Բաժիններ՝

Սննդի խորհրդատուն՝ Ամանորին ճիշտ սնվելու և երեք «սպիտակ մահերի» մասին

Մեր բնակչության 95-98 տոկոսի մոտ բացակայում է սննդի մշակույթը։ Այս կարծիքին է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սննդի խորհրդատու Հասմիկ Եղիազարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեր հիվանդությունների 80-90 տոկոսը գտնվում է մեր «ափսեի» վրա։

Ըստ նրա՝ կարգավորելով մեր սնունդը՝ մենք ձերբազատվում ենք բոլոր առողջական խնդիրներից. «Մեր ամանորյա ավանդական ուտելիքները հենց առողջ սնունդ են, պարզապես բնակչությունը ճիշտ չի ընտրում մթերքների համակցումը։ Մեր բոլոր ճաշատեսակները շատ նպաստավոր են առողջ ապրելակերպի համար, պարզապես դրանք խառնելն է շատ սխալ»։

Ըստ Հ. Եղիազարյանի՝ տոնական օրերին սխալ սնվելու առաջին նշանն այն է, որ մենք անընդհատ «ծամում» ենք, ինչի արդյունքում էլ գիրանում ենք։ Նրա խոսքով՝ ստամոքսը չունի այդքան հնարավորություն, որ կարողանա միանգամից այդ ամենն ամբոջությամբ մարսել, դրա համար ճիշտ կլինի ընդմիջում տալ մի քանի ժամ։

«Ամենասկզբից պետք է սկսել բանջարեղենից, որոնք նպաստում են աղեստամոքսային ակտի գործունեությանը, որից հետո նոր անցնել ճաշերի։ Չպետք է մոռանալ, որ գոյություն ունի 3 «սպիտակ մահ». առաջինը շաքարավազն է, երկրորդը՝ աղն է, և երրորդը՝ ալյուրն է, և այդ «սպիտակ մահերը» վտանգավոր են առողջության համար»,- նշեց սննդի խորհրդատուն։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ ճիշտ է այն խոսքը, որ ջուրը կյանք է, քանի որ մեր օրգանիզմի 75 տոկոսը բաղկացած է ջրից. «Բայց մեր բնակչությունը, ցավոք, չունի այդ հեղուկներն ընդունելու մշակույթը։ Խորհուրդ է տրվում ջուր խմել հատկապես առավոտյան։ Հաց ուտելուց կես ժամ առաջ և հետո նույնպես լավ է ջուր խմելը։ Մեզնից դեռ 2000 տարի առաջ Հիպոկրատը գրել է, որ բոլոր մեր հիվանդությունները գտնվում են հաստ աղու մեջ, հետևաբար՝ անելով օրգանիզմի մաքրում՝ մենք ձերբազատվում ենք մեր բոլոր հիվանդություններից։ Ե՛վ դեպրեսիաները, և՛ քնկոտությունը, թուլությունը, տրամադրության անկումը, շատ-շատ այլ խնդիրները գալիս են հենց սխալ սնվելուց։ Ճիշտ է այն խոսքը, որ մենք հենց այն ենք, ինչ ուտում ենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս