Հարևաններն էլ են բյուջե քննարկում
Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է եկող տարվա բյուջեն: Իշխանությունները համեստ բյուջեն ներկայացնելով` խոսում են հեռանկարային զարգացումների մասին: Ճիշտ այնպես, ինչպես, ասենք, Հայաստանում կամ Ռուսաստանում: Ադրբեջանի նախագահը խոստանում է, որ առաջիկայում երկրի տնտեսությունն այլևս կախված չի լինի գազի ու նավթի արտահանումից: Ասածի մեջ նորություն չկա:
Նախորդ տարիներին էլ էր նույն խոստումը տալիս: Բայց վերջին երկու տարում այդ խոստումը տրվում է էներգակիրների միջազգային գնանկման ֆոնին: Բյուջետային քննարկումներն Ադրբեջանում համընկան գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճի հետ: Դժվար է պատկերացնելը, բայց իսկապես մեր հարևան երկրում սակագների բարձրացումն ավելի բարբարոս մեթոդներով է իրականացվում, քան որևէ այլ տեղ: Տեսեք, Ադրբեջանի սակագնային հանձնաժողովն ընդամենը նոյեմբերի 28-ին է հայտարարել գնաճի մասին: Այդ երկրի տնտեսության համար նոր գներն ուժի մեջ մտան հենց դեկտեմբերի 1-ից:
Այսինքն` տնտեսավարողներին ու գործարարներին ժամանակ չտրվեց նոր գներին «համակերպվելու», նոր բիզնես-պլաններ մշակելու համար: Մինչդեռ թանկացումները նկատելի մասշտաբ ունեն: Գազի պարագային խոսքը գնում է 50 տոկոսանոց գնաճի մասին: Բնակչության համար նոր սակագները գործելու են 2017-ի հունվարի 1-ից: Հետաքրքիր է, որ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնային չափաբաժինները հաշվարկվել են նույն սանդղակով, ինչ սանդղակով կիրառում է մեր երկրի սակագնային հանձնաժողովը:
Ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործողների համար ավելի ցածր գին է հաշվարկած, քան ավելի շատ ծախսողների համար: Գազը ևս երկու սակագին ունի՝ մինչև 1500 խորանարդ մետր և դրանից ավելի օգտագործողներ:
Ընդ որում, էլեկտրաէներգիայի ցածր սպառման գինը մոտ 25 տոկոսով է էժան ավելի շատ սպառողների սակագնից: Իսկ գազամատակարարման ոլորտում տարբերությունը շատ ավելի բարձր է՝ ուղիղ 50 տոկոս: Ինչ-որ իմաստով կարելի է պնդել, որ էներգակիրների սակագնի միջոցով հարևան երկրում յուրահատուկ լուծում են գտել: «Եթե շատ աղքատ ես, ապա սպառիր քո թշվառությանը համապատասխան» լոզունգը հնարավորություն է տալիս ենթադրել, որ էներգակիրների օգտագործումն Ադրբեջանում դիտարկվում է համարյա որպես շքեղության հարկ:
Բյուջետային քննարկումների ընթացքում, սակայն, հրապարակվեց, որ բնակչության 62 տոկոսը գազի ու էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից` առաջին, այսինքն` ամենացածր (կամ՝ ամենաաղքատ) խմբում է: Պատգամավորների բերած թվերով այս տարվա գործող բյուջեն հնարավորություն չի տալիս ապահովել, օրինակ, հանրակրթական դպրոցների ջեռուցումը: Ըստ նրանց, մինչև սակագնի բարձրացումը երկրում այս տարի մոտ 100 դպրոց չի ջեռուցվում: «Ազերէներժի» կոչված ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր իրավիճակում:
Չվճարումների ու վատ կառավարման պատճառով այդ ընկերությունը չի կարողանում մարել արտաքին պարտքերը:
Իսկ խորհրդարանում ու կառավարությունում առաջարկներ են հնչում ներքին ու արտաքին պարտքերի մարման նպատակով տարադրամի տրամադրումը սահմանափակելու մասին: Այս համարյա անհեթեթ առաջարկից կարելի է ենթադրել, որ երկրում իսկապես տարադրամի սով է: Դատելով մեր հարևանների պաշտոնական հրապարակումներից` ադրբեջանական տնտեսությունը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել 2015թ. վերջից սկսված ճգնաժամը, որ ուղեկցվեց երկրի վճարամիջոցի մեծ արժեզրկմամբ: Խոսքը համարյա կրկնակի արժեզրկման մասին է: Տնտեսական իշխանությունները, իհարկե, հայտարարում են, որ մանաթի լողացող փոխարժեքի ներդրումից հետո կարողացան կանխել արժեզրկումը և կայունացնել այն: Բայց դա արվեց տարօրինակ ու կոշտ միջոցներով:
Այս տարվա հունվարից Ադրբեջանում փակվել են բանկերից դուրս գործող տարադրամի փոխանակման կետերը: «Ադրբեջանական նավթի գինն ընկել է»։ Փոխարենը` զարթոնք է ապրում տարադրամի փոխանակման «սև» շուկան: Բյուջետային քննարկումներին մասնակցող պատգամավորներից ոմանք նշում են, որ փոխանակման կետերի բացակայության պատճառով տարադրամ ձեռք բերելու համար բանկերում հերթեր են:
Ընդ որում, տարադրամ վաճառվում է սահմանափակ քանակով: Իսկ դեկտեմբերի 8-ից երկրի կենտրոնական բանկը ֆիզիկական անձանց արգելել է հազար դոլարից ավելի գումար փոխանցել արտերկրում ունեցած բանկային հաշիվների վրա: Տարօրինակ ու անհասկանալի սահմանափակումներ են մտցվել նաև ուրիշի անունով արտերկրին փոխանցվող գումարների վրա:
Ադրբեջանական տնտեսական լրատվություն ընթերցելը տխուր է: Բերենք մի քանի վերնագիր այդ լրահոսից` «Ադրբեջանից հեռանում են յոթ միջազգային ընկերությունների ներկայացուցչություններ», «Ադրբեջանում առաջարկում են վերանայել դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների քանակը», «Ադրբեջանական վճարամիջոցի արժեքն անկում է ապրում», «Ադրբեջանում առաջարկում են 2017թ. կոշտացնել դրամավարկային քաղաքականությունը»: Իհարկե, այս լուրերի արանքում կարելի է ավելի խրոխտ վերնագրով տեղեկատվություն էլ գտնել: Օրինակ` «Միլի մեջլիսի նախագահն ասում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր տնտեսությունը վերելք է արձանագրելու»:
Եթե կարդաք այս վերնագրով նյութը` կհամոզվեք, որ Ադրբեջանի տնտեսության ճգնաժամը համաշխարհային գործընթացների արդյունք է, և, որ դրանք շուտով կհաղթահարվեն: Եթե նմանություն տեսաք, ես մեղավոր չեմ: