«Դեռևս հստակություն չկա». Շավարշ Քոչարյանը՝ Նալբանդյան-Մամեդյարով համբուրգյան հնարավոր հանդիպման մասին
«Չգերագնահատենք այն անձանց, որոնց նշանակում են եռանախագահող երկրները»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ամենաարդիական հարցերին։
Հարցին, թե այնուամենայնիվ հստակեցվե՞լ է՝ արդյոք Համբուրգում կայանալո՞ւ է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, դեռևս հստակություն չկա»։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ դիվանագիտական պաշտոնը լքելու մասին տեղեկությանը, փոխարտգործնախարարն ասաց, որ այդ տեղեկությունն ամենևին էլ անսպասելի չէր, որովհետև գործում է համանախագահների ռոտացիոն սկզբունքը։ Նրա պարզաբանմամբ, ժամկետը լրացել էր, այդ իսկ պատճառով փոփոխություն եղավ։
Դիտարկմանը, թե հաշվի առնելով այն, որ Ուորլիքն աշխատանքի է անցնելու պուտինյան շրջանակներին մոտ ընկերությունում, կարելի է կասկածի տակ դնել Ուորլիքի անաչառությունը՝ որպես ՄԽ համանախագահ, Քոչարյանն արձագանքեց, ասելով, որ դուրս գալով իր պաշտոնից, նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը։ «Նախորդ համանախագահի՝ Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ որոշակի կողմնակալություն մենք տեսանք, որն արտահայտվեց իր հետագա աշխատանքում։ Այս դեպքում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել Ուորլիքի ապագա գործունեությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը։
Նա հորդորեց չգերագնահատել այն անձանց, դիվանագետներին, որոնց նշանակում են եռանախագահ երկրները՝ որպես ներկայացուցիչ։ Ըստ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի, բնական է, որ պետության քաղաքականությունը պետության քաղաքականություն է, անհատներն ունեն իրենց որոշակի, շատ թեթևակի լյուֆտը, և այդ տեսակետից պետության քաղաքականությունը մնում է պետության քաղաքականություն։ «Ինքնին այն հանգամանքը, որ անձը փոխվում է, չի նշանակում, որ նախորդ փաթեթը, որը որ կա, փոխվում է, գալիս է մարդ, որը սկսելու է զրոյից։ Բնական է, որ նա նախապես արդեն ծանոթանում է այդ ամենին և հայտնվում է նույն հոսանքում, որը մինչ այդ կար։ Երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահին, այստեղ այլ է հարցադրումը։
Հասկանալի է, որ ԱՄՆ-ի դեպքում կան կայացած ինստիտուտներ, փորձագիտական խմբեր, կա քաղաքականություն, այդ տեսանկյունից այստեղ էլ այնպիսի չափազանց կտրուկ քայլերն այդքան էլ հավանական չեն։ Բայց բնական է, որ նախագահն ունի բոլորովին այլ լիազորություններ, քան ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում, և այստեղ հնարավոր են այս կամ այն ուղղությամբ որոշակի փոփոխություններ»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։