Բաժիններ՝

«Սամանտա Փաուերի՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը կարող է կատաղեցնել Թուրքիային». Associated Press

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն արդյո՞ք հանգիստ, առանց խնդիրների է ընդունել Առաջին համաշխարհային պատերազմում սպանությունները՝ որպես Հայոց ցեղասպանություն, հարց է հղում Associated Press-ի հոդվածագիր Բրեդլի Կլափերը։

Նշվում է, որ չնայած այն բանին, որ «ցեղասպանություն» եզրույթը երկար ժամանակ տաբու է եղել ԱՄՆ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, որը խոսել է զանգվածային դաժանությունների ու պատմական ողբերգության մասին, ՄԱԿ-ում Օբամայի դեսպան Սամանտա Փաուերն անցած շաբաթ ավելի հեռուն է գնացել, քան իր ղեկավարը՝ այդ իրադարձությունները «ցեղասպանություն» որակելով:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը Հոլոքոստը վերապրած և խաղաղության ոլորտում նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (Elie Wiesel) աշխատանքին նվիրված ելույթում ափսոսանք է հայտնել մինչև մեր օրերը շարունակվող անարդարությունների առնչությամբ։ Բացի այդ՝ շեշտել է հայերի դեմ ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:

«Փաուերն այլ մանրամասներ չի հայտնել»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ այդ խոսքերը կարող են կատաղեցնել ԱՄՆ-ի գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որը կատաղի կերպով ընդդիմանում է մեկդարյա վաղեմության ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հղման ու հիշատակության։

Նշվում է, որ «զարմանալի» է, որ Փաուերը՝ երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետը, նման կերպ է արտահայտվել, և դա հնչում է որպես Օբամայի հասցեին ուղղված քննադատություն։

Օբաման իր նախագահության առաջին ժամկետում խոստացել էր կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն, եթե ընտրվի ԱՄՆ նախագահ։ Ապրիլին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, Օբաման սպանություններն անվանել է 20-րդ դարի առաջին զանգվածային ջարդեր ու ողբերգություն, որը չպետք է կրկնվի։

Associated Press-ը նշում է, որ մինչև ԱՄՆ կառավարություն մուտք գործելը Փաուերը եղել է Պուլիցտերյան մրցանակի դափնեկիր լրագրող, որը գրել է ցեղասպանության հարցում Ամերիկայի արձագանքների մասին: Պաշտոնյաները նշում են, որ նա ակտիվորեն լոբբինգով էր զբաղվում, որպեսզի Օբաման պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը:

Կուրտիս Քուփերը՝ Սամանտա Փաուերի խոսնակը, հայտարարել է, որ ցեղասպանությանը վերաբերող խոսքերը հնչել են Վիզելի ապրած կյանքին արժանին մատուցելուն նվիրված երեկոյի ժամանակ։ Նրա խոսքով՝ դրանք ԱՄՆ վարչակազմի քաղաքականության փոփոխության արձագանք չեն։

ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մարք Թոներն ասել է, որ ԱՄՆ քաղաքականությունում փոփոխություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս