«Ընկերները պատմում են՝ հենց տեսավ, որ զինվորներից մեկը վիրավոր է, վազեց, գոռացինք՝ Հրաչ կանգնի, բայց չէր լսում…»
«Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլի 8-ին Թալիշում նահատակված պայմանագրային զինծառայող, հերոս Հրաչյա Մուրադյանի ծնողներին՝ Գոհար Աբրահամյանին եւ Սամվել Մուրադյանին:
Ազնիվ ու ճշմարիտ, օգնության շտապող ու նվիրված մարդ. այսպես են ծնողները բնութագրում ավագ որդուն, ով մարտի դաշտում հերոսաբար զոհվեց հենց ընկերոջը օգնելիս:
Հրաչյայի մայրը պատմում է, որ որդու մեջ հայրենասիրությունը ձեւավորվել է դեռ փոքր տարիքում, հենց նա է երկու որդիներին դաստիարակել այդպիսին. «Քանի որ հայրը շատ էր աշխատում, երեխաներով հիմնականում ես էի զբաղվում: Շատ ժիր ու աշխույժ էր Հրաչս: Դեռ փոքր տարիքից երեւում էր, որ զինվորական աշխատանքը շատ է սիրում: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էր ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ճիշտն ասած՝ ես արգելեցի, բայց որ անցավ ժամկետային ծառայության Հորադիզում, արդեն ամեն ինչ հասկացա: Շատ ընդունակ էր, սիրում էր կարդալ, գեղեցիկ բառապաշար ուներ, ծառայակիցները Հրաչիս դոցենտ էին ասում. մի մեծ գրադարան էր բացել, ամեն անգամ գրքեր էինք ուղարկում, ասում էր՝ մամ, ամենալավ ընկերը գիրքն է: Ընդունվեց Մաշտոցի անվան համալսարանի լրագրության բաժինը, բայց բանակից հետո չշարունակեց: Հետո լրիվ պատահական որոշեց ընդունվել Թեթեւ արդյունաբերության քոլեջը ու հաջողությամբ էլ ավարտեց, դրանից հետո էլ տարբեր տեղերում աշխատեց. Սիրմա ՍՊԸ թարգմանչական գրասենյակի փոխտնօրենն էր, զուգահեռ նաեւ սովորեց Ճգնաժամային կառավարման ակադեմիայում»:
Հոր խոսքով՝ Հրաչյան չափազանց կատակասեր էր ու սրամիտ, ասում է՝ գյումրեցու արյուն կար նրա մեջ, նույնիսկ երբ լուրջ էր խոսում, կարծում էին կատակ է անում, չէին հավատում: Նման մի դեպք էլ հիշեց որդու դպրոցական տարիներից.
«Մի անգամ ուսուցչուհին 2 էր նշանակել ու ծնող էր կանչել, գնացի դպրոց, հարցրի՝ ինչ է պատահել, ուսուցչուհին ասաց՝ բա ձեր տղան սուտասան է, ֆանտաստիկ ստեր է հորինում ու խանգարում դասը: Հարցրի՝ ինչ է ասել, ուսուցչուհին ասաց, որ Բայկալ լճի մասին դասն է բացատրելիս եղել, երբ Հրաչյան ասել է, որ լողացել է այդ լճում, ես էլ զարմացա, ասացի՝ բա ինչ ստի մասին է խոսքը, եթե իրոք շուրջ երկու տարի ապրել ենք Բայկալ լճի ափին, Հրաչն էլ իրոք լողացել է այնտեղ»:
Մայրն ասում է, որ շատ լավ հայր ու որդի են եղել, Հրաչը շատ էր սիրում հորը, ապրիլի 7-ին զանգել է տիկին Գոհարին ու ասել. «Մամ, գիտեմ, որ երեխաներին լավ կնայեք, բայց պապային, պապային էլ անպայման լավ նայեք»: Հայրն էլ որոշել էր՝ եթե երկրորդ որդին էլ գնա մարտի դաշտ, ինքն էլ է գնալու:
Հրաչյան կնոջ հետ ծանոթացել էր այն նույն գրասենյակում, որտեղ աշխատում էր, կինը մեծացնում է երկու դուստրերին՝ Գոհարին ու Արմինեին, ինչպես նաեւ որդուն՝ 3-ամյա Սամվելին: Հրաչը որոշել էր, որ երեխաներին մկրտելու է իր ծննդյան օրը՝ 33-ամյակին, հարազատներն այդպես էլ կազմակերպեցին: Տիկին Գոհարն ասում է, որ Հրաչյան ամենաերջանիկ մարդն էր, երբ ծնվեց առաջնեկը՝ Գոհարը:
«Շատ ուրախ էր հատկապես, որ առաջին երեխան աղջիկ էր: Պաշտում էր իր ընտանիքը, ծառայակից ընկերներն ասում են, որ շատ էր հպարտանում իր ընտանիքով, միշտ պատմում էր: Ամեն ինչ հասցնում էր, երեխաներին տանում էր դպրոց, պարի, սպորտի, դիրքերից գալիս էր հոգնած, ասում էի՝ Հրաչ ջան, թող ես տանեմ, օգնեմ, ասում էր՝ չէ, մամ, շատ եմ կարոտել էրեխեքին, ես կտանեմ: Ուզում եք, գնացեք ու հարցրեք այս բակում ապրող յուրաքանչյուր մարդու, դասընկերների ծնողներին, բոլորն էլ նույնը կասեն, որ Հրաչս իդեալական հայր էր»:
Հերոս զինծառայողը ժամանակի ընթացքում հասկանում է, որ ինչքան էլ իրեն հետ պահեն, միեւնույնն է` իր տեղը հայ զինվորների կողքին է. պայմանագրային զինծառայության է անցնում Քարվաճառում, ապրիլյան պատերազմի ժամանակ մոտ մեկ տարի էր, ինչ Հրաչյան ծառայում էր ՀՀ զինված ուժերում:
«Ինքը միշտ էլ հոգով-սրտով զինվորական է եղել: Թեպետ Զինված ուժերում չէր ծառայում, բայց միշտ ասում էր՝ հանկարծ եթե սահմանին ինչ-որ բան լինի, հողը երերա մեր ոտքի տակ, ես այնտեղ եմ լինելու: Ու ի վերջո որոշեց դառնալ զինվորական, ասում էր՝ մամ, դու էլ չես կարող ինձ հետ պահել, արդեն մի անգամ խանգարել ես: Որդիս իրեն շատ խիզախ է դրսեւորել նաեւ ժամկետային զինծառայության ժամանակ: Մենք եղել ենք Հորադիզում իրենց հրամանատար Վալերի Քոչարյանի մոտ, ով մեզ շնորհակալություն հայտնեց նման որդի դաստիարակելու համար»:
Հերոսը միշտ այցելում էր Եռաբլուր, տանում էր նաեւ երեխաներին, ներկայացնում պատմություն կերտած մեր հերոսներին՝ նույնիսկ չպատկերացնելով, որ նա էլ մի օր կդառնա այդ հերոսներից մեկը:
«Շատ անձնուրաց ու նվիրված էր, ինձ կամ իր ընկերներին միշտ ասում էր՝ մարդ պետք է այնպես ապրի, որ կարողանա Եռաբլուրում հանգչել՝ Մոնթեի կողքին. այդպես էլ եղավ… Մոնթեն Հրաչիս կուռքն էր, ամեն անգամ հիացմունքով էր խոսում նրա մասին, ասում էր՝ այնքան կուզեի անձամբ ծանոթ լինել Մոնթեին: Ես հետո եմ իմացել, որ ինքը ինչ-որ տեղեկություններ, պատմություններ էր հավաքել հերոսների մասին, հորեղբոր աղջկան խնդրել է, որ օգնի, ուզում էր նրանց մասին գիրք գրել: Ասում էի՝ տղա ջան, ինչու ես գնում այդքան հաճախ, ասում էր՝ դե, մամ, մեր հերոսներն եմ, մեզ համար են զոհվ ել: Տղաս շատ լուսավոր ու ճշմարիտ մարդ էր, չէր կեղծում, հրամանատարությունն էլ միշտ ասում էր՝ շատ ափսոս, որ նման գիտելիքներ, կազմակերպվածություն ունեցող Հրաչը պիտի լինի շարքային զինծառայող»:
Զինծառայողը միշտ երազում էր մասնակցել սպայական դասընթացների, կոչում ստանալ, մեծ ծրագրեր ուներ՝ կապված աշխատանքի հետ:
«Փաստաթղթերն արդեն պատրաստել էր, անհամբեր սպասում էր, որ սկսեր: Արդեն պատկերացնում էր՝ ինչպես պետք է ծառայի իր ընկերների, զինվորների հետ, ինչքան հետաքրքիր պետք է դա կազմակերպվի»,-պատմում է մայրը:
Հրաչը դիրքերից իջնում է ապրիլի 1-ին, որից հետո անմիջապես ճանապարհվում է Թալիշ: Պատերազմի օրերին Հրաչյայի եղբայրը կամավոր զինվորագրվում է եւ ասում, որ ցանկանում է գնալ Թալիշ, լինել եղբոր ու մյուս զինվորների կողքին, սակայն ապրիլի 8-ին իմանում է եղբոր հետ պատահած դեպքի մասին:
«Ապրիլի 2-ին որոշեցի եկեղեցի գնալ, դուրս եկա, հետո գնացի խանութ, տեսնեմ՝ բոլորն անտրամադիր կանգնած են, խոսում են պատերազմից, ես էլ հարցրի՝ էդ որտեղ է պատերազմ, ասացին՝ վայ, քո խիղճը կտրվի, Ղարաբաղում մեր տղերքն են զոհվում: Շատ վատ զգացի, բայց ներքուստ մի փոքր հանգիստ էի Հրաչիս համար, որովհետեւ դիրքերից իջել էր: Հրաչս զանգեց, ասաց, որ չանհանգստանանք, չեն թողնում, որ գան, գնում են Թալիշ:
Անմիջապես հետ դարձա դեպի եկեղեցի, մոմ վառեցի տղաների համար: Ապրիլի 5-ին զանգեց, ձայնը հանգիստ էր, ասաց՝ մամ, էնքան բան ունեմ քեզ պատմելու: Առհասարակ մենք շատ կապված էինք: Ամսի 7-ին զանգեց, տոնս շնորհավորեց, բայց արդեն շատ անհանգիստ էր, երբեք այդքան արագ չէր խոսել, ասաց՝ մամ, հեռախոսն իմը չէ, բոլորը պիտի խոսեն, լիցքավորում չկա: Այդ օրը ամբողջ գիշերը չքնեցի, շատ անհանգիստ էի, անդադար այստեղից այնտեղ էի շարժվում: Հրաչս միշտ մինչեւ գիշերվա 12-ն էր զանգում, բայց այդ գիշեր չզանգեց»:
Տեսնելով, որ ընկերը վիրավոր է, հերոսը շտապել էր նրան օգնության, սակայն ծանր ռմբակոծությունից ողջ դուրս գալ այդպես էլ չի հաջողվել:
«Հետո իմացանք, որ 3-4 ժամ կրակել էին իրենց վրա, Հրաչս նաեւ կարողանում էր բուժօգնություն ցույց տալ: Ընկերները պատմում են՝ հենց տեսավ, որ զինվորներից մեկը վիրավոր է, վազեց, գոռացինք՝ Հրաչ կանգնի, բայց չէր լսում: Երեք հոգի էլ իր հետեւից են գնում, բոլորը վիրավորվում են, Հրաչս՝ զոհվում: Այդպիսի մի դեպք էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եղել, մեզ չէր ասել, հետո ենք իմացել, որ ընկերոջ հետ դիրքերում են եղել, ընկերոջը խփել են: Տղաս էլի ցանկացել է օգնել, ամեն ինչ արել է, բայց էդ տղան շատ արյուն է կորցրած եղել, 15 րոպե հետո մահացել է: Ես բուժքույր եմ ու նոր եմ հիշում, որ անընդհատ հետաքրքրվում էր, հարցնում՝ ինչից է, որ արյունահոսությունը չի կտրվում, էլ ինչեր են անում նման դեպքում: Երկար ժամանակ չի կարողացել այդ ծանր վիճակից դուրս գալ, ո՛չ կնոջն է ասել, ո՛չ ինձ, գիտեին միայն եղբայրն ու ընկերները»:
Տիկին Գոհարը մեծ գոհունակությամբ է խոսում որդու ընկերական շրջապատի մասին, ասում է՝ ամեն հարցում կանգնած են Հրաչյայի ընտանիքի կողքին:
«Թոռնիկներիս կնքահայրը Հրաչիս լավ ընկերներից մեկն է: Ընկերները շատ են գնահատել որդուս, հետո եմ իմացել, թե ինչեր է ինքն արել նրանց համար: Մտածում եմ՝ մենք այդքան մտերիմ ենք, բայց ինձ ոչ մի բառ անգամ այդ մասին չի ասել: Ընկերները հաճախ են այցելում մեզ էլ, թոռնիկներիս էլ: Հրաչս էլ մեծ ոգեւորությամբ էր խոսում ընկերների մասին, ասում էր՝ մամ, ընկեր ունեմ, որ նույնիսկ թոռ ունի»:
Հերոսի ծնողներին որդու երեք զավակները մեծ ուժ են տալիս, օգնում ապրել ու առաջ նայել: «Զգում եմ՝ փոքրիկների մեջ էլ մի բան կոտրվել է, շատ տխուր էին հատկապես սեպտեմբերի 1-ին, բայց իրենք շատ ուրախ են հիշում Հրաչիս, չգիտեմ՝ երեւի կարծում են, որ կգա, ինչ ասել է` կանի. ճիշտ է, փոքր չեն, մեծ աղջիկն էլ արդեն երրորդ դասարանում է սովորում: Տղան է անընդմեջ խոսում Հրաչի մասին, հիշում է, թե հայրն ինչեր էր ասում: Առհասարակ շատ էին հպարտանում, որ հայրը զինվորական է: Արդեն որոշել էր, որ մեծ դուստրը դառնալու է նոտար, փոքրը՝ ակնաբույժ, իսկ որդին՝ քննիչ: Հրաչիս կինը հիմա ամեն ինչ անում է, որ այդպես էլ լինի: Մի հովանավոր կա Ռուսաստանից, ակնաբույժ է, խոստացել է, որ անպայման աջակցելու է. առհասարակ այս օրերին աջակցությունն իսկապես մեծ է եղել»:
Տիկին Գոհարն ասում է, որ գիտակցում է՝ որդին պայքարել է ու զոհվել հայրենիքի, ընկերների համար, բայց այլեւս չի ուզում, որ նման դեպքեր լինեն, ասում է՝ թող Եռաբլուրը մնա այնպիսին, ինչպիսին հիմա է, այլեւս չընդլայնվի:
«Իմ ամբողջ կյանքում հայրենիքն իր ուրույն տեղն է ունեցել, ամեն ինչից վեր եմ դասել, իսկ այս ապրիլյան պատերազմից հետո հայրենիքն ու զինվորներն էլ ավելի բարձրացան: Զինվորներն ինձ համար ուրիշ են: Որ փողոցում էլ տեսնում եմ այդ համազգեստով մարդկանց, ուրիշ տրամադրվածություն եմ ունենում: Հրաչս ասում էր՝ մամ ջան, ձեր նման ծնողներ ունեմ ու դրա համար էլ հանգիստ ընտանիքիս թողել եմ եւ անցել եմ այս գործին: Դա ինձ համար ամեն ինչ է, որ ես հասկանամ՝ ինչի համար պետք է ապրեմ: Իմ կյանքի իմաստը իմ թոռնիկներն են: Գիտեմ, որ հայրենիքի կանչն էր, որդիս պետք է այնտեղ լիներ, չէր փախչելու, այդ ժամանակ ինձ համար երեւի ավելի ծանր կլիներ: Որդուս ուժով եմ հաղթահարում այս ամենը, ուզում եմ, որ մեր զինվորները շատ լավ լինեն»,- ասում է տիկին Գոհարն ու վերջում հիշում որդու խոսքերը. «Ցանկացած տղա իր կյանքում պետք է գոնե մեկ անգամ զինվորական համազգեստ հագնի, զենքը ձեռքին բարձրանա դիրքեր: Ասում էր՝ մամ, դու չես պատկերացնում, թե այդ պահին ինչքան ես ինքդ քո աչքում բարձրանում»:
Սյուզի Մուրադյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի