Բաժիններ՝

Կյանքից հեռացել է հասարակական գործիչ, հայազգի բարերար Հասմիկ Փարիզ Հովնանյանը

Ս.թ. նոյեմբերի 20-ին կյանքից հեռացավ հասարակական գործիչ և հայ մեծ բարերար, լուսահոգի Վահագն Հովնանյանի կինը` Հասմիկ Փարիզ Հովնանյանը, ում կյանքի ուղին ևս նշանավորվել է բազում ներդրումներով՝ ի նպաստ հայ ժողովրդի բարգավաճման և հայրենիքի շենացման:

Իր կյանքի ընթացքում Հասմիկ Հովնանյանը նախաձեռնել ու իրականացրել է բազում բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենիքում և սփյուռքում հայկական ինքնության և արժեքների պահպանմանը: Իր շուրջը համախմբելով իր և ամուսու համախոհ նվիրյալների՝ նա իր ուրույն դերն է ունեցել հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի անկախացման առաջին տարիներին հաստատվելով հայրենիքում՝ Հասմիկ Հովնանյանը՝ ամուսնու հետ միասին, ձեռնամուխ է եղել հայ մշակույթին ու արվեստին նյութապես և բարոյապես աջակցմանը, ինչի մասին են վկայում ժողովրդի սերը, մրցանակներն ու կոչումները:

Մեծ բարերարի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ ս. թ. նոյեմբերի 22-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

hasmik-hovnanian_2

Հասմիկ Հովնանյանի մասին

Փարիզ Հասմիկ Բագդոյան Հովնանյանը ծնվել է Երուսաղեմում 1929 թ.-ի հունվարի 1-ին: 1948 թ.-ին՝ 19 տարեկանում, Հասմիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Կիպրոս, որտեղ դասավանդել է մանկապարտեզում մինչև Նյու Յորք տեղափոխվելը: Նյու Յորքում ուսումնասիրել է սոցիոլոգիա Hunter College-ում:

1955 թ.-ին Ատլանտիկ Սիթիում նա հանդիպել է Վահագն Ս. Հովնանյանին Հայ ուսանողների ասոցիացիայում, իսկ երկու տարի անց՝ 1957 թ.-ին, նրանք ամուսնացել են: 1959 թ.-ին ծնվել է Հովնանյանների առաջնեկը՝ Շանթ Ստեփան Հովնանյանը:

Շուտով Վահագն Հովնանյանը դարձել է Նյու Ջերսիի Սբ. Վարդանանց առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ Հասմիկը միացել է «Ladies Auxiliary» միությանը: Որոշ ժամանակ անց Հասմիկ Հովնանյանը դառնում է երկու կառույցների ղեկավար:

1972 թ.-ին՝ Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու արևելյան թեմի նոր առաջնորդի ընտրվելուց հետո, Հասմիկն իր ընկերների հետ հիմնել է «Prelacy’s Ladies Guild» միությունը, որն էլ ղեկավարել է մինչև 1976 թ.:

hasmik-hovnanian

Վահագն Հովնանյանի հետ միասին նա միշտ փորձել է համախմբել Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին տարբեր միջոցառումների շուրջ, ինչպիսիք են Կանանց միության «Արևածաղիկ» տարեկան ճաշկերույթը և Լույսերի տոնի միջոցառումը Նյու Յորքում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 60-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումը Նյու Յորքի Մեդիսոն սքուեր գարդենում:

1976 թ.-ին Հասմիկը, նրա ամուսինը համախոհ ընկերների հետ միասին Սուրբ Վարդանանց եկեղեցուն կից հիմնադրել են Նյու Ջերսիի հայկական դպրոցը՝ առաջին անկախ հայկական ցերեկային դպրոցն ԱՄՆ-ում: Հասմիկը հիմնել է նաև Friends կոմիտեն, որը կոչված էր օժանդակելու դպրոցի օգտին դրամահավաքին: Հասմիկի ստեղծագործական ջիղի շնորհիվ դպրոցի բազմաթիվ տարեկան իրադարձություններ ուղենիշ են դարձել հայ համայնքի համար:

1984թ.-ին հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացնում Հովնանյան զույգի պատվին այն վերանվանել Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսը Վահագն և Հասմիկ Հովնանյաններին շնորհել է «Prince and Princess of the Armenian Church» կոչումը:

Հասմիկ Հովնանյանը Նյու Յորքի արվեստի ակադեմիայի, Drumthwacket հիմնադրամի ու Նյու Ջերսիում հոլոքոստի մասին կրթության հանձնաժողովի հիմնադիր խորհրդի անդամ էր:

Հայաստանի անկախացումից հետո՝ 1991թ.-ին, Հասմիկն ու իր ամուսինը կազմակերպում ու աջակցում էին տարբեր փոխանակման ծրագրերի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Նյու Յորքի Juillard Schoolի միջև:

2000թ-ի մայիսին պարոն և տիկին Հովնանյանները հիմնել են «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ-ին հիմնադրել են «Վահագնի» մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:

2008 թ.-ին ամենամյա «Արևածաղիկ» ճաշկերույթի ժամանակ հայ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Օշականի կողմից Հասմիկն արժանացել է «Queen Zabel of the Kingdom of Cilicia» կոչման՝ հայկական համայնքին իր երկար տարիների նվիրումի համար:  2011 թ.-ին Հասմիկ Փարիզն արժանացավ Fridtjof Nansen մրցանակի՝ ամբողջ աշխարհում հայ համայնքի նկատմամբ իր անխախտ նվիրվածության համար:

hasmik-hovnanian_3

Իր մահից հետո Հասմիկը կմիանա իր ամուսնուն՝ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015 թ.-ի օգոստոսին: Նրա հիշատակը վառ կմնա իր որդու՝ Շանթի, դստեր և փեսայի՝ Նինա Հովնանյանի և Արթուր Ալեքսանյանի, և նրա հինգ թոռների՝ Վահագնի, Գայանեի, Կատյայի, Փարիզի, Չարենցի, քրոջ՝ Թենիի և իր ընտանիքի շնորհիվ, վերջիններս բնակվում են Կալիֆորնիայում, և մեծ ու օրհնված Հովնանյան ընտանիքի շնորհիվ:

Հովնանյան ընտանիքը սիրով խնդրում է, որպեսզի զորակցություն հայտնելու նպատակով նվիրատվություններ կատարվեն հետևյալ հաշվեհամարներին.

Հովնանյան դպրոց
817 Ռիվեր Ռոուդ
Նյու Միլֆորդ, Նյու Ջերսի 07646

Bank of America

Հաշվեհամար՝ #003815093982

Swift կոդ` #BOFAUS3N

Կամ

Teach for Armenia 

փոխանցումներ ԱՄՆ դոլարով՝ 1570022002750101

փոխանցումներ ՀՀ դրամով՝ 1570022002750100

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Սվիֆթ կոդ՝ BIC ARMIAM22

ՀՎՀՀ՝ 02618379

Փոխանցումներ ՀՀ դրամով՝ 1570022002750100

Փոխանցումներ ԱՄՆ դոլարով՝ 1570022002750101

Հարցերի դեպքում դիմել Արմինե Գրիգորյանին՝ (+374-98) 49 22 22 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս