«Չինաստանում քննարկվում է՝ ինչպես կարելի է Հայաստանին ներգրավել «Մետաքսի ճանապարհ» տնտեսական նախագծում». Չժան Գոֆուն
ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը կազմակերպել են բաց դասախոսություն-սեմինար՝ Չինաստանի ժողովրդական համալսարանի պրոֆեսորների մասնակցությամբ:
Առաջին դասախոսությունը «Չինաստանի տնտեսական հրաշք» թեմայով էր, որը ներկայացրեց Չինաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Չժան Գոֆունը՝ մանրամասն պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել Չինաստանի տնտեսական զարգացումը, ինչպես է ՀՆԱ աճով Չինաստանն առաջ անցել մի շարք տնտեսապես զարգացած երկրներից.
«Մասնագետները տարբեր կերպ են բացատրում Չինաստանի «տնտեսական հրաշքը», բայց հիմնական մոտեցումն այն է, որ այն ի հայտ է եկել տարբել ոլորտների համագործակցության արդյունքում: Չինաստանի առաջին ու կարևորագույն քայլն այն է, որ օգտվեց միջազգային հարմար դրությունից ու ներգրավվեց տնտեսական գլոբալացման մեջ, ինչը կարևոր քայլ էր տնտեսության զարգացման համար: Կարևոր էր նաև Չինաստանի կառավարման համակարգը, և թեկուզ ամբողջ աշխարհում քննադատում էին Չինաստանի քաղաքականությունը՝ այն համարելով տոտալիտար, բայց Չինաստանը չէր կարող այլ ճանապարհով գնալ, քանի որ կվերածվեր ԽՍՀՄ-ի:
Հենց Չինաստանի ճիշտ քաղաքականության միջոցով տեղի ունեցավ տնտեսական մեծ զարգացումը: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ տնտեսական բարեփոխումները սկսեցին տեղի ունենալ աստիճանաբար, որի ընթացքում զարգացան ոչ միայն խոշոր քաղաքները, այլ նաև գյուղերն ու շրջանները: Վերջիններիս զարգացումը շատ կարևոր է տնտեսական աճ ապահովելու համար: Չինաստանը նաև կարողացավ օտար ներդրողներին հրապուրել, ու դրա շնորհիվ չինական կապիտալը միանգամից աճ ապահովեց»:
Հնարավո՞ր է արդյոք չինական տնտեսական հրաշքի շարունակություն. ըստ Չինաստանի ազգային համալսարանի պրոֆեսորի՝ վերջին տարիներին Չինաստանում տնտեսության անկում է նկատվում.
«Որոշ տնտեսագետներ կարծում են, որ Չինաստանը հայտնվել է ծուղակում ու կրկնում է Ճապոնիայի սխալները: Այս պահին Չինաստանի տնտեսության մեջ բազում խնդիրներ կան, բայց այն կարող է ստաբիլությունը պահպանել: Ինչպես առաջին 30 տարում Չինաստանի տնտեսական կտրուկ աճն ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց, այնպես էլ հիմա դրա անկումն է աշխարհի ուշադրության կենտրոնում: Չինաստանի տնտեսական զարգացումը նախկինի նման ունի մի շարք հնարավորություններ: Ամենակարևոր գործոնը մարդկային ռեսուրսն է, որը տնտեսության զարգացման կարևոր գործոն է, և որն այս պահին ունի Չինաստանը: Մարդկային ռեսուրսի շնորհիվ՝ կա ներքին մեծ շուկա: Երկրի զարգացման համար կարևոր է նաև այն, որ մարդիկ քրտնաջան աշխատում են, ինչը կշարունակվի նաև առաջիկայում. մարդկային կապիտալն ամենակարևորն է: Չինաստանում բարձր է նաև աշխատավարձը»:
Չ
ինաստանի տնտեսությունը, ըստ պրոֆեսորի՝ կշարունակի զարգանալ, քանի որ նրա խոսքով՝ Չինաստանն ունի ավելի զարգացած ինֆրաստրուկտուրաներ, քան Հնդկաստանը, Բանգլադեշը և այլ երկրներ, Չինաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը. «Չինաստանն ունի նաև հարուստ պահուստային զարգացման ֆոնդ: Համաշխարհային տարբեր ընկերություններ արդեն չեն կառուցում իրենց գործարանները Չինաստանում, ինչից կարելի է ենթադրել, որ Չինաստանն արդեն հետաքրքիր չէ նրանց համար: Բայց Չինաստանում ինովացիոն տեխնոլոգիաները զարգացում են ապրում, ինչը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը: Սա կարելի է համարել Չինաստանի տնտեսական զարգացման հրաշքի երկրորդ փուլ»:
Վերջում նշեց, որ պատճենել Չինաստանի տնտեսական զարգացումը Հայաստանը չի կարող, բայց կարող է ունենալ սեփական տնտեսական զարգացում՝ օգտագործելով որոշ մեթոդներ:
Հարցին՝ Չինաստանն իրականացնում է «Մետաքսի ճանապարհ» տնտեսական նախագիծը, Հայաստանն այդտեղ ներգրավվելու ի՞նչ հնարավորություն ունի, պրոֆեսորն այսպես պատասխանեց.
«Հայաստանն ունի շատ նպաստավոր աշխարհագրական դիրք և գտնվում է «Մետաքսի ճանապարհին», ու չինական կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի տեղն այդ գոտում: Հիմա Չինաստանում քննարկվում է, թե ինչպես կարելի է Հայաստանին ներգրավել այդ նախագծում: Այս օրերին մենք ոչ միայն զեկույցներ ենք անում, այլև լինում ենք տարբեր գործարաններում, ընկերություններում, որից հետո զեկույցներ կուղարկենք մեր իշխանություններին: Մենք գիտենք, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրությունների վրա է կայանում, ու ուզում ենք հասկանալ, թե Հայաստանին ինչն է հետաքրքրում»: