Ինքնաբուժություն. առողջապահության անմատչելիության հետևա՞նք, թե՞ անփութություն սեփական առողջության նկատմամբ

Հայաստանում ինքնաբուժությանը դիմելուն նպաստում են առողջապահության ֆինանսական անմատչելիությունը, համացանցային ինֆորմացիայի մատչելիությունը, անբավարարվածությունը առողջապահության որակից, ժամանակը, հաճախ նաև անհետևողականությունը:

Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահական գործունեության գնահատում 2015» զեկույցի համաձայն՝  առողջապահության ֆինանսական մատչելիությունը և դեղերի գների մատչելիությունը գտնվում են շատ ցածր գնահատականների տիրույթում: Սակայն դրանց գնահատականները 2014թ.-ին 2013թ. համեմատ փոքր-ինչ աճել են. առողջապահության ֆինանսական մատչելիությունը 9.5%-ից 12.5%, իսկ դեղերի ֆինանսական մատչելիությունը՝ 8.5%-ից 10.2%: Սակայն 2010թ. համեմատ թե առողջապահության ֆինանսական մատչելիությունից, թե առողջապահության որակից բավարարվածությունն անկում է ապրել. եթ ե 2010թ.  առողջապահության որակից գոհ էր բնակչության 52.7, իսկ առողջապահության ֆինանսական մատչելիությունից`28.5 տոկոսը, ապա 2014թ. այդ ցուցանիշները հասել են, համապատասխանաբար, 45.7 և 12.5 տոկոսի:

Վիճակագրությունը փաստում է, որ 1 տարվա կտրվածքով բուժօգնության դիմելու անհրաժեշտության գիտակցմամբ բժշկական օգնության չդիմած անձանց թիվը 2012թ. 65,8%-ի համեմատ՝ 2014-ին աճել է մինչ 66,1%: Կարիքի գիտակցման դեպքում չդիմելու պատճառների շարքում առաջինը ֆինանսականն է՝ 2014-ին՝ 80%, ժամանակ չլինելու պատճառով չդիմողների թիվը 2014-ին նվազել է 2012, 2013 թվականների համեմատ, բժիշկների նկատմամբ անվստահության պատճառով չդիմողների թիվը 2014-ին՝ 9 տոկոս էր, որը 2012, 2013-ի համեմատ ավելացել է:

Արսեն Գրիգորյանը մեկն է, այսպես ասած, ինքնաբուժության զոհերից: Մեր զրուցակցի խոսքերով՝ տարիներ առաջ հիվանդացել է թոքաբորբով, գնացել է բժշկի, մասնագետի ցուցումով ստացել դեղեր, դրանից հետո ամեն անգամ, երբ նորից հիվանդացել, ջերմություն է ունեցել, նույն դեղն (անտիբիոտիկ) է սկսել ընդունել՝ առանց ավելորդ անգամ բժշկի գնալու: Մեկ տարի առաջ վիրահատվել  է՝ թոքի գոյացություն ախտորոշմամբ: Բժիշկը բացատրել է՝ դեղը, որը շարունակաբար ընդունել է սեփական նախաձեռնությամբ, չի ստացել ճիշտ քանակով՝ արդյունքում բորբոքային մասը չորացել է, բայց չի վերացել : Հարցին, թե ինչու չի դիմել բժշկի ճիշտ ժամանակին, ասում  է. «Դե, բժիշկն էր նշանակել այդ դեղը, չեմ պատկերացրել, որ բարդություն կառաջանա»:

Կարդացեք նաև

Բժիշկ-թերապևտ Մարատ Մարկոսյանի կարծիքով` միջազգային ստանդարտների համեմատ՝ Հայաստանում բժշկական ծառայության գներն այնքան էլ բարձր չեն, պարզապես ցածր է հասարակության վճարունակության մակարդակը, այդ իսկ պատճառով գները մեր ազգաբնակչության համար համարվում են բարձր:

Ամենաբարձր գներն ունեն սրտի ինվազիվ  բուժումները, սրտանոթային վիրահատությունները: Սրանք Հայաստանում ամենատարածված ու բուժման կարիք ունեցող հիվանդություններն են:

Բժշկի խոսքերով՝ ֆինանսական արտոնություններ կան միայն որոշ խմբերի համար՝ հաշմանդամություն ունեցող անձինք, թոշակառուները, սոցիալապես անապահով ընտանիքներ, Հայրենական պատերազմի մասնակիցներ: Աղքատության բարձր տոկոսի պատճառով, սակայն, լինում են  մարդիկ, ովքեր չեն պատկանում այս կամ այն խմբին և չեն էլ կարողանում օգտվել բժշկական ծառայություններից:

Այսօր  իսկապես կա անհրաժեշտություն, որ առողջապահությունը հասանելի դառնա բոլորի համար, դրա համար պետք է ներդրվի ապահովագրական բժշկությունը կամ բժշկությունն ամբողջ ծավալով պետք է լինի պետպատվեր:

Բժշկի կարծիքով՝ ինքնաբուժությանը նպաստող գործոններից մեկը` ներկա ժամանակների հիվանդությունը, համացանցն է. այսօր ցանկացածը կարող է համացանցում կարդալ իր հիվանդության մասին չգիտես ում գրածները և զբաղվել ինքնաբուժությամբ: «Ինձ, օրինակ, շատ են դիմում հիվանդներ, որոնք ինտերնետային ինֆորմացիայով բուժվել են, արդեն ընկել ավելի ծանր վիճակի մեջ, հետո նոր դիմել ինձ: Հաճախ դեղատան աշխատողները դեղերի ինստրուկցիաները կարդալով միայն, խորհուրդներ են տալիս մարդկանց կամ բժշկի գրած ցուցումները սկսում են թերագնահատել: Սակայն «Դեղերի մասին» նոր օրենքը, թեև այն դեռ միայն անտիբիոտիկներին է վերաբերվում, կնվազեցնի ինքնաբուժության քանակը»,-նշում է Մարատ Մարկոսյանը:

Բժիշկը ինքնաբուժությանը նպաստող գործոններից է համարում հաճախ նաև մարդկանց անհետևողականությունը, բժշկի դիմելը երկրորդական համարելը, նշանակած դեղերը կիսատ խմելը կամ առհասարակ չխմելը:

Մայրաքաղաքի դեղատներից մեկի տնօրեն Անուշ Սիմոնյանն ասում է, որ հաճախ են առանց բժշկի ցուցումների գալիս դեղ գնելու, բայց կան դեղեր, որ առանց բժշկի նշանակման չի թույլատրվում վաճառել, օրինակ՝ անտիբիոտիկները, հետևաբար իրենք այդ դեղերը ոչ մի դեպքում առանց թույլտվության չեն տալիս: Չհաշված այս բացառությունները՝ մնացած բոլոր դեղերը ազատ վաճառվում են:

Աննա Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս