Բաժիններ՝

«Անհնարին է հավատալ ապագային, եթե անցյալը կոծկվում է»

168.amի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

– Պարոն Մեսրոբյան, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, իսկ ՀՀԿ-ն որոշել է փոխվել և փոխել: Արդյոք սա փոփոխությունների սկի՞զբ է:

– Ճիշտն ասած՝ ես չէի շտապի եզրակացություն անել: Ես զգում եմ, որ Հանրապետականն ուզում է մասամբ փոփոխություններ անել ինքն իր մեջ, նաև փոխել ժողովրդի մոտ արդեն ձևավորված իմիջը: Այստեղ 2 տեսանկյունից պետք է դիտարկել` եթե դա իրոք անկեղծ է, գիտակցել են, որ այսպես այլևս անհնարին է, դա վատ չի, իսկ եթե դա զուտ պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների համար, բնական է, կլինի՝ ինչպես միշտ: Դժվար է հիմա ասել` որն է իրականում ճիշտը, բայց հաշվի առնելով 25 տարվա պետական կառավարման համակարգի մեր էությունը՝ մտավախությունները մեծ են:

– Եթե համարենք, որ իրոք փոփոխությունների սկիզբ է դրվում, արդյոք պետք է մոռանա՞լ նախկինում իրականացված, բայց կոծկված հանցագործությունների, ապօրինի ձեռք բերված հարստության մասին:

Կարդացեք նաև

– Ընդհանրապես, հայտարարվեց, որ ապօրինի հարստացումն այսուհետ քրեականացվելու է, և հստակ փոփոխություն է լինելու օրենսդրական մասում: Հիմա եկեք նորմալ մարդու տրամաբանությամբ նայենք: Եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի ուժ հայտարարում է, որ այսուհետ նման մոտեցում է լինելու, այսինքն` այցեքարտը դեպի ապագա է, և պետք է հավատալ: Բայց անհնարին է բանական, նորմալ մարդուն ապացուցել, որ հիմա կլինի լավ, եթե բոլոր ծանոթ դեմքերի և դեպքերի վերաբերյալ վերաբերմունք չարտահայտվի: Եվ այդ վերաբերմունքը ոչ միայն՝ գնահատականի իմաստով, այլև՝ կոնկրետ գործողությունների իմաստով: Խոսքը վերաբերում է նրան, որ բացահայտվեն արդեն նախկինում ապօրինի հարստացման դեպքերը, որ ուղղակի վնաս են պատճառել պետականաշինության հարցում: Անհնարին է հավատալ ապագային, եթե անցյալը կոծկվում է:

Եթե դու ուզում ես, որ հավատ ներշնչվի քո հայտարարած ապագայի հանդեպ, դու պետք է ցույց տաս քո վերաբերմունքն արդեն իսկ եղածի նկատմամբ, ընդ որում` առարկայական: Ես զուտ բանականության տեսանկյունից եմ նայում: Չի կարելի պնդել, որ հիմա լինելու է ուրիշ կերպ, եթե շատ բաներ վաղուց ուրիշ ձև են և արձագանք չկա: Այսպիսով` անցյալը կոծկելով՝ մենք հարցականի տակ ենք դնում այսօր հավատալու հարցը և մեծ մտավախություն ենք առաջացնում ապագայի նկատմամբ:

Ընդհանրապես, Հայաստանում, բացի մի շարք խնդիրներից, կա մի գլոբալ խնդիր` 25 տարվա պետական կառավարման մեթոդները գրեթե բոլորին դարձրել են անհավատ: Այսինքն` հավատի տեսանկյունից մենք Հայաստանում ունենք արտակարգ իրավիճակ, իսկ կառավարման իմաստով՝ արտակարգ իրավիճակը շտկվում է միայն արտակարգ միջոցառումներով: Չի կարելի արտակարգ իրավիճակը լուծել ստանդարտ, հանդարտ մեթոդներով: Դա գոյություն չունի բնության մեջ: Ես կառավարման տեսանկյունից եմ նայում` առանց որևէ քաղաքական գնահատականների:

– Բայց կառավարության նոր անդամներից ոչ մեկը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, իր նախկինի որևէ արարքի կամ քայլի չի էլ ուզում անդրադառնալ, ասում են` պետք է նայել ապագային: Սա ի՞նչ է ցույց տալիս, արդյոք կարելի՞ է իրական բարեփոխում ակնկալել:

– Ընդհանրապես, ապագային նայել՝ առանց որևէ բարոյական հենարանի, անհնար է: Եթե մենք ուզում ենք կառուցել բարոյական ապագա, ապա պետք է որոշակի հենարան ունենանք: Իսկ եթե այդ հենարանը կոծկվում է, բնական է, նորմալ մարդու մոտ կասկածներ են առաջանում: Այս 25 տարվա մեջ Հայաստանը հիմնականում ապաշնորհ կերպով է կառավարվել: Նորանկախ պետության բոլոր տարիներին այդ ապաշնորհությունը տարբեր աստիճանի խորությամբ բոլորը տեսել են, ընդհուպ` ցինիզմ: Բնական է, որ այդ 25 տարվա ծանր նստվածքը չի կարելի քարշ տալ, մտցնել ապագա և սպասել, որ ապագայում լավ սպասումներ լինեն: Պետք է կարմիր գիծ անցկացնել, բայց այդ գիծը պետք է առարկայական լինի, որպեսզի մարդը, թեկուզ սարսափելի չհավատալով իշխանություններին, գոնե սարսափելի մտավախություններից ազատվի: Որովհետև անհնարին է երկրում անել խորքային փոփոխություններ՝ առանց բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս