«Եթե Երևանն իր նպատակներին չի հասնում, նշանակում է՝ չափազանց թույլ և մեղմ է բարձրացնում խնդիրները ՀԱՊԿ-ում». Տրոֆիմչուկ
«Ծրագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության նշանակումը ՀԱՊԿ-ի համար իմիջի և սկզբունքի հարց է այլևս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգության և քաղաքական հարցերով վերլուծաբան, ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս առավոտյան աշխատանքային այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Երկու ամիս առաջ երևանյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել:
Նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովին: Սակայն գագաթաժողովի ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կրկին տեղեկացրեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է և քննարկվելու է ապրիլին կայանալիք գագաթաժողովի ընթացքում։
Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն արդեն երկրորդ անգամ է հետաձգվում ֆորմալ պատճառաբանությամբ, որ չի ապահովվել «նախագահական» քվորումն այդ հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու համար։ ՄԻնչդեռ, ըստ նրա, բոլորի համար պարզ է, որ հարցն արդեն դարձել է ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական։
«ՀԱՊԿ-ի համար ընդհանուր առմամբ սա շատ բացասական հանգամանք է, քանի որ կողքից թվում է, թե բլոկի ներսում չկա համաձայնություն նույնիսկ այնպիսի հարցերի շուրջ, որոնք ուղիղ կերպով կապված չեն պատերազմի հետ։ Բնական շփոթմունք է առաջանում, թե ինչպես են ընթանալու քվեարկությունները ճգնաժամային իրավիճակներում, երբ դրա համար պարզապես ժամանակ չի լինի։
Բոլորի համար նաև պարզ է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն անուղղակիորեն կապված է հայ-ադրբեջանական հակամարտության հետ՝ այն դեպքում, երբ նման որոշումները հատկապես պետք է լինեն հստակ և թափանցիկ, քանի որ դրանք առնչվում են բլոկի հիմնական գործառույթին։ Եթե մաքսիմալ կերպով պարզեցնենք խնդիրը, ապա իրականում ստացվում է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարություն չի կարող նշանակվել՝ առանց Ադրբեջանի հավանության, որը ՀԱՊԿ անդամ չէ»,- ասաց Տրոֆիմչուկը։
Վերջինիս խոսքով՝ ստացվում է, որ Բաքուն ուղիղ կերպով ազդում է Մինսկի և Աստանայի դիրքորոշումների վրա, որոնք ստիպված են հետևել նրան։ Տրոֆիմչուկի կարծիքով՝ տնտեսական միավորումներում նման բան պատկերացնել ինչ-որ կերպ հնարավոր է, բայց ռազմական դաշինքներում դա բացարձակապես պետք է բացառված լինի։ «ՀԱՊԿ-ի համար սա այլևս իմիջի և սկզբունքի հարց է՝ նշանակել հենց այն թեկնածությունը, որը ծրագրվել էր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ դրանից ֆորմալ կերպով չի փոխվի ոչինչ, և Ադրբեջանի վրա Հայաստանը բլոկի նոր ղեկավարության պայմաններում չի հարձակվի»,- ընդգծեց Տրոֆիմչուկը։
Խոսելով ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած ակնկալիքների մասին, ռուս վերլուծաբանն ասաց, որ Հայաստանը պետք է դիտարկի ՀԱՊԿ-ի պաշտպանությունը պատերազմի և Հայաստանի նկատմամբ ուղիղ հարվածի դեպքում, որի համար էլ Հայաստանը միացել է այս ռազմաքաղաքական բլոկին։
«Ինքը՝ Հայաստանը, դատելով ամենից, կարծում է, որ նման բան արդեն տեղի է ունեցել, հաշվի առնելով Ղարաբաղյան ապրիլյան պատերազմը։ Ի դեպ, դժվար է Երևանին մեղադրել չափազանցված սպասելիքների և դժգոհությունների մեջ։
Այս խնդրից ելք չկա, ամեն դեպքում, ներկայումս այն դեռ չի երևակվում, քանի որ յուրաքանչյուր ՀԱՊԿ անդամ երկրի համար և թշնամիներ, և բարեկամներ կան աշխարհի տարբեր մայրաքաղաքներում։ Այստեղից, ցավոք սրտի, պետք է պարզ եզրակացություն անել, որ այս ռազմական կազմակերպությունը չունի ոչ բարեկամներ, ոչ թշնամիներ։ Նա ժամանակի և տարածության մեջ չի գործում։ Բայց այս ֆոնին կարելի է դժգոհել նաև Երևանից, չէ՞ որ, եթե Երևանն իր նպատակներին չի հասնում, նշանակում է՝ չափազանց թույլ և մեղմ է բարձրացնում սեփական հարցերը։ Ռազմական հարցերում այս մոտեցումն ընդունված չէ»,- ակնարկեց Գրիգորի Տրոֆիմչուկը։