«Ռուսաստանն Ադրբեջանին չի կարող երաշխավորել, որ հայաստանյան «իսկանդերները» չեն կիրառվի
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանում պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, նաև հանդիպում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուս-ադրբեջանական զենքի գործարքների պատասխանատու Ռոգոզինը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Բաքու է մեկնել հստակ առաքելությամբ։ «Բաքուն Մոսկվայից ցանկանում է երաշխիք ստանալ, որ Հայաստանը չի օգտագործի «Իսկանդերները»»,- այս մասին օրերս գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետան»:
Ավելի վաղ թեմային է անդրադարձել նաև ռուսական «Կոմերսանտը»` գրելով, որ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության գլխավոր նպատակներից մեկն է լինելու` հստակեցնել ՌԴ դիրքորոշումը` կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ: Նույն հրապարակման համաձայն, Բաքուն ցանկանում է Մոսկվայից երաշխիքներ ստանալ այն մասին, որ Երևանին փոխանցված տեխնիկան չի հայտնվի Ղարաբաղում: «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Ռոգոզինի Ադրբեջան կատարած այցին անդրադարձավ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
Նա նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանում ծավալվելու են ռուս-ադրբեջանական բանակցություններ` սպառազինությունների շուրջ, քանի որ դա Ռոգոզինի «թեման է»։ «Ես չեմ բացառում, որ իսկապես բանակցությունների ընթացքում քննարկվի Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված հզոր զինատեսակները` «Իսկանդեր-Մ», «Սմերչ», «Բուկ» և «C-300» հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման հարցը, քանի որ իսկապես այս զինատեսակների առկայությունը Հայաստանում որոշակի հարցեր ու զգուշավորություն առաջացրեց ադրբեջանական կողմի մոտ, ինչի նպատակով էլ այս զինատեսակները հայտնվել են Հայաստանում։
Ոչ միայն «Իսկանդեր-Մ»-ն, այլև նշածս բոլոր զինատեսակները ռազմավարական զենքեր են, որոնք փոխում են տարածաշրջանում իրերի դրությունը, քանի որ Ադրբեջանին, մասնավորապես` Բաքուն, դարձնում են չափազանց խոցելի։
Այդ զինատեսակներն ուղղված են նաև ՀՕՊ համակարգի ամրապնդմանը, ինչը թույլ կտա տվյալներ հաղորդել նաև ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող զարգացումների վերաբերյալ։ Բայց Ադրբեջանին, իհարկե, անհանգստացնում են «Իսկանդեր-Մ» համակարգերը, քանի որ դրանց միջոցով հայկական ուժերը կարող են ճշգրիտ կերպով թիրախավորել Բաքուն։ Սա չի կարող Ադրբեջանի համար զսպող գործոն չդառնալ»,- պարզաբանեց Եվսեևը։
Վերջինիս կարծիքով, այս մտահոգությունից ելնելով` Ադրբեջանը գուցե փորձի ռուսական կողմից որոշ երաշխիքներ ստանալ։ Սակայն, ըստ ռուս ռազմական փորձագետի, այս զինատեսակներն այլևս ՀՀ ԶՈՒ տնօրինման ներքո են։
«ՀՀ ԶՈՒ-ն է որոշում` դրանք երբ և ինչպես կիրառել։ Սրանց նկատմամբ Ռուսաստանը վերահսկողություն չունի։ Նման երաշխիքներ, ըստ իս, Ռուսաստանը տալ չի կարող և չի տա, քանի որ այդ զինատեսակները տրամադրվել են Հայաստանին` հստակ զսպման նպատակներով, զսպելու զարգացումները, որոնք կարող են հանգեցնել ապրիլյան իրադարձությունների կրկնությանը։ Իսկ եթե նույնիսկ նման զարգացումներ լինեն, ապա ՀՀ իշխանություններն իրենց որոշումն են կայացնելու, ինչպես ապրիլյան իրադարձությունների զարգացման ժամանակ, և այս ժամանակ գուցեև վավերացնեն Փոխօգնության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչը, հասկանում եք` ինչ է նշանակում։
Պատերազմական գործողությունների իրավիճակում, երբ կա իրական անվտանգության սպառնալիք, բնականաբար, երկիրը կիրառելու է իր ողջ սպառազինությունը հակառակորդի զսպման համար։
Կարծում եմ` Ռուսաստանը Հայաստանի փոխարեն նման երաշխիք չի կարող տալ, չի կարող թույլ չտալ օգտագործել այդ զինատեսակները, երբ սկսվեն պատերազմական գործողություններ»,- նման կարծիքի է Վլադիմիր Եվսեևը։ Հարցին, թե հնարավո՞ր է` Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկի գնել նույնպիսի սպառազինություն կամ դրան համարժեք զինատեսակներ, Եվսեևը պատասխանեց, որ Ռուսաստանն «Իսկանդեր-Մ»-ին համարժեք այլ զինատեսակներ չունի։ «Կրկնեմ, որ «Իսկանդերները» Հայաստանին հստակ նպատակով են տրամադրվել։
Ներկայումս Ռուսաստանի շահերից չի բխում Ադրբեջանին վաճառել «Իսկանդեր», որով Ադրբեջանը կարող է թիրախավորել Երևանը, քանի որ «Իսկանդերը» Հայաստանում է Ադրբեջանին նման գործողություններից զսպելու նպատակով։ Ի վերջո, Ադրբեջանում նման զինատեսակները սպառնալիք են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար։ Ռուսաստանն այս համակարգերի տրամադրմամբ կոնկրետ խնդիր է փորձել լուծել, որն առաջացել էր ապրիլյան պատերազմի օրերին, որը բացահայտեց ուժերի խախտված հավասարակշռությունը»,- ասաց Եվսեևը։
Անդրադառնալով հավասարակշռության խախտմանը, որը նաև խախտվել էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների շնորհիվ` ռուս ռազմական վերլուծաբանն արտահայտեց նույն Ռոգոզինի դիրքորոշումը։
Ըստ նրա` սա ինչպես` բիզնես, այնպես էլ՝ քաղաքականություն է Ռուսաստանի կողմից։ «Ռուսաստանը` վաճառելով կողմերին զենք, փորձում է չխախտել այդ հավասարակշռությունը, հակամարտող կողմերին, բնականաբար, Ռուսաստանից բացի, այլ զենքի մատակարարներ գտնվելու էին»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։ Վերջինս գտնում է, որ Ռուսաստանն իր այդ քաղաքականությունը շարունակելու է` փորձելով զուգահեռաբար հեռացնել ռազմական գործողությունների վտանգը։