են զոհի համակարգիչը, բոլոր կարևոր ֆայլերը գաղտնագրում և հետագայում փրկագին պահանջում՝ ֆայլերը ապակոդավորելու համար։

Հաճախ հարձակման թիրախ են դառնում ոչ միայն անհատները, այլ մեծ կազմակերպությունները․ բանկերը, հիվանդանոցները, կրթական հաստատությունները։ Հասկանալի է, որ նման դեպքերում չվճարելը ունենում է հստակ տնտեսական էֆեկտ, քանի որ հաստատության աշխատանքն է կանգնում։ Կամ ստիպված են լինում վճարել, ինչն էլ ունենում է իր հերթին ֆինանսական ազդեցություն։ Միջինում պահանջված գումարների չափը աճել է $295֊ից 2015 թվականին մինչև $679֊ը 2016 թվականին։ Սակայն սա միջինացված ցուցանիշ է, և հաքերները մեծ հաստատություններից պահանջում են անհամեմատ ավելի մեծ գումարներ՝ իմանալով տվյալների կարևորությունը։

Քանի որ հաքերները վճարները թաքցնելու խնդիր ունեն, որպեսզի խուսափեն իրավապահներից, ապա հիմնականում փրկագինը պահանջում են բիթքոյինով (bitcoin)՝ կրիպտոփոխարժեքով, որի վճարումները անոնիմ են իրականացվում ինտերնետի միջոցով։ Դա իր հերթին ստեղծում է բիթքոյինի բավականին լուրջ պահանջարկ։

Որպեսզի մասշտաբները հասկանալի լինեն, նշենք, որ եթե 2015 թվականին կրիպտովիրուսների միջոցով շորթված գումարի չափը գնահատվում էր մոտ 24 միլիոն դոլար, ապա 2016 թվականին այն արդեն հասավ 1 միլիարդ դոլարի։  Հաշվի առնելով, որ բիթքոյինների ողջ կապիտալիզացիան տվյալ պահին հասնում է 13 միլիարդ դոլարի, կարելի է հասկանալ, որ մի կողմից կրիպտովիրուսներին օժանդակում է բիթքոյինը, իսկ մյուս կողմից՝ հենց բիթքոյինն էլ հանդիսանում է դրանց խթանող հանգամանքներից մեկը։

ransomware01

Բիթքոյինի փոխարժեքի փոփոխությունը և ընդհանուր շուկայի կապիտալիզացիան, ըստ Coinmarketcap

Գլոբալ առումով՝ գոյություն ունեն շուկաներ, որտեղ կրիպտովիրուսների ազդեցությունը զգալի է։ Այսպես, Հնդկաստանում ամեն տասներորդ վարակված սարքը հենց կրիպտովիրուս է պարունակում։ Ռուսաստանի Դաշնությունում տվյալ ցուցանիշը հասնում է 6.4 տոկոսի։

ransomware02

Կրիպտովիրուսների վարակումը որպես տոկոս բոլոր վարակումներից, 2015-2016 թվականների տվյալներով։ Տվյալները՝ Kaspersky Lab, պատկերը՝ Statista

Հայաստանում հստակ վիճակագրություն չկա, սակայն ինտերնետում իրականացված հարցումը, որին մասնակցել են 1000 ավելի մարդ, ցույց է տալիս, որ այստեղ նույնպես իրավիճակը մոտ է տագնապալիին։

Հայաստանում գտնվող հարցման մասնակիցներից 4.7%-ը հանդիսացել են 2016 թվականին կրիպտովիրուների զոհ, իսկ ևս 1.7%-ը ոչ միայն իրենք են վարակվել, այլև վարակել եննաև կազմակերպության համակարգիչը։

ransomware03

Բացի դրանից, հարցման մասնակիցներից 23.7%-ը տեղյակ են այլ անձանց կամ կազմակերպությունների մասին, որոնք հանդիսացել են կրիպտովիրուսների կողմից հարձակման զոհ։ Ինչը կարող է նշանակել, որ նման հաքերային հարձակումների տնտեսական վնասը, հավանաբար, արդեն այնքան է, որ դրա հետ պետք է հաշվի նստել և դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

Փորձը ցույց է տալիս, որ իրազեկումը և ուսուցողական ծրագրերը թույլ են տալիս մինիմալի հասցնել հնարավոր վարակումները և դրանցից բխող վտանգները և վնասները։

ըստ B4B.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս